Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մերուժան. «Հայրենիքիս»

Հոկտեմբեր 05,2020 12:00
merujan

Շարքը նվիրվում է Հայոց բանակի քաջարի ռազմիկներին

Ա
Ում էլ որ կանչեմ՝ առաջինը քո անունն եմ տալու,

Ինչ էլ որ տեսնեմ՝ երազս քեզնով պիտի կատարվի,

Ես կարոտ ունեմ եւ հեռուներ եմ շուտով երթալու,

Սակայն չեմ ուզում, որ իմ հոգուց քո լույսը օտարվի:

Բ

Երկիր, բյուր խաբված քո զավակներից եւ օտարներից,

Շահասերներից կեղեքված, լքված, մերկ ու մենավոր,

Դու՝ հավերժորեն գեղեցիկ, սակայն երբեք մեղավոր,

Դու՝ սգավոր մայր, աղերսում եմ քեզ, մի օտարիր ինձ:


vvv

Պատերազմի դաշտում՝ գանգե՛ր, գանգե՛ր, գանգե՛ր,

Պատերազմի դաշտում՝ հազար ու բյուր դիակ,

Ես կոչված եմ այսօր, որ ձեզ ահազանգեմ՝

Մի՛ սպանեք իրար:

Պատերազմից հետո՝ վերքե՛ր, վերքե՛ր, վերքե՛ր,

Պատերազմից հետո՝ արցունք մոր եւ մանկան,

Ես ուզում եմ նրանց հիշատակը խնկել,

Ովքեր անհույս ընկան:

Ես ասում եմ՝ մարդի՛կ, ապրեք առանց դավի,

Ես ասում եմ՝ մարդի՛կ, ցասումը չի ներվում,

Կյանքը մի՛ վերածեք մահվան քարանձավի,

Դեռ արեւ կա հեռվում…

vvv

Եվ Պարթենոնից մինչեւ տաճարը հեթանոս Գառնու

Կառուցել ենք մենք եւ հանդեսների եղել մասնակից,

Հիմա լքում ենք տաճարները մեր, ցանուցիր դառնում

Եվ անհետանում գործող ազգերի բեմահարթակից:

Ո՞ւր ենք հեռանում՝ ամոթին թողած մեր խիղճը ցավոտ

Եվ մեր ցավերը, որ ապաքինվեն պիտի մեր ձեռամբ,

Մեզ չի վայելում ցեղերի նման այն վաղանցավոր՝

Թափառել, մուրալ եւ անարգների բախտին մերձենալ…

ՀՈՐՍ

Ձեռքդ գլխիս դիր եւ օրհնի՜ր, որ ես

Բարին արարեմ, խափանեմ չարը:

Ձեռքդ գլխիս դիր եւ օրհնի՜ր, որ ես

Իմ մեջ որոնեմ վշտիս պատճառը:

Ձեռքդ գլխիս դիր եւ օրհնի՜ր, որ ես

Սիրեմ ավելի, քան ինձ են սիրում:

Ձեռքդ գլխիս դիր եւ օրհնի՜ր, որ ես

Լույս աշխարհ բերեմ հրաշալի սերունդ:

Ձեռքդ գլխիս դիր եւ օրհնի՜ր, որ ես

Ծառայեմ Աստծուն, Մայր հողին եւ քեզ…

ԱՅԳԱԲԱՑ

Ա

Նորից գարուն է,- նորածինների խոսքն է կանաչում,

Դեպի երկինք է ձգվում գոլորշին արթնացող հողի,

Սեւ հեռուներում շեկ մտրուկներն են ազատ վրնջում,

Եվ տարածվում է չմարող փառքը  ԼՈՒՅՍ ԱՐԱՐՈՂԻ:

Բ

Ամռան թեւերին թեթեւ երգում է հովն Արարատյան,

Թթենու կանաչ ստվերն է խաղում իմ տան կտուրին,

Հիմա թռչուններն իրենց հեքիաթն են հյուսում վաղորդյան,

Տե՜ր, խորհրդավոր խոսք արարելու հնարանք տուր ինձ:

ՀԱՅԱՍՏԱՆ

Բաց երկնքի տակ սրտաբաց երկիր,

Դու՝ աղոթարար վանքերով շքեղ,

Թեւավոր խաչով, գրով քարագիր,

Ո՞վ կարող է քեզ քո փառքից զրկել:

Անվկանդ զինվոր հանուն հավատի,

Ասպատակի դեմ հավերժ մաքառող,

Առանց վահանի ու սաղավարտի՝

Ապավեն բազկիդ ամենակարող:

Քայլիր հաղթական դեպի հաղթանակ,

Նվաճիր բազում բարձունք ու արգելք,

Միշտ առաջնորդիր քաջատոհմ բանակ

Եվ հաղթանակը համարիր պարգեւ:

vvv

Հայրենիքը իր կնիքը քո ճակատին դրած՝

Հիշեցնում է, որ դու ունես հող, անուն եւ պատիվ,

Հիշեցնում է նախնիներին քո տանջանքներ կրած

Եվ հորդորում, որ դու նույնպես կրես ցավ ու պատիժ:

Եվ հատուցում չի խոստանում հանց ծնողը որդուն,

Այլ պահանջում է ծառայել հպատակի ուխտով,

Անշահասեր ապրել կյանքում եւ հոգին մշտարթուն

Պահել՝ ընդդեմ ոսոխների նպատակի պղտոր:

Հանուն հողի հոժարակամ կրել խաչ ու խարան,

Եվ մաքառման ճամփան անցնել հպարտ ու հաղթական,

Երթալ արյունը աչքերում դեպի կառափնարան,

Մեռնել՝ հիշատակի մասին չխորհելով անգամ:

vvv

Անծայրածիր դաշտեր՝ մառախուղում թաղված,

Եվ քաղաքներ՝ ծածկված պաղ մշուշի շերտով,

Մտամոլոր գյուղեր՝ ցավով մթնշաղված,

Փետրվարյան մութի լռությունը շեշտող:

Եվ այս համատարած խավարի մեջ հանկարծ

Ծխնելույզի ծուխն է կայծոռիկներ թողնում,

Խրճիթներն են ջանում բարի երազ ցանկալ

Նրան, ով ննջում է փափուկ իր անկողնում:

Սակայն քաղաքներից ու գյուղերից անդին,

Եղեւնիներ հագած անտառներից հեռու,

Գնացքներ են սուրում, շղթայակապ մարդիկ

Նահատակի ուխտով՝ մեկնում են մեռնելու…

vvv

Ցնծա՜, հայրենիք, զի լուսավոր է առավոտը քո,

Եվ երկնային է բուրմունքը հողի քո ժողովրդյան,

Սուրբ են զոհերը, որ պսակեցին անունդ փառքով,

Եվ զինվորները՝ քո ոգորումի աննահանջ երդվյալ:

Հայրենի՜ք, միակ խարիսխ փրկության ու վեմ հավատի,

Որ հորդորում ես արյան բնազդի խորհուրդը խորհել,

Փա՜ռք նրան, ով քո վերելքի ճամփին երթը կավարտի,

Ում կցանկանաս հպարտ մեռնելու պատիվ շնորհել:

vvv

– Ովքե՞ր գնացին: Եվ ովքե՞ր եկան:

– Ովքե՞ր թողեցին: Ովքե՞ր են տիրում:

– Ի՞նչ խորհրդավոր խոհ ու նվիրում:

– Ի՞նչ մեռած անցյալ: Ի՞նչ ապրող ներկա…

Արածիդ համար՝ չկա հատուցում,

Չարածիդ համար՝ չկա դատաստան,

Կյանքդ նման է ծուխը հատած տան,

Հոգիդ շնչելու չունի հատկություն:

Քո բյուր հարցերին մի չար պատասխան

Պիտի հետեւի՝ իբրեւ հետին խոհ,

Փակիր աչքերդ ցավի հեգնանքով

Եվ կորուստներդ մի հիշիր անգամ:

«Առավոտ» օրաթերթ
03.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031