Առաջնագծի սխրանքներին զուգահեռ թիկունքում գտնվողներն անօրինակ ինքնաբուխ քայլեր են անում՝ օգնելու ռազմաճակատ մեկնած զինվորներին, նրանց ընտանիքներին, մեր հայրենակիցներին:
Հիմնադրամների կազմակերպված դրամահավաքի, դեղ ու սննդամթերքին համընթաց, հուզիչ ձեռնարկներ են անում, որոնց կողքով չես կարող անտարբեր անցնել:
Հոբարձի գյուղից ռազմաճակատ մեկնած այն ընտանիքները, ովքեր չէին հասցրել կատարել կարտոֆիլի բերքահավաքը, գյուղի բնակիչները եւ դպրոցի աշակերտները օգնեցին այդ ընտանիքներին հավաքել կարտոֆիլը։
«Աջակցությունը շարունակական է լինելու»,-տեղեկացրել էր գյուղապետարանը:
Կարդացեք նաև
Երեկ Գագիկ Գինոսյանի մոր հոգեհանգիստն էր Մալաթիայի Սբ. Աստվածամոր եկեղեցում։ Նա խնդրել էր, որ մոր հոգեհանգստի արարողության ժամանակ ծաղկեպսակներ, ծաղիկներ չբերեն՝ փոխարենը նվիրաբերեն գումար, որը կուղղվի մեր վիրավոր զինվորների կարիքներին։
«Ես արդեն որոշակի ժամանակ է՝ գտնվում եմ առաջնագծում, հոգեհանգստին, ցավոք, ինքս ներկա լինել չեմ կարող»,- դստեր միջոցով տեղեկացրել էր նա:
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում պատերազմի օրերին գտնվող գործընկերս՝ Ամի Չիչակյանը հանդիպել էր մի խումբ կամավորների հետ: Նրանք ասել էին՝ անվճար սնունդ են պատրաստում, առաքում քաղաքի բնակիչների, կարիքավորների համար։ Այստեղ անվճար կարող են սնվել բոլորը եւ ցանկության դեպքում կարող են գումար նվիրաբերել։
Մասնագիտությամբ իրավաբան, դասախոս, բանաստեղծ Սոնա Համբարձումյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ երբեւիցե խոհանոցում նման աշխատանք չի կատարել. «Բայց այստեղ մեծ սիրով, մեծ ոգեւորությամբ աշխատում ենք, որպեսզի ե՛ւ թիկունքում, ե՛ւ առաջնագծում ոչ ոք չմնա առանց նյութական սնունդի։ Մեր տղաների ե՛ւ բազկի, ե՛ւ մեր հրետանու ուժը արդեն ապացուցում է, որ այդ հոգեւոր սնունդը իրենք են մեզ տալիս այսօր……Պատերազմի ընթացքում այնքան էլ տրամադրություն չի լինում հաց պատրաստելու, կան տարեց մարդիկ, որոնք դրա կարիքը ունեն, առաքում ենք իրենց՝ իրենց բնակարաններ, իրենց գտնվելու վայրեր, ու նաեւ մեր աշխատող տղաներին, որոնք նաեւ պայքարում են այս սադրանքի դեմ, այս հրահրված պատերազմի դեմ, որպեսզի րոպե առաջ վերջնակետ դնեն այս ամենին»:
Արմավիրի մարզի բակերից մեկում ավտոդողեր էին սկսել հավաքել երեխաները՝ ճակատ ուղարկելու համար: 5-ամյա մի փոքրիկ իր խաղալիք ավտոմեքենայի անիվներն էր տարել ճակատ ուղարկելու համար…
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.10.2020