Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղ, ադրբեջանական նավթն ու Հայաստանի հետ պատմական հարաբերությունները. Հարավային Կովկասում հակամարտության մեջ իտալական շահերը

Հոկտեմբեր 04,2020 22:48

Իտալական Il Fatto Quotidiano պարբերականում ԼՂ հակամարտության գոտում իրադրության վերաբերյալ հրապարակված հոդվածի հայերեն թարգմանությունը

Տնտեսությունն ու պատմությունը բախվում են այն պահին, երբ մեր պետությունը պետք է որոշում կայացնի, թե հետխորհրդային երկու երկրներից ում կողմից պետք է լինի: Մի կողմից՝ Բաքվի, որը Հռոմի էներգետիկ ռեսուրսների ամենամեծ մատակարարն է, մյուս կողմից՝ Երևանի, ում հետ ամուր են մեր մշակութային կապերը, իսկ երկրում (Հայաստանում) իտալական ընկերությունների ներկայությունը գնալով աճում է:

Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում նոր բախումներն առնչվում են նաև Իտալիայի շահերին: Բաքուն Հռոմի համար նավթի ամենամեծ մատակարարն է՝ առանձնահատկություն, որն աներկբայորեն կազդի Հարավային Կովկասի հակամարտության վերսկսումից հետո Իտալիայի դիրքորոշման վրա: Նժարի վրա տնտեսական շահերն են, որոնք կարող են գերակայել Իտալիայի և Հայաստանի միջև մշակութային և պատմական ավանդական հարաբերությունների նկատմամբ, չնայած որ երկրում (Հայաստանում) իտալական ընկերությունների տեսակարար կշիռը գնալով աճում է:

Տնտեսությունն ու պատմությունը բախվում են այն պահին, երբ մեր երկիրը պետք է ինչ-որ ձևով ի ցույց դնի, թե վիճարկվող Լեռնային Ղարաբաղի համար ուժգնացող հակամարտության մեջ ներգրավված հետխորհրդային երկու երկրներից ում կողմից պետք է լինել: Առայժմ տարբեր ժամանակների մեր կառավարությունների արտաքին հարաբերությունների ռազմավարության մեջ Իտալիան հստակ դիրքորոշում չի արտահայտել՝ միանալով Եվրոպայի ձայնին, որ հույս է հայտնում ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական լուծման:

Էներգետիկ տեսանկյունից ոչ ինքնաբավ Իտալիայի համար դժվար է քննադատել կիրակի առավոտ միջազգայնորեն չճանաչված Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան: «Իտալիան Ադրբեջանի համար ռազմավարական երկիր է և ունի հակամարտության վերաբերյալ ինստիտուցիոնալ հիշողություն: Մասնավորապես, ունի կենսական շահեր իր տնտեսության համար»,- հաստատում է Իտալիայում Ադրբեջանի դեսպան Մամմադ Ահմադզադան՝ ավելացնելով ռազմավարական մի շատ կարևոր տարր. «Պատահական չէ, որ Հայաստանը սկսել է իր ռազմական գործողությունները հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին Թովուզի ուղղությամբ, որտեղ էներգետիկ ենթակառուցվածքներ կան, Միջերկրական գազային միջանցքի գործարկումից մի քանի ամիս առաջ: Երևանը հետապնդում է հստակ նպատակ՝ խոչընդոտել Եվրոպայի, և մասնավորապես՝ Իտալիայի համար այդքան կարևոր էներգետիկ ծրագրերին»:

Չպետք է նաև մոռանալ որոշիչ նշանակություն ունեցող մի փաստ. քաղաքական և աշխարհագրական առումով Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, բայց հակամարտության առաջին փուլի ավարտից հետո՝ 1994թ-ից, հայերով բնակեցված այդ հողում հիմնվել է Արցախի Հանրապետությունը: Այսպիսով, կիրակի օրվա հարձակումը Բաքվի ձեռագիրն է, որը, ըստ հակառակ կողմի, ռմբակոծում է նաև քաղաքացիական բնակավայրերը:

Կովկասը մնում է տնտեսական մեծ հետաքրքրությունների տարածաշրջան և աշխարհի ամենամեծ հակամարտությունը պետք է ուսումնասիրել՝ փորձելով հարգել տարածաշրջանային մեծ ուժերի սահմանափակումները և ուժերի հարաբերակցությունը. մի կողմից Թուրքիան է, որ Բաքվին լիակատար աջակցություն է ցուցաբերում, չհաշված մեկ դար առաջ Հայոց ցեղասպանության հետ կապված հարցերը, իսկ մյուս կողմից Երևանի հետ մոտ Ռուսաստանն է:

Կասպից և Սև ծովերի արանքում գտնվող տարածքով հոսում է Եվրոպայի էներգետիկ գոյատևման միակ միջոցը՝ նավթը և գազը: TAP-ը Պուլիայի միջոցով Ադրբեջանից գալիս է Իտալիա՝ ընդհուպ մինչև Միջերկրական գազային միջանցք։ Պետք չէ մոռանալ նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որից դուրս է մղվել քրիստոնյա Հայաստանը՝ մի երկիր, որը Բաքվին և Անկարային դուր չի գալիս:

Եթե նկատի առնենք այս հանգամանքները, ապա Իտալիան՝ հանուն երկրի բարեկեցության, կարող է նախագահ Ալիևի հետ լավ հարաբերություններ ունենալ: Բայց ինչպե՞ս մոռանալ Հայաստանի հետ գերազանց կապերը, որոնք ժամանակի ընթացքում անհետանում են: Իտալիայում ադրբեջանական համայնքը մեծաթիվ չէ: Այլ է հայկական համայնքը, որի առկայությունը 1915թ․ Ցեղասպանության հետևանք է: Չենք խոսում նաև հայկական հետքի մասին. «Իտալական շատ քաղաքներ ունեն հայ պահապան սրբեր, ինչպես Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Սուրբ Վլասը, Սուրբ Մինասը և այլն,- նշում է Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը,- ճանապարհորդելով Իտալիայում հյուսիսից հարավ կարելի է գտնել մեր ժողովուրդների վաղեմի բարեկամության անթիվ վկայություններ: Կբավարարվեմ միայն նշելով, որ հայոց լեզվով առաջին տպագիր գիրքը հրատարակվել է 1512թ.-ին Իտալիայում: Մեր ժողովուրդներին միացնող կապերն այնքան ամուր և խորն են, որ ԽՍՀՄ-ից Հայաստանի անկախությունից հետո առանձնակի ջանք չպահանջվեց միջպետական հարաբերությունների հաստատման համար: Գնահատում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Իտալիայի հավասարակշռված կեցվածքը՝ հույս ունենալով, որ այն կմնա ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումների շրջանակում (ԼՂ հակամարտության համար ԵԱՀԿ կողմից 1992թ. ստեղծված հարթակ)»:

Պատմություն և ոչ միայն: Ինչպես երևում է, Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունները հիմնվում են նաև տնտեսական շահերի, չնայած ոչ դրանք համեմատելի չեն Ադրբեջանի հետ ունեցած էներգետիկ հարաբերությունների ծավալի հետ: «Ներկայումս Հայաստանում իտալական կապիտալով գործում են ավելի քան 170 ընկերություններ»,- ավելացնում է Իտալիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը։ «Մեր երկրում աճում է իտալացի ձեռնարկատերերի հետաքրքրությունը, վերջին շրջանում ներդրումներ են կատարվում թեթև արդյունաբերության, կերամիկայի, էներգետիկայի ոլորտներում: Վերջին երկու տարում ապրանքաշրջանառությունն աճել է մոտ 50%-ով: Ցավոք, կորոնավիրուսի համավարակի պատճառով ընթացիկ տարվա առաջին կիսամյակում երկկողմ ապրանքաշրջանառությունը 21%-ով նվազում է գրանցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031