Մարտական գործողությունների ժամանակ այսօր հերոսաբար նահատակվել է Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Պավլիկ Մանուկյանը։
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել․ « Ցավալի լուր առաջնագծից: Մեր սան Պավլիկ Մանուկյանը միացավ իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների շարքին: Ննջիր խաղաղությամբ, Զինվո՛ր ջան: «Շիրակ» ՖԱ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում Մանուկյանների ընտանիքին և հարազատներին»։
«Շիրակ» ֆուտբոլային ակումբից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ 19-ամյա Պավլիկը մեկ տարի առաջ էր մեկնել ծառայության, նա տան միակ արու զավակն է, ունի երկու քույրեր։
Պավլիկը «Շիրակ» ֆուտբոլային ակումբում խաղացել է փոքր հասակից․ Հայաստանի տարբեր տարիքային առաջնությունների է մասնակցել։
Կարդացեք նաև
Գյումրու տնտեսագիտական վարժարանը ևս իր էջում ցավակցություններ է հայտնել իր սանի նահատակվելու կապակցությամբ։
Վարժարանի տնօրեն Նառա Չախոյանը գրել է․ «Ասում են` անթերի մարդ չկա, ես կասեմ` կա. իմ Պավելն է, մեր թանկագին Պաշն է, իմ ամենաօրինակելի, գերազանց առաջադիմությամբ ֆուտբոլիստ, իմ համալսարանական, իմ իդեալական տղեն է:
Հոգիս ցավում է, ցավդ տանեմ, ԴՈՒ դարձար օրինակ, որով պետք է դաստիարակենք սերունդներին:
Որքան հպարտ եկար ներկայացար զինվորական համազգեստովդ, ժպիտը դեմքիդ գնացիր այլևս չվերադառնալու դաժան պայմանով:
Դե, ե՛կ վադապետ ու մի՛ խենթանա…
Խոնարհվում եմ քո առաջ իմ անթերի ու հարգված ջան…»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ