«Իրավիճակը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում՝ COVID-19 համաճարակի պայմաններում» զեկույց
Կիրառված սահմանափակումներ և միջազգային ուղեցույցներ
ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը, 2020թ. մարտի 16-ին որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին։
Հիշյալ որոշմամբ սահմանափակումներ են կիրառվել նաև առանձին հաստատություններում, մասնավորապես` քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածներին պահելու վայրերում արգելվել են`
Կարդացեք նաև
1) հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը,
2)տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի),
3) կրոնական ծեսերի կազմակերպումը և դրանց մասնակցելը:
Հիշյալ որոշմամբ սահմանվել է նաև, որ քրեակատարողական հիմնարկներում քրեակատարողական հիմնարկի առաջարկությամբ և պարետի ցուցումով համապատասխանաբար կարող են սահմանափակվել կամ արգելվել`
1) զբոսանքները,
2) քրեակատարողական հիմնարկի տարածքի սահմաններում և դրանից դուրս գտնվելը (այդ թվում` կարճաժամկետ մեկնելը), տարածքի սահմաններում տեղաշարժվելը,
3) պարետի ցուցումով` այլ գործունեություն:
Հիվանդության տարածման տեմպերը հաշվի առնելով, կարելի է հետևություն անել, որ նշված սահմանափակումները ողջամիտ են և իրենց բնույթով կարող են հանդիսանալ հիվանդության տարածման կանխարգելիչ գործոն։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), 2020թ. մարտի 15-ին հրապարակել էր «COVID-19. պատրաստվածությունը, կանխարգելումը և վերահսկումը բանտերում և ազատությունից զրկելու այլ վայրերում» միջանկյալ ուղեցույցը։ Ուղեցույցում ԱՀԿ-ն վերահաստատել է այն սկզբունքները, որոնց պետք է հետևել բանտերում և ազատությունից զրկման այլ վայրերում՝ COVID-19-ին հակազդելիս, մասնավորապես`
Պետությունը պարտավոր է բուժօգնություն տրամադրել բանտերում և ազատությունից զրկման այլ վայրերում գտնվող մարդկանց։
Բանտերում և ազատությունից զրկման այլ վայրերում գտնվող մարդիկ պետք է ստանան բուժօգնության նույն մակարդակը, ինչն առկա է արտաքին համայնքում` բացառելով նրանց իրավական կարգավիճակով պայմանավորված որևէ խտրականություն։
Բանտերի և ազատությունից զրկման այլ վայրերի համար պատասխանատու մարմինները պետք է ապահովեն իրենց կողմից ազատազրկված անձանց մարդու իրավունքների հարգումը, մարդկանց արտաքին աշխարհից չկտրելը, և որ ամենակարևորն է` տեղեկատվության և համարժեք բուժօգնության հասանելիությունը նրանց համար։
Քրեական արդարադատության իրականացման բոլոր փուլերում` ներառյալ մինչդատական, դատական և պատժի նշանակման, ինչպես նաև` պատժի նշանակմանը հաջորդող փուլում անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն դարձնել ազատազրկում չառաջացնող միջոցներ կիրառելու հնարավորությանը։ Ազատազրկում չառաջացնող միջոցները պետք է առաջնահերթ համարել ցածր ռիսկային համարվող և խնամքի պարտականություններ ունեցող ենթադրյալ իրավախախտների և բանտարկյալների պարագայում` նախընտրություն տալով հատկապես հղի կանանց և իրենց կողմից խնամվող երեխաներ ունեցող կանանց համար։
Բանտեր և ազատությունից զրկման այլ վայրեր ընդունվելիս բոլոր անձանց մոտ պետք է ստուգել մարմնի ջերմաստիճանը և ստորին շնչուղիների ախտանշանները՝ հատկապես ուշադրություն դարձնելով վարակիչ հիվանդություններ ունեցող անձանց։ Եթե նրանք ունեն COVID-19-ին համապատասխանող ախտանշաններ կամ նախկինում ունեցել են COVID-19-ի ախտորոշում և շարունակում են ախտանշաններ ունենալ, նրանց պետք է բժշկական մեկուսացման մեջ պահել այնքան ժամանակ, մինչև հնարավոր դառնա լրացուցիչ բժշկական գնահատումը և թեստավորումը։
COVID-19-ի բռնկումը չպետք է օգտագործել որպես արդարացում Բանտարկյալների հետ վարվեցողության Միավորված ազգերի կազմակերպության նվազագույն ստանդարտ կանոններից (Նելսոն Մանդելայի կանոններ) բխող բոլոր հիմնարար երաշխիքների կատարումը սասանելու համար։
COVID-19-ի բռնկումը չպետք է օգտագործել որպես արդարացում` առարկելու համար բանտերի և ազատությունից զրկման այլ վայրերի արտաքին դիտարկմանն անկախ միջազգային կամ ազգային այն մարմինների կողմից, որոնց գործունեությունն ուղղված է խոշտանգման և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի կանխարգելմանը։
2020թ. մարտի 20-ին Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) տարածել էր հայտարարություն, որտեղ մասնավորապես նշված էր`նկատի ունենալով COVID-19-ի հետագա տարածման դեմ պայքարի համար անհրաժեշտ գործողությունների ակնհայտ հրամայականը`ԽԿԿ-ն անհրաժեշտ է համարում հիշեցնել խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի բացարձակ արգելքի մասին: Կանխարգելիչ միջոցները չպետք է հանգեցնեն ազատությունից զրկված անձանց նկատմամբ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի: ԽԿԿ-ի տեսակետով հետևյալ սկզբունքները պետք է կիրառվեն բոլոր մարմինների կողմից, որոնք պատասխանատու են Եվրոպայի խորհրդի տարածքում գտնվող ազատությունից զրկված անձանց համար:
Հայտարարության մեջ նաև նշված էր, որ COVID-19-ի տարածումը կանխելու նպատակով ազատությունից զրկված անձանց նկատմամբ կիրառվող ցանկացած սահմանափակող միջոց պետք է ունենա իրավական հիմք, լինի անհրաժեշտ, համաչափ, հիմնված լինի մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի վրա և կիրառվի սահմանափակ ժամկետով: Հաշվի առնելով, որ անձնական շփումները խթանում են հիվանդության տարածումը`բոլոր համապատասխան մարմինների կողմից պետք է ջանքեր գործադրվեն`կիրառելու ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ։ Այս մոտեցումը պարտադիր է հատկապես գերբնակեցման պայմաններում: Ավելին, պետական մարմինները պետք է առավել շատ կիրառեն ազատությունից զրկման այլընտրանքային միջոցները, այդ թվում`պատժի ժամանակահատվածի կրճատում, պատժից վաղաժամկետ ազատում և փորձաշրջանի կիրառում:
Պետությունները պետք է երաշխավորեն մշտադիտարկում իրականացնող մարմինների մուտքը ազատազրկման բոլոր վայրեր, այդ թվում`կարանտինում գտնվող անձանց համար նախատեսված վայրեր: Միաժամանակ, մշտադիտարկում իրականացնող բոլոր մարմինները պետք է ձեռնարկեն բոլոր նախազգուշական միջոցները՝ պահպանելու համար «չվնասելու» սկզբունքը`հատկապես տարեցների և նախկինում ձեռք բերած հիվանդություններ ունեցող անձանց պարագայում:
Պետք է նշել, որ այս ընթացքում ոչ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (Այսուհետ` Դիտորդական խումբ), և ոչ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների գործունեության նկատմամբ քրեակատարողական հիմնարկների կողմից արտակարգ դրություն հայտարարելու առնչությամբ որևէ խոչընդոտ չի եղել։
Քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր կանխարգելման միջոցները
2020թ. ապրիլի 7-ին ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ նախանշվել են կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը ՔԿՀ-ներ կանխելուն միտված մի շարք միջոցառումներ: Դրանց շրջանակում արգելվել են տեսակցությունները (բացառությամբ տեսազանգի, որպեսզի երաշխավորվեն արտաքին աշխարհի հետ կապը և սահմանափակումը լինի նվազ միջամտող), հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը, կրոնական ծեսերը` հաշվի առնելով վերջիններիս ժամանակ անձանց շփումը:
Ըստ Արդարադատության նախարարության՝ Առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացվել են նաև բազմաբնույթ կանխարգելիչ այլ միջոցառումներ։
Մասնավորապես`
ՔԿՀ բնակելի գոտիներում և վարչական մասնաշենքերում իրականացվել է ախտահանիչ նյութով սանիտարահիգիենիկ մշակում:
Ազատությունից զրկված անձանց շրջանում պարբերաբար անցկացվել են անհրաժեշտ բուժզննման, այդ թվում` ջերմաչափման և արտաքին զննման աշխատանքներ:
Ազատությունից զրկված անձանց տեղաշարժի դեպքում նրանց և նրանց ուղեկցող անձնակազմին տրամադրվել են դիմակներ, ձեռնոցներ:
Ազատությունից զրկված անձանց տրամադրվել են անձնական հիգիենայի պարագաներ:
Քրեակատարողական հիմնարկներում արձանագրված հիվանդության դեպքերը
Դեռևս 2020թ. մարտի 13-ին ՀՀ արդարադատության նախարարության կայքում պաշտոնական պարզաբանում էր տարածվել առ այն, որ քրեակատարողական հիմնարկներում հակահամաճարակային իրավիճակը լիովին վերահսկելի է` COVID-19 կորոնավիրուսային հիվանդության դեպքեր չեն արձանագրվել և այդ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններով հիվանդներ չկան:
2020թ. ապրիլի 2-ին ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի Պահպանության բաժնի 5 աշխատակցի մոտ ախտորոշվել էր COVID-19։ Ինչպես նշված, այնպես էլ բաժնի մյուս աշխատակիցները` թվով 28 անձ, մեկուսացվել են և կատարվել է նմուշառում։ Քրեակատարողական հիմնարկներում շարունակել են անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումների իրականացումը:
ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական տվյալների համաձայն` 2020 թվականի մայիսի 18-ի դրությամբ ընդհանուր առմամբ կորոնավիրուսի թեստավորում է անցել 13 ազատազրկված անձ, որից 5-ը եղել են կալանավորված անձինք, իսկ 8-ը` դատապարտյալներ: Բոլոր թեստավորումների պատասխանները բացասական են: Քրեակատարողական ծառայողների շրջանում կատարվել է 65 թեստավորում, որից 13-ի պատասխանը եղել է դրական, 52-ի պատասխանը` բացասական: Կորոնավիրուսային վարակման դեպքերը արձանագրվել են քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների, ինչպես նաև պահպանության ապահովման ստորաբաժանումներում:
2020թ. հունիսի 6-ին ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն: Անվտանգության նկատառումներից ելնելով` կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվել և թեստավորվել են նաև «Կոշ» ՔԿՀ-ում պահվող բոլոր անձինք. բոլորի պատասխանը եղել է բացասական։
2020թ. հունիսի 16-ի դրությամբ քրեակատարողական ծառայության համակարգի 33 աշխատակցի մոտ հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդություն, որից նշված պահի դրությամբ 19-ն արդեն իսկ ապաքինվել և վերադարձել է իր ծառայողական պարտականությունների կատարմանը:
Դիտորդների խմբի կայքում առկա հրապարակման համաձայն՝ 2020թ. օգոստոսի 17-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց շրջանում իրականացվել է 157 թեստավորում, որից 26-ը՝ կալանավորված, իսկ 130-ը՝ դատապարտյալների շրջանում, արձանագրվել է COVID-19 վարակի 2 դեպք, 2 դեպքում էլ վարակակիրները եղել են կալանավորված անձինք: ՀՀ ԱՆ քրեակատարողական համակարգի աշխատակիցների շրջանում իրականացվել է 347 թեստավորում, որից 71-ի մոտ հայտնաբերվել է COVID-19 վարակ: Առողջացածները եղել են 63 անձ, բուժում ստացողները՝ 8:
Ազատությունից զրկելու հետ չկապված հարկադրանքի միջոցները համավարակի պայմաններում
2020 թվականի մարտի 30-ին Դիտորդների խումբը դիմել էր ՀՀ արդարադատության նախարարություն` պարզելու համար, թե ազատությունից զրկված անձանցից քանի տոկոսն են կազմում 60 տարեկանից բարձր տարիք ունեցող անձինք, ազատությունից զրկված անձանցից քանի տոկոսի մոտ է առկա քրոնիկ հիվանդություն, և 60 տարեկանից բարձր շեմ ունեցող անձանցից քանի տոկոսի մոտ է առկա քրոնիկ հիվանդություն:
Ի պատասխան` ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ ազատությունից զրկված անձանց շրջանում 60 տարեկանից բարձր շեմ ունեցող անձանց թիվը կազմում է 95, որն ազատությունից զրկված անձանց ընդհանուր թվի մոտ 4.2%-ն է։ Քրոնիկ հիվանդություններ առկա են ազատությունից զրկված 255 անձի մոտ, որը կազմում է ազատությունից զրկված անձանց ընդհանուր թվի մոտ 11.3%-ը։ Ազատությունից զրկված անձանց շրջանում 60 տարեկանից բարձր շեմ ունեցող և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց թիվը 32 է, որը կազմում է ազատությունից զրկված անձանց ընդհանուր թվի մոտ 1.4%-ը։
Արդարադատության նախարարությունից հավելյալ տեղեկացրել են նաև, որ քրեակատարողական հիմնարկները ունեն 5346 անձի համար նախատեսված լրակազմ, որում 2020թ. ապրիլի 1-ի դրությամբ պահվել է 2259 անձ: Նախարարության տրամադրած պաշտոնական տվյալների համաձայն` 2020թ. մարտի 16-ից մինչև մարտի 31-ը պատժից ազատվել է 18 դատապարտյալ (1-ը` ծանր հիվանդության հիմքով, 6-ը` պայմանական վաղաժամկետ, 1-ի պատիժը ազատազրկումից փոխարինվել է հանրային աշխատանքով, 10-ը` պատիժը լրիվ կրելով), իսկ կալանքից` 40 անձ: Ապրիլ ամսվա առաջին տասնօրյակում ևս արձանագրվել է ազատումների թվի աճ:
Նախարարությունը միևնույն ժամանակ պարզաբանել է, որ 2020թ. ապրիլի 2-ին ՀՀ արդարադատության նախարարը դիմել է իրավապահ մարմինների ղեկավարներին` Հայաստանում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակում ջանքերը մեկտեղելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ ներկայացնելուց հնարավորինս ձեռնպահ մնալու առաջարկով։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի հայտարարության համաձայն՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով` մինչև 2020թ. ապրիլի 14-ը ներառյալ դատախազների որոշումներով կամ նրանց կողմից դատարան ներկայացված միջնորդությունների արդյունքում քրեակատարողական հիմնարկներից խափանման միջոցների փոփոխմամբ ազատվել է 20 կալանավորված անձ։
Ընդհանրացնելով, կարելի է նշել, որ ընդհանուր առմամբ իրականացված միջոցառումների արդյունքում, Արդարադատության նախարարությանը հաջողվել է խուսափել քրեակատարողական հիմնարկներում համաճարակի բռնկումներից, իսկ կիրառված սահմանափակումները եղել են ողջամիտ և մարդու իրավունքների համատարած խախտումների չեն հանգեցրել։
Հայաստանի Հելսինկյան կոմիտե