Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Կուզենայի նաեւ մի բան ներկայացնել, որ այսօր պատմական Գանձակի օդանավակայանին հասցված հարվածից հետո մենք պարզ տեսանք, թե Ալիեւը ինչ մակարդակի թքած ունի սեփական քաղաքացիների վրա: Բացարձակ ոչ մի աշխատանք չի կատարվել: Պատերազմ է, մեկ շաբաթ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, բայց Ալիեւը որեւէ քայլ չի ձեռնարկել բավականին մեծ քաղաքի քաղաքացիական պաշտպանությունը կազմակերպելու եւ բնակչության անվտանգությունը ապահովելու տեսանկյունից: Եվ դա այն դեպքում, երբ Ադրբեջանի զինված ուժերը, հստակ տիրապետելով, որ իրենց իսկ արդեն մեկ շաբաթ տեւող հարվածներից հետո, որոնք ուղղված էին Արցախի խաղաղ բնակչությանը, քաղաքներին, բնակավայրերին, քաղաքացիական ենթակառուցվածքներին, այսքանից հետո շատ լավ իմանալով, որ Արցախի զինված ուժերը կարող են պատասխան հարված հասցնել ռազմավարական նշանակության, հատուկ շեշտում եմ՝ ռազմական նշանակետերին, ինչի կապակցությամբ Արցախի նախագահը առավոտյան նախազգուշացնող հայտարարություն արեց, եւ որից հետո հետեւեց կործանիչ հարվածը, որեւէ քայլ չեն կատարել սեփական ժողովրդի անվտանգությունը որեւէ կերպ ապահովելու համար: Այս ամենը շատ խոսուն է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ