Պատերազմի առաջին օրը, երբ ժամանեցի Ստեփանակերտ, ու առաջին անգամ լսեցի օդային տագնապը և տեսա ապաստարանը, ինձ չէր թվում, որ դրանիցից շատ կօգտվեմ։ Բայց արի ու տես, իրավիճակն այլ էր։
Առաջին անգամ ապաստարաններ այցելեցի որպես լրագրող, պարզապես արձանագրեցի, թե ինչ վիճակում են պատսպարվել մարդիկ, զրուցեցի նրանց հետ ու վերջ։ Մտքովս չէր անցնի, որ նույն գիշերը ես կանցկացնեի ապաստարանում։
Գիշերը ժամը 4-ն էր, դուռը ուժեղ ծեծեցին ու սկսեցին իմ անունը կանչել։ Արագ վեր կացա, հավաքեցի իրերս, ու մնացած հյուրերի հետ անցանք ապաստարան, որտեղ արդեն մեզ սպասում էին հարակից տների բնակիչները։ Դա միակ գիշերն էր ապաստարանում, որի ժամանակ չորս լրագրողներով քնեցինք մեկ անկողնու վրա։ Այստեղ պատսպարված մարդիկ բոլոր պայմանները ստեղծել էին, որ մեզ համար թեթև անցնի գիշերը, ու ամենակարևորը՝ չմրսենք։
Դրանից հետո ամեն գիշեր մենք սպասում էինք, որ օդային տագնապ կտրվի, ու մենք ստիպված կլինենք գիշերել ապաստարանում։ Այդ իսկ պատճառով՝ քնելուց առաջ իրերս պատրաստ էին, որ տագնապի դեպքում էլ ավելորդ ժամանակ չծախսեմ։
Կարդացեք նաև
Հաջորդ օրերին արդեն սովորել էինք, հենց լսում էինք օդային տագնապը, միանգամից գտնում էինք մոտակա ապաստարանը։ Չի եղել մի ապաստարան, որ մեզ չհրավիրեն հաց ուտելու, չնեղանան, որ մերժում ենք իրենց առաջարկը, չմտածեն մեր մասին ու վերջում էլ՝ հաղթանակից հետո իրենց տուն չհրավիրեն։ Գրեթե բոլոր ապաստարաններում սեղան կար գցած, իսկ եթե չկար, վայրկյանական աչքերիս առաջ պատրաստում էին, ու հետո նեղանում, որ իրենց հյուրասիրությունից չենք օգտվում։ Իսկ ամենաթեժ պահերին ապաստարանի բնակիչները միացնում են պատարագներ և սկսում են աղոթել։ Նյութերի հերոսներից մեկն էլ, խոստացավ, որ եթե չվերադառնանք, իրենց միրգը մեզ հետ չվերցնենք, դիմելու է միջազգային ատյաններ։
Ամենահուզիչ պահը, երբ ինչ-որ մեկի տղան էր զանգում բանակից, բոլորը մեկ մարդու պես հուզվում էին և մեկ մարդու պես ուրախանում։ Ու զանգից անմիջապես հետո կրկին սպասում էին տղայի հաջորդ զանգին։
Ապաստարանները ամենալավ վիճակում չէին գտնվում, սակայն բնակիչները ամեն ինչ արել էին դրանք հարմարավետ դարձնելու համար։ Իսկ ապաստարանում անցկացրած ժամանակի ընթացքում մտածում էին, թե ինչպես կարելի է ձևափոխել, որ ավելի ամուր և հարմարավետ լինի՝ աստված չանի, հաջորդ անգամ էլի հարվածեն։
Լրագրողների աշխատանքին էլ այստեղ ոչ միայն չէին խոչընդոտում, այլ նաև աջակցում էին։ Մի անգամ չէ, որ Արցախում խնդրել ենք տարբեր վարորդների մեզ տեղից տեղ տեղափոխել, բոլորն առանց մտածելու, նույնիսկ, եթե այլ տեղ էին գնում, մեզ հասցրել են մեր ցանկացած կետը։ Նույնը կարող եմ ասել զինվորականների և ոստիկանների մասին, որոնք ոչ միայն փորձում էին օգնել մեզ՝ հնարավորության սահմաններում, այլ նաև անվտանգության վերաբերյալ խորհուրդներ էին տալիս, որոնք ավելի ապահով էին դարձնում մեր աշխատանքը Արցախում։ Իսկ քաղաքացիները, տեսնելով լրագրողի բեյջը, միանգամից առաջարկում էին իրենց տուն գնալ, հաց ուտել, նոր անցնել աշխատանքի։
Եվ երբ իմանում էին, որ Երևանից ենք գալիս, բնակիչները անպայման իրենց շնորհակալություններն էին փոխանցում․ «Էլի, որ բոլորս հայ ենք։ Բայց նորմալ ժամանակ իրար բաժանում ենք՝ հայաստանցի, ղարաբաղցի, գյումրեցի … Բայց հիմա Երևանում հարազատի պես են ընդունում, չգիտեմ՝ ոնց շնորհակալությունս հայտնեմ, գոնե ձեր թերթում գրեք, որ սիրտս մի քիչ հանգստանա»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ