2020 թվականի պետական բյուջեում փոփոխություն է արվում: Այսօր Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախագիծը ներկայացնելիս բացատրեց, որ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում Հայաստանի վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, մարդկանց կյանքի եւ անվտանգության պաշտպանությունը ապահովելու նպատակներով փոփոխություններ են կատարվում՝ հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարն ավելացնելու եւ այլ եղանակներով: Ըստ անհրաժեշտության, ֆինանսավորմանը կարող են ուղղել առեւտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից եւ պետական արժեթղթերի, այդ թվում՝ պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնետոմսերի իրացումից ստացված միջոցները:
Ռազմական գործողությունների ակտիվացումը եւ ռազմական դրությունը պարզ է, որ կունենան բացասական ազդեցություններ տնտեսական ակտիվության վրա: Մասնավորապես, սպասվում է զբաղվածության ժամանակավոր նվազում, մասնավոր հատվածում պահանջարկի կրճատում, ինչպես նաեւ անորոշությունների եւ ռիսկերի աճ: Արդյունքում, 2020թ. սպասվում է 6.8% տնտեսական անկում ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 2% անկման դիմաց: Իսկ անվանական ՀՆԱ-ն կնվազի՝ կազմելով 6170,2 մլրդ դրամ ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 6485 մլրդ դրամի դիմաց: Ռազմական գործողություններով պայմանավորված՝ սպասվում է ընթացիկ ծախսերի աճ՝ մոտ 40 մլրդ դրամի չափով:
Բացի այդ, 2020թ.-ին ապրիլ ամսին, հաշվի առնելով նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19)-ի արագ տարածումը եւ դրա՝ սպասվող տնտեսական եւ հարկաբյուջետային հետեւանքները, 2020 թվականի «Պետական բյուջեի մասին» օրենքում իրականացվել են համապատասխան փոփոխություններ: 2020թ.-ի տնտեսական անկումը, հետեւաբար նաեւ հարկաբյուջետային ցուցանիշների վատթարացումը՝ մասնավորապես հարկային եկամուտների անկումը, պետական բյուջեի պակասուրդի մեծացումը եւ կառավարության պարտքի աճը, կլինեն ավելի մեծ, քան այն ցուցանիշները, որոնք ընկած են ապրիլ ամսին իրականացված օրենսդրական փոփոխությունների հիմքում:
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ բիզնեսից դրական ուղերձներ են ստանում, որ հաշվի առնելով ռազմական դրությունը՝ հարկերը մի բան էլ շուտ տան ու հնարավոր է սրա անհրաժեշտությունը չլինի, սա սովորական ճգնաժամ չի:
Կարդացեք նաև
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանն ասաց, որ կառավարությանը պետք է տալ ճկուն գործիքակազմ, պետք է կողմ քվեարկել, որ ՊՆ-ն որեւէ բանի կարիք չունենա:
Նախագիծը դրվեց քվեարկության եւ միաձայն ընդունվեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ