Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ« օրաթերթում տպագրված խմբագրականում ակնարկներ եղան Արցախի հարցի շուրջ Թուրքիայի հետ հնարավոր բանակցություններ վարելու մասին: «Բանակցային ֆորմատը փոխելու ժամանակը» վերնագրով հոդվածում հեղինակը՝ քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը նշում էր, որ Հայաստանն այժմ Թուրքիայի հետ է կռվում եւ հարցադրում անում՝ ինչո՞ւ պետք է Հայաստանը պատերազմի Թուրքիայի դեմ, բայց բանակցությունների նստի Ադրբեջանի հետ: Հայաստանյան քաղաքական շրջանակներից մեկնաբանություններ հնչեցին այն մասին, որ այս հոդվածի հրապարակումը պատահական չէ:
«Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Հայրապետյանի համոզմամբ՝ նմանօրինակ տեսակետները չափազանցված են: «Ամեն լրագրող եւ վերլուծաբան կարող է որեւէ միտք արտահայտել եւ դա վերագրել տարբեր գործընթացների, մինչդեռ մենք հրապարակային ասել ենք, թե ինչ ենք քննարկում, ասել ենք, թե որոնք են մեր հնարավոր քայլերն Արցախի առնչությամբ»,-Aravot.am-ի հետ զրույցում ընդգծում է նա:
Տաթեւիկ Հայրապետյանը հիշեցնում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս շեշտել է, որ Թուրքիան պետք է բացառվի այդ գործընթացից, եւ միջազգային հանրության կոչերն էլ հենց դրան են ուղղված: Ուստի կարծում եմ՝ ենթադրություններն ու եզրակացությունները հենց դրա հիման վրա պետք է անել՝ անկախ նրանից, թե որտեղ են հոդվածներ տպագրվում»:
Դառնալով Թուրքիայի գործելաոճին, որով վերջինս սատարում եւ օժանդակում է Ադրբեջանի՝ սեպտեմբերի 27-ից սանձազերծած պատերազմին, մեր զրուցակիցը նկատեց. «Մեր խնդիրն է՝ Թուրքիային ընդհանրապես բացառել Արցախի հետ առնչվող բոլոր գործընթացներից, իսկ հնարավորության դեպքում՝ առհասարակ դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի խմբից: Թուրքիայի հետ կապված այլ ներգրավվածություն եւ խոսակցություն լինել չի կարող: Թուրքիան ապակայունացնող գործոն է տարածաշրջանում, եւ պետք է հեռու մնա թե տարածաշրջանից, թե Արցախի խնդրից»:
Կարդացեք նաև
Հարցին ի պատասխան, թե պատերազմական իրավիճակում ռազմաքաղաքական մակարդակում Ադրբեջանի իշխանությանը եւ զինված ուժերին սատարելը հաշվի առնելով՝ ի՞նչ ուղերձ պետք է հղի հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, Տաթեւիկ Հայրապետյանն ասաց. «Մենք հստակ ցույց ենք տալիս, որ Թուրքիան իր միջամտությամբ ավելի է ապակայունացնում իրավիճակը, աջակցում ագրեսիային, հումանիտար աղետի հանգեցնող գործողություններին, խաղաղ բնակչության թիրախավորմանը՝ դրանով նաեւ ցույց տալով, որ պետք է հստակ մեթոդներ ձեռնարկվեն՝ բացառելու համար Թուրքիային բոլոր տեսակի գործընթացներից, որովհետեւ վերջինս վտանգում է ոչ միայն Արցախի խաղաղ բնակչության կյանքը, այլեւ տարածաշրջանային անվտանգությունը: Թուրքիան այն երկիրն է, որը խաղաղ բնակիչների դեմ ահաբեկիչներ է բերել: Դրանով ցույց է տալիս, թե որքան սարսափելի խաղ է սկսել: Պետք է օր առաջ ճնում գործադրել՝ դա կասեցնելու համար, այլապես հետեւանքն աղետալի է լինելու ողջ տարածաշրջանի համար»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ