Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը շարունակում է խաղաղ բնակչության նկատմամբ կիրառել արգելված զինատեսակներ․ ՄԻՊ

Հոկտեմբեր 04,2020 14:40

Մարդու իրավունքների պաշտպանի երկրորդ ուսումնասիրությունը

 Սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի կողմից արգելված կասետային զինատեսակների շարունակաբար օգտագործմամբ թիրախային հարվածներ են հասցվում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակչության ուղղությամբ։

Սեպտեմբերի 27-28-ին, հոկտեմբերի 2-4-ը Ադրբեջանի կողմից LAR-160 և «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ հրթիռներ է կիրառել Հադրութ քաղաքի, մայրաքաղաք Ստեփանակերտի և մայրաքաղաքին մոտ գտնվող Շոշ գյուղի ուղղությամբ։

Խիտ բնակեցված բնակավայրերի դեմ կասետային զինամթերքի բազմակի օգտագործումը միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև Ադրբեջանի միջազգային մարդու իրավունքների, այդ թվում՝ կյանքի և առողջության իրավունքի, դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի և սեփականության իրավունքին վերաբերող պոզիտիվ պարտավորությունների կոպիտ խախտում է, չնայած Ադրբեջանը Կասետային զինատեսակների վերաբերյալ 2008 թվականի կոնվենցիայի մասնակից չէ:

Ցանկացած պարագայում է արգելված կասետային զինատեսակներ օգտագործելը, երբ այդպիսի օգտագործման հետևանքները չեն կարող սահմանափակվել այնպես, ինչպես պահանջվում է միջազգային մարդասիրական իրավունքով, այն է՝ երբ հնարավոր չէ ապահովել ռազմական թիրախների տարբերակում:

Սկզբունքը, որ պետությունները չպետք է երբեք օգտագործեն զինատեսակներ, որոնք հնարավորություն չեն տալիս տարբերակել քաղաքացիական և ռազմական թիրախները, ոչ միայն ամրագրված է 1949 թվականի Ժնևյան կոնվենցիաների 1-ին արձանագրությամբ (և լրացուցիչ ներառված է ոչ անդամ երկրների օրենսդրության մեջ), այլ նաև Արդարադատության միջազգային դատարանը դա ճանաչել է՝ որպես միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունք: Այս սկզբունքները բխում են մարդասիրության տարրական նկատառումներից և հանրային խղճի թելադրանքից, որոնք պարտադիր են բոլոր պետությունների համար զինված հակամարտության յուրաքանչյուր իրավիճակում:

Նշված կասետային զինատեսակները բնույթով այնպիսին են, որ անխուսափելիորեն նրանց անհնար է դառնում ապահովել անհրաժեշտ տարբերակումը ռազմական և քաղաքացիական թիրախների միջև, երբ դրանք օգտագործվում են քաղաքացիական և քաղաքացիական օբյեկտների հարևանությամբ, առավել ևս երբ դրանք օգտագործվում են խիտ բնակեցված բնակավայրերում: Ինչպես հոկտեմբերի 4-ին տեղեկացրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը (Օմբուդսման), քաղաքացիական բնակավայրերը եղել են թիրախավորված LAR-160 և կասետային մարտագլխիկներով «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ հրթիռներով: Ըստ նրա «Արցախի բնակչության նկատմամբ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ» 2020 թվականի սեպտեմբերի հրապարակային միջանկյալ զեկույցի՝ մեծ է ռիսկը, որ քաղաքացիական բնակչությունը դեռևս շատ երկար ժամանակ սպառնալիքի տակ կլինի՝ հաշվի առնելով կիրառվող զենքի չափը, ծավալը և տեսակը:

Հետևաբար, Ադրբեջանի կողմից LAR-160 և «Սմերչ» կասետային հրթիռային համակարգերի օգտագործմամբ պարբերաբար տեղի են ունենում միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ՝ մարդու իրավունքների ոլորտի պարտավորությունների բացահայտ անտեսմամբ:

Ավելին, ակնհայտ է, որ կասետային զինատեսակների բազմակի օգտագործումը, էթնիկական զտման քաղաքականության մի մասն են, քանի որ այդպիսի կիրառումը հստակ ցույց է տալիս Ադրբեջանի կողմից քաղաքացիական հայկական բնակչության դեմ կիրառվող բռնություն և ահաբեկչություն խթանող քաղաքականությունը։

Սույն հայտարարության փաստերը և գնահատականները հիմնված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների ու զեկույցների, լրատվամիջոցների հրապարակումների և քաղաքացիական բնակչությունից հաղորդվող արժանահավատ տեղեկությունների, ինչպես նաև Հայաստանի և Արցախի պաշտոնական աղբյուրներով հաստատված տվյալների վրա:

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031