Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի կատարածը միջազգային հանցագործություն է. պետք է դիմել նաեւ Արդարադատության միջազգային դատարան (ՄԱԿ)»

Հոկտեմբեր 05,2020 14:00

Ասում է ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը

«Այս օրերի ընթացքում մեզ հաջողվեց որոշ իմաստով կոտրել այն միտումը, որը կար պատերազմի առաջին օրը, երբ միջազգային հանրությունը հավասարապես կողմերին կոչ է անում խաղաղության եւ մարտական գործողությունների դադարեցման»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը:

Պատգամավորն ասաց՝ դա կարելի է տեսնել, լսել եւ կարդալ ե՛ւ միջազգային խոշոր կազմակերպությունների, ե՛ւ առանձին պատգամավորների, ե՛ւ բարեկամության խմբերի հայտարարություններում: Նա որպես օրինակ բերեց այն փաստը, որ Լիտվայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի  նախագահը Լիտվայում ՀՀ դեսպանին ցավակցություն է հայտնել Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության զոհերի կապակցությամբ եւ նշել,  որ դա հենց ադրբեջանական ագրեսիայի հետեւանք է:

Այնուհետեւ  Անուշ Բեղլոյանը վստահեցրեց՝ այսպիսի օրինակները բազմաթիվ են եւ նշեց՝ մենք տեսնում ենք նաեւ շատ կարեւոր ուղերձներ երեք նախագահների՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունում, որտեղ հատկանշական է այն փաստը, որ նախագահները կոչ  են արել վերսկսել բանակցություններն առանց նախապայմանների. «Դիվանագիտական դաշտում դա շատ լուրջ առաջխաղացում է եւ շատ մեծ նշանակություն ունի: Թվում է՝ անուններ չեն տրվում, այդ հայտարարության մեջ առանձին երկրներ չեն նշվում, բայց այս առանց նախապայմանների բանակցությունների սկզբի կոչը մեր դիվանագիտական կորպուսի շատ լուրջ հաջողություն է»: Անուշ Բեղլոյանը հավաստիացրեց. «Միտումը գնում է դեպի Ադրբեջանի լայնածավալ քննադատություն, որովհետեւ միջազգային հանրությունը միջազգային լրագրողների օբյեկտիվ տեղեկատվության շնորհիվ տեղեկացված է այն իրադրության մասին, որը կա շփման գծում»:

Խոսելով միջազգային պարտավորություններ չկատարելու հարցում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու մասին հարցի կապակցությամբ՝ պատգամավորը շեշտեց. «Մեր գործն է այստեղ հնարավորինս լայն եւ ճշգրիտ ինֆորմացիա տալ եւ մատնանշել այն խախտումներն ու թերացումները, որոնք  կատարվում են Ադրբեջանի կողմից եւ հնարավորինս հստակ դրա մասին տեղյակ պահել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին»:

ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը կարծում է, որ ՀՀ-ն պետք է նաեւ դիմի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան: «Առավոտի» հետ զրույցում նա պարզաբանեց հիմքերի մասին. «Խոսքը խտրականության բոլոր ձեւերի արգելքի վերաբերյալ կոնվենցիայի խախտումների մասին է, որի շրջանակներում Ադրբեջանը վավերացրել է պայմանագիր եւ  ընդունել ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի իրավազորությունը: Այդ կոնվենցիայի խախտումը նաեւ արտահայտվում է այսօրվա պատերազմական իրավիճակներում, քանի որ Ադրբեջանի ամբողջ քաղաքականությունը միտված է Արցախի տարածքում հայ բնակչության վերացմանը կամ այդ տարածքից դուրսբերմանը: Ե՛վ հռետորաբանության մեջ, ե՛ւ նախկինում՝ պատերազմից առաջ, ե՛ւ այսօր էլ այդ կոնվենցիայի խախտումներ է թույլ տվել, եւ այդ համատեքստում մենք հնարավորություն ունենք դատական գործընթաց սկսելու: Ես որքանով տեղյակ եմ՝ նման քննարկումներ եւ ընթացակարգեր արդեն իսկ կառավարությունում սկսվել են: Բայց թե ինչպիսին կլինի ավարտը, ասել չեմ կարող: Ամեն դեպքում մեր մասնագետները պատրաստ են ամեն ինչով աջակցել»:

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատի խորհրդարանականների արձագանքը Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, Տարոն Սիմոնյանը պատասխանեց. «Այն իրավաբան պատգամավորները, որոնք տիրապետում են խնդրին, դրական կարծիք ունեն»:

Պատգամավորին խնդրեցինք հստակեցնել՝ է՞լ ինչ հիմքերով կարող է Ադրբեջանը պատասխանատվության ենթարկել, նա նշեց. «Մենք շատ հիմքեր ունենք, այդ թվում պատերազմական հանցագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտումները, ինչը ներառում է նաեւ քաղաքացիական բնակչության, քաղաքացիական օբյեկտների թիրախավորումը եւ այլն: Այս բնագավառում խախտումներն անթիվ անսահման են, պարզապես Ադրբեջանը միջազգային դատական ատյաններից միայն իմ նշած կոնվենցիայի շրջանակներում է ընդունել Արդարադատության միջազգային դատարանի իրավազորությունը: Միջազգային քրեական դատարան գնալու համար պետք է Ադրբեջանն ընդունած լիներ քրեական  դատարանի իրավազորությունը, որ կանոնադրությունը ստորագրած լիներ, բայց դա չի արել: Բայց մենք էլի կարող ենք գնալ միջազգային քրեական դատարան, եթե ՄԱԿ-ի  անվտանգության խորհուրդը դիմի միջազգային քրեական դատարանի դատախազին Ադրբեջանի համապատասխան ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցչի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ: Բայց սա ավելի շատ քաղաքական լծակների միջոցով պետք է անել, քանի որ անվտանգության խորհուրդը քաղաքական մարմին է»:

ՄԻԵԴ-ում մեր հնարավորությունների մասին պատգամավորն ասաց. «ՄԻԵԴ-ում մենք այս փուլում ներկայացնում ենք այն բոլոր խախտումները, որոնք տեղի են ունենում, այդ թվում կոնկրետ քաղաքների, գյուղերի վրա քաղաքացիական օբյեկտների եւ բնակչության թիրախավորումը: Ե՛վ ՀՀ-ի, ե՛ւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, ե՛ւ երկրում կառավարության ներկայացուցիչը հավաքում են այդ փաստերը ու ներկայացնում ՄԻԵԴ-ին: Հետագայում ՄԻԵԴ-ը կարող է դատական ակտ ընդունել, որով կդատապարտի այս գործողությունները եւ կհամարի, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան՝ մասնավորապես կյանքի իրավունքը»:

Տարոն Սիմոնյանը հայտարարեց՝ մենք այսօր ունենք բավարար հիմքեր Ադրբեջանի կատարածն անվանելու միջազգային հանցագործություն եւ հիմնավորեց. «Միջազգային հանցագործությունները չորս տեսակի են լինում. ագրեսիան է, որը կատարել է Ադրբեջանը Արցախի եւ արդեն ՀՀ նկատմամբ, պատերազմական հանցագործություններն են՝ թիրախավորումը քաղաքացիական բնակչության, մարդկության դեմ ուղղված հանցագործություններն են, որոնք կոնկրետ ցեղասպանություն կամ մարդկության էթնիկ զտումների քաղաքականություն են իրականացնում կոնկրետ ռասայական խմբի կամ ազգային էթնիկ ներկայացուցիչների նկատմամբ եւ ցեղասպանությունը՝ որպես այդպիսին: Մենք նշում ենք, որ մեր կողմից կատարված գործողությունները հերթական ցեղասպանությունը կանխելու գործողություններ են, եւ եթե մեր հայկական բանակը չլինի, մենք  ականատես կլինենք Արցախում հերթական ցեղասպանությանը: Ադրբեջանի եւ Թուրքիայի գործողություններն այս չորս հանցակազմներն էլ պարունակում են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031