Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՔԿԾ կամավորական համահավաք վաշտի՝ ռազմաճակատ ճանապարհելու միջոցառումը։
Նախարար Բադասյանը ողջույնի խոսքում նշել է, որ բոլորը գիտեն, թե ինչ մարտահրավեր է նետված Հայաստանի Հանրապետությանը ։ «Մենք գործ ունենք պանթուրքական նոր ծրագրի հետ, գործ ունենք պատերազմական գործողություններում ահաբեկիչ վարձկանների ներգրավման հետ, որոնք դեմ են առել քաջարի հայ զինվորի հաղթական դիմադրությանը: Վստահ եմ նաև, որ բոլորդ գիտակցում եք՝ մեր հայրենիքի ապագան միայն մեր ձեռքերում է, և միայն մենք ենք կարողանալու մեր հայրենիքը պաշտպանել թշնամուց»,- նշել է արդարադատության նախարարը և ընդգծել, որ իր համար մեծ հպարտություն է ղեկավարել մի կառույց, որը բաղկացած է այնպիսի ծառայողներից, որոնք հայ ժողովրդի զինվորներն են, որոնք պատրաստ են իրավակարգի ամրապնդման իրենց գործը ժամանակավոր թողնել և նվիրվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։
Ռուստամ Բադասյանը բոլորին մաղթել է անփորձանք ու հաղթական վերադարձ՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի Հանրապետության և հանուն հայ ազգի:
Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը բարձր է գնահատել համակարգի նվիրյալների՝ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին զինվորագրվելու ցանկությունը և համոզմունք հայտնել, որ բոլորը վերադառնալու են հաղթանակած, և բոլորի անունները ոսկե տառերով են գրվելու Ծառայության պատմության մեջ:
Կարդացեք նաև
«Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն, անկոտրում ոգի և թշնամուն ջախջախիչ հարված հասցնելուց ու վերջնական պարտության մատնելուց հետո՝ անկորուստ վերադարձ մեր շարքերը»,- նշել է Ծառայությանը պետը և ընդգծել, որ հաղթանակը մերն է լինելու:
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Առնակ քահանա Հարությունյանի՝ Տերունական և պաշտպանիչ աղոթքներից հետո քրեակատարողական ծառայողներից կազմված վաշտը ճանապարհվել է ռազմաճակատ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն