Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լրատվամիջոցներին ասաց. «Այսօր Ադրբեջանի զինված ուժերը որեւէ նշանակալի մարտավարական գործողություն չեն կարողացել իրականացնել: Կրելով կորուստներ՝ հետ են շպրտվել նաեւ այն պատճառով, որ թուրքական զինված ուժերի ամենագործուն միջամտությունը որոշակիորեն չեզոքացվել էր շնորհիվ մեր հակաօդային եւ այլ ստորաբաժանումների գործողությունների: Կորուստներն այնպիսին են, որ թուրքական ԱԹՍ-ները չեն կարողացել աշխատել: Եվ դրա համար այսօր կորուստներն ավելի շատ են եղել, առաջխաղացումները՝ ավելի չնչին, փախուստը՝ ավելի շատ, դրա համար հորինված քաղաքների գրավման թվիթներ ենք մենք տեսնում սոցիալական ցանցում»:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ պարոն Հովհաննիսյանն ասաց. «Ես այսօր էլ եմ եղել ռազմաճակատում, երեկ չէ առաջին օրն էլ: Մեր զորքի մարտական ոգին չափազանց բարձր է, մանավանդ՝ ժամկետային զինծառայողներինը, երիտասարդ սպաներինը: Լեյտենանտներ, ավագ լեյտենանտներ, կապիտաններ… ուղղակի աչքերը փայլում են իրենց գործողություններից, իրենց ցուցաբերած քաջությունից ու հերոսություններից: Այսօր ծանոթացել եմ մի հրետանավոր սպայի հետ, որի հերոսությանը մենք դեռ կանդրադառնանք, թե ինչպես է հակառակորդի ինտենսիվ կրակի տակ վիրավորված՝ մարտը վարել մինչեւ վերջին արկը ու մինչեւ չի հասել դիմացի մարտկոցների ոչնչացմանը, մարտի դաշտից դուրս չի եկել: Էսպիսի օրինակները բազում են, որոնց մենք հետագայում կանդրադառնանք:
Հայաստանի սահմաններին հարաբերական հանգիստ է, ակտիվ մարտական գործողություններ չկան, զինված ուժերը հետեւում են հակառակորդի բոլոր գործողություններին, բոլոր վերախմբավորումներին, հետախուզական նկրտումներին եւ լիովին տիրապետում են իրավիճակին:
Ես մեկ անգամ չեմ անդրադարձել, որ փաստացի Ադրբեջանի ԶՈՒ կառավարումը եթե ոչ ամբողջովին, գոնե զորատեսակների մասով հանձնված է Թուրքիայի զինված ուժերին եւ իրենց փոխայցելությունները, քննարկումները մեր համար որեւէ նորություն չեն պարունակում: Եվ Արցախի զինված ուժերը փաստացի կռվում է թուրք-ադրբեջանական զիված ուժերի եւ միասնության դեմ:
Կարդացեք նաև
Չեմ կարծում, որ Երեւանը վտանգված է, բայց այնուամենայնիվ մենք պատերազմում ենք գտնվում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ