Հայկական սպորտին բազում հաղթանակներ պարգեւած մարզիկները նենգ թշնամու դեմ պատերազմում են Արցախյան ռազմաճակատում ու, ցավոք, նրանց շարքերում զոհեր էլ են գրանցվում: Այս անգամ նահատակվել է ուժային եռամարտիկ (պաուերլիֆթինգ) Թաթուլ Հարությունյանը:
Հայաստանի պաուերլիֆթինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ Թաթուլ Հարությունյանը արցախցի էր եւ բնակվում էր Ստեփանակերտում: «Նա մշտապես գալիս եւ 83 կգ քաշային կարգում հաջող մասնակցում էր Հայաստանի առաջնություններին: Թաթուլը Հայաստանի հավաքականի անդամ էր, Հայաստանի բազմակի չեմպիոն: Նա երկու անգամ հաղթել էր նաեւ Եվրոպայի առաջնությունում, աշխարհի առաջնությունում նվաճել արծաթե մեդալ:
Այսօր պաուերլիֆթինգի ֆեդերացիայի շուրջ 30 մարզիկներ եւ մարզիչներ առաջնագծում են: Վստահ եմ, նրանք պատվով են կատարում իրենց պարտքը, որովհետեւ մարզիկներն ընդհանրապես առանձնանում են մարտունակությամբ, հաղթելու համար մինչեւ վերջ պայքարելու կամքով»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ