Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է տարածել, որտեղ բացատրում է, թե ինչու է գնացել առաջնագիծ. «Մտահոգվելու բան չի եղել: Մենք առաջին հերթին պետք է ոգեւորենք մեր սպաներին, զինվորներին, որոնք իրականում ամեն օր կենաց-մահու կռիվ են տալիս թշնամու դեմ»:
Արայիկ Հարությունյանն ասաց, որ բանակն ամբողջությամբ կատարում է իր առջեւ դրված խնդիրը՝ գեներալ Հարությունյանից մինչեւ շարքային զինվոր, որը գտնվում է առաջնագծում. «Իրականում ունենք աշխարհի ամենապրոֆեսիոնալ բանակը: Ոչ թե սպառազինություններով զինված ամենաուժեղ, այլ՝ ամենապրոֆեսիոնալ բանակը: Ուզում եմ խոնարհվել մեր զինվորների առջեւ, ուզում եմ ասել՝ ձեր ցավը տանեմ, դուք մեր ազգի պարծանքն եք: Գտնվելով առաջնագծում, ամեն վայրկյան վտանգելով ձեր կյանքը՝ ամեն մի սմ-ի համար դուք պայքարում եք»:
Արայիկ Հարությունյանն ասաց, որ սպայական անձնակազմը հերոսություններ է անում, հրաշքներ է գործում՝ անտեսելով մահը ու մեզ դա է պետք՝ հաղթահարել բարդույթը՝ ապրելու համար: Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել, որով 5 հոգի եւս արժանացել են Արցախի հերոսի բարձրագույն կոչման:
Դավիթ Լյովայի Գրիգորյանը հասցրել է Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ ու 1 միավոր ՀՄՄ, շարունակում է ծառայել մեր հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում:
Կարդացեք նաև
Էդգար Էդվարդի Մարկոսյանը Թալիշի ուղղությունում խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը:
Յուրա Հայկարամի Ալավերդյանը 9 տանկ եւ մեկ միավոր ավտոտեխնիկա է խոցել:
Գնդապետ Շաքարյանը արցախյան գոյամարտի առաջամարտիկներից է, կազմակերպել է հակառակորդի բազմաթիվ տանկային եւ հետեւակային գրոհներ՝ պատճառելով բավականին մեծ կորուստներ:
Դիմելով գնդապետին՝ Արայիկ Հարությունյանն ասաց. «Պարո՛ն Շաքարյան, ձեզ հարգում է ամբողջ ազգը, ձեր սխրանքը գնահատում է ամբողջ ազգը, դուք իրական Արցախի հերոս եք»:
Դավիթ Վանիկի Ղազարյանին, ցավոք, Արցախի հերոսի կոչմանն է արժանացել հետմահու: Նա վարել է մարտը՝ «ոչ մի քայլ հետ» սկզբունքով ու հերոսություններ կատարել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ