Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ տեղեկացրեց. «Հակառակորդը արդեն մի քանի օր է՝ ռմբակոծում է ոչ միայն բնակավայրերը, այլեւ՝ Ստեփանակերտը՝ Սմերչով, Պոլոնեզով, տարբեր ամենաժամանակակից հեռահար հրթիռային համակարգերով, ամեն վայրկյան Ստեփանակերտի գլխին պտտվում են տարբեր ԱԹՍ-ներ: Այսօր առաջին անգամ իմ հրամանով Արցախի ԶՈՒ հրթիռային ստորաբաժանումները համազարկ են տվել՝ Գանձակ քաղաքին, նշել էի ժամանակին զգուշացրել էի:
Ափսոսում եմ, որ մեր պատմական Գանձակին, Գյանջային, Կիրովաբադին, նրանց՝ զինվորական մշտական տեղակայման վայրերին խփել ենք:
Խփել ենք, որովհետեւ նրանք են պարտադրել, ուշքի՛ եկեք: Ուշքի՛ եկեք, որովհետեւ շարունակելու ենք այլ քաղաքների եւ եթե անհրաժեշտություն լինի, ավելի մեծ քաղաքների խփել, այդ կրակը եղել է նախազգուշացման կրակ:
Ի դեպ, հրամայել եմ դադարեցնել որոշ ժամանակ խոշոր քաղաքների վրա հրթիռային եւ հրետանակոծությունը՝ ժամանակ տալով հակառակորդին՝ հեռո՛ւ պահեք խաղաղ բնակչությունը: Ուզում եմ հայտարարել, որ արդեն այդ հրամանը իմ կողմից եղել է՝ դադարեցնել կրակը խոշոր տրամաչափի հրթիռային եւ հրետանային միջոցներից խոշոր բնակավայրերի ուղղությամբ:
Կարդացեք նաև
Դո՛ւք եք սկսել այս պատերազմը, դո՛ւք եք առաջին հերթին խախտել հումանիզմի կանոնները՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը: Ժամանակ ունեք, մտածե՛ք: Շարունակելու ենք մինչեւ վերջ: Մինչեւ վերջին մարդը, մինչեւ վերջին զինվորը պատրաստ ենք զոհվելու: Անհնարին է նման պարագայում հաղթել»:
Արայիկ Հարությունյանը սփյուռքի եւ Հայաստանի մեր հայրենակիցներին դիմեց՝ ասելով, որ սա հայրենական պատերազմ է ու պետք է օգնել տարհանվածներին, նրանց, ովքեր կարիք ունեն: Նա կոչ արեց համախմբվել իշխանությունների շուրջ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ