Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի հայտարարությունը
Հայաստանի և Ադրբեջանի միջև հերթական ռազմական հակամարտությամբ և ստեղծված իրավիճակով պայմանավորված տեղի է ունեցել Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Նիստին քննարկվել է նշված համակարտությունից առաջացած ծանր իրավիճակը, որի արդյունքում, ցավոք, արդեն կան զոհեր, իսկ իրավիճակի սրումը կտրուկ բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանի անվտանգության վրա:
Մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային դերակատարներին ձեռնարկել բոլոր միջոցները բռնությունը կասեցնելու և երկխոսությունը վերսկսելու համար:
Կարդացեք նաև
Վրաստանը բարիդրացիական հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Մեր նպատակն է պահպանել և ավելի խորացնել այդ հարաբերությունները:
Վրաստանում միշտ հպարտացել ենք վրացիների հետ տարբեր ազգությունների, այդ թվում՝ հայերի և ադրբեջանցիների խաղաղ գոյատևմամբ, ինչը մեր ընդհանուր ձեռքբերումն է, և դրա համար անհրաժեշտ է մեծ զգուշացում:
Մենք չպետք է թույլ տանք, որ Հայաստանի և Ադբեջանի միջև տիրող ճգնաժամային իրավիճակում որոշակի ապակառուցողական տարրեր՝ Վրաստանի սահմաններից դուրս կամ ներսում, ստվեր գցեն մեր բարեկամության և պատմական փորձի վրա:
Այս ամենը հաշվի առնելով` վրացական կողմը վերահաստատում է իր պատրաստակամությունը` նպաստելու իրավիճակի ցանկացած կերպ մեղմացմանը, ներառյալ, անհրաժեշտության դեպքում, Թբիլիսիում հակամարտող կողմերի ներկայացուցիչների հանդիպման հյուրընկալությունը:
Տարիներ շարունակ վրացական կողմը կատարել և շարունակում է կատարել իր միջազգային պարտավորությունները, այդ թվում հարևան երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ: Մասնավորապես, Վրաստանի տարանցիկ գործառույթը կարևոր գործոն է 2 երկրի տնտեսության գործունեության և զարգացման համար: Ինչը, բնականաբար, բխում է նաև Վրաստանի շահերից:
Այսօր էլ՝ Վրաստանի միջոցով, տարանցիկ ռեժիմով քաղաքացիական բեռնափոխադրումներն իրականացվում են ցանկացած ուղղությամբ սահուն և անվտանգ, այդ թվում՝ Հայաստանում և Ադրբեջանում: Բեռնափոխադրումների ինտենսիվությունը բարձր է, և այդ ցուցանիշը չի փոխվել ռազմական հակամարտության վերսկսման պահից ի վեր:
Հատկանշական է, որ հակամարտության սրացումից ի վեր Վրաստանը քաղաքացիական ավիափոխադրումների որևէ սահմանափակում չի դրել և չի դնի:
Սրա հետ մեկտեղ, Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող ռազմական գործողությունների պատճառով, Վրաստանի կառավարությունը, սրացումն սկսելուն պես, ժամանակավորապես դադարեցրել է իր տարածքով՝ ցամաքային և օդային ուղիներով, ռազմական բեռի տեղափոխումը: Այս մասին կողմերը տեղեկացված էին:
Ցանկացած այլ միջազգային տարանցիկ բեռի հետ կապված վրացական կողմն ամբողջությամբ կատարում է իր միջազգային պարտավորությունները:
Մեր ընդհանուր շահն է, որ արագ դադարեցվի ռազմական հակամարտությունը և տարածաշրջանում վերականգնվի խաղաղությունը: