Լրահոս
Օրվա լրահոսը

Պետպատվե՞ր, թե՞ պետական քաշքշուկ

Հոկտեմբեր 05,2020 13:00

Մի լավ բան է արել առողջապահության նախարարությունը, այս տարի պետպատվերների ուղեգրերը ոչ թե տալիս են հիվանդի ձեռքը, այլ օնլայն տարբերակով են։ Եթե հիվանդության դիագնոզը հուշում է, թե ո՞ր հիվանդանոց պետք է ուղղորդվի հիվանդը, ապա բոլորովին այլ է բժշկական հետազոտությունն անցնելու դեպքում, օրինակ՝ անոթների դոպլեքս հետազոտության պարագայում։

Պոլիկլինիկայում սեպտեմբերի 8-ին ուղեգիրը հատկացնելուց հետո ասացին՝ փնտրեք, թե ո՞ր հիվանդանոցն ունի պետպատվեր, ուր էլ գնաք, կարող են բացել համապատասխան ծրագիրը, գտնել ձեր անունն ու կասեն, թե երբ ներկայանաք։

Թվում է, թե ամեն ինչ արվել է հիվանդի համար։ Սակայն դա առաջին հայացքից, քանզի թոշակառու հիվանդը կամ պետք է հիվանդանոցից- հիվանդանոց վազի, կամ էլ լավագույն դեպքում կախվի հեռախոսից այնքան ժամանակ, մինչեւ օպերատորը կպատասխանի  կամ չի պատասխանի։ 12-15 րոպեն, կարծում եմ,  չափազանց երկար ժամանակ է օպերատորի պատասխանին սպասելու համար։ Պահ է գալիս, որ անկարողությունից մտածում ես, թե ինչո՞ւ են արված այս անհարմարությունները, մի՞թե հատուկ են մտածել… Եթե գոյություն ունի հիվանդի անուն-ազգանունով, հասցեով ու հեռախոսի համարով հայտնի միասնական ցուցակ, որը հասնելի է պետպատվեր ունեցող բոլոր հիվանդանոցներին, ապա ինչո՞ւ նրանք չեն զանգում հիվանդին, իրազեկում, թե այսինչ օրը կարող եք գալ հետազոտվելու:

Չէ՞ որ այս կերպ ավելի խելամիտ, կազմակերպված կլիներ պետպատվերի գործընթացը ու կծառայեր նպատակին։ Անվերջ մտածում էի, որ սա ոչ թե պետպատվեր է, այլ պետական քաշքշուկ։ Բազմաթիվ հիվանդանոցներ զանգահարեցի, պարզվեց՝ մեկը կորոնայով է զբաղված, չի լինի, մյուսը պետպատվեր չուներ, մի երրորդն էլ  նման հետազոտություն չուներ ու այսպես շարունակ: Վերջապես «Աստղիկ» բժշկական կենտրոնից պատասխանեցին, որ ուղեգիրը ստացել են ու ես կարող եմ նոյեմբերին հետազոտվել, ես ըմբոստացա, որ վիճակս հիմա է սրված, որ… Հետո առաջարկեցին հոկտեմբերի 2-ը։ Ես  համաձայնեցի, որովհետեւ անսահման զզվել էի հեռախոսազանգերից, բացի այդ  էլ՝ հայտնի չէր, թե իմ հերթական փնտրտունքին  X  հիվանդանոցում երբ կհաջողվեր օպերատորին  միանալ  կամ  նրանք ինչպես կարձագանքեին։

Ասելիքս այն է, որ լավ բան եք նախաձեռնում, ուրեմն մինչեւ վերջ հասցրեք, ոչ թե կիսատ-պռատ արեք, որ մի տեղ  «գալոչկա» դնեք, թե գործ եք արել:

Մի՛ նվաստացրեք հիվանդ թոշակառուներին։

Գոհար ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031