Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային կառույցների և արտասահմանցի մեր բոլոր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում Ադրբեջանի կողմից լրագրողների դեմ ուղղված ոտնձգությունների վրա․ հայտարարություն

Հոկտեմբեր 04,2020 21:17

Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում ահագնացել են պատերազմական գործողությունները։ Դրա հետ կապված ծայրահեղ բարդացել է հակամարտությունը լուսաբանող հայ և օտարերկրյա լրագրողների աշխատանքը։ Ինտենսիվ հրթիռակոծության ենթարկելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Ադրբեջանը կոպտորեն խախտում է Ժնևյան կոնվենցիայով նախատեսված հումանիտար նորմերը։ Կրակի թիրախ են դառնում ոչ միայն քաղաքների ու գյուղերի բնակիչները, այլ նաև այդտեղ իրենց մասնագիտական պարտականությունները կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչները։

Այդ մարդատյաց գործողությունների հետևանքով հոկտեմբերի 1-ին վիրավորվել են երկու արտասահմանցի և երկու հայ լրագրողներ, ինչի կապակցությամբ մենք արդեն արտահայտել ենք մեր վրդովմունքը։ Հաջորդ օրը ադրբեջանական անօդաչու թռչող սարքի հետապնդումից հրաշքով են փրկվել ավտոբուսով տեղափոխվող մի խումբ լրագրողներ։ Այսօր էլ Ստեփանակերտում գրանցվել են լրագրողների կյանքին և առողջությանը սպառնացող դեպքեր:

ԶԼՄ-ների ներկայացուցիչներին թիրախավորելու փաստերը հոկտեմբերի 2-ին տարօրինակ կերպով փորձեց հիմնավորել Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը։ Ըստ նրա՝ արտասահմանցի բոլոր լրագրողներն ապօրինի են գտնվում Լեռնային Ղարաբաղում, քանի որ թույլտվություն չեն ստացել ադրբեջանական կառավարությունից, հետևաբար Բաքուն պատասխանատվություն չի կրում նրանց անվտանգության համար։

Սա ոչ այլ ինչ է, քան լրագրողներին հասցեագրված անուղղակի սպառնալիք, որն իրականում ուղղորդվում է նրանց նկատմամբ կիրառվող մարտական գործողություններով։ Փաստորեն Ադրբեջանը, փոքր բացառությամբ, չի հավատարմագրում հակամարտությունը լուսաբանել ցանկացող օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներին և ամեն կերպ փորձում է խոչընդոտել նրանց աշխատանքը հայկական կողմում՝ կյանքի ու առողջության համար սպառնալիքներ ստեղծելով։ Սրանով խախտվում է նաև ռազմական դրության պայմաններում տեղեկատվություն ստանալու հանրության իրավունքը։

Հաշվի առնելով այս իրավիճակը, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, միջազգային կառույցների և արտասահմանցի մեր բոլոր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում Ադրբեջանի կողմից լրագրողների դեմ ուղղված ոտնձգությունների վրա և կոչ ենք անում բողոքի ձայն բարձրացնել և գործնական քայլեր ձեռնարկել այդ գործողություններին հակազդելու համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031