Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհաքաղաքական հարաբերություններ Ադրբեջանի և Իսրայելի միջև. Մարտավարական համագործակցություն Իրանի և Ռուսաստանի դեմ

Հոկտեմբեր 04,2020 13:14

Իսրայելական ​​վերլուծական կենտրոններից մեկը հայտարարել է, որ Բաքուն ստիպված է զգուշորեն հավասարակշռել իր հարաբերությունները Իսրայելի հետ, որպեսզի չհայտնվի Թեհրանի, Մոսկվայի և նույնիսկ Անկարայի կողմից մեծ ճնշման տակ:
Արեւելյան փափուկ պատերազմի ծառայություն – «Բեգին Սադաթ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնը զեկույցում գրել է, Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող պատերազմը բացահայտեց Իսրայելի դերը՝ որպես տարածաշրջանում կարևոր դերակատարի: Ադրբեջանն ու Իսրայելը, չնայած աշխարհագրորեն հեռու են միմյանցից, սակայն ձգտում են ռազմավարական հարաբերություններ հաստատել միմյանց հետ: Այստեղ խնդիրն այն է, թե ինչպես դա անել մի տարածքում, որտեղ գերակշռում են Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի շահերը, քանի որ այս երկրներից և ոչ մեկը չի ցանկանում մեկ այլ մրցակից ունենալ:

Հարգելի ընթերցող, սույն զեկույցում ներկայացված բովանդակությունն ու պնդումները հրապարակվում են բացառապես արևմտյան վերլուծական կենտրոնների մոտեցումներն ու տեսակետները վերլուծելու և ուսումնասիրելու նպատակով: Եվ այս հոդվածի հնարավոր պնդումները և ինդուկցիաները երբեք չեն հաստատվում Արևելքի կողմից:
Վերլուծական կենտրոնը նշում է, հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը շատ զոհեր թողեց սահմանում, և տարածաշրջանային կառավարությունները մտահոգված են, որ երկու երկրների միջև լարվածությունը կարող է վերաճել 2016-ի բռնկված քառօրյա պատերազմի: Իսրայելը Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում գտնվում է երկընտրանքի մեջ: Իսրայելը ուղղակիորեն ներգրավված չէ հակամարտության մեջ, բայց սերտ կապերի մեջ է հակամարտության կողմերի հետ (որպես օրինակ կարելի է նշել, որ Հայաստանը վերջերս ուղարկեց իր առաջին դեսպանին Իսրայել): Մինչ այժմ Իսրայելն իրեն լիովին զերծ է պահել հակամարտությունից, ինչը, իհարկե, տրամաբանական մոտեցում է: Իսրայելի Արտաքին գործոց նախարարությունը իր վերջին հայտարարություններից մեկում մտահոգություն է հայտնել վերջին բռնությունների կապակցությամբ և հույս հայտնել անհապաղ հրադադարի հաստատման մասին:

Իսրայելի ռազմավարական շահերը Հարավային Կովկասում

Չնայած Իսրայելը հեռու է հակամարտության գոտուց, սակայն Հարավային Կովկասում ունի էական ռազմավարական շահեր: Ադրբեջանի հետ Իսրայելի հարաբերությունները, Իսրայելի և Հայաստանի միջև հարաբերություններն աննշան են դարձրել: Իսրայելն ու Ադրբեջանը դիվանագիտական ​​հարաբերություններ են հաստատել 1992-ի ապրիլին, և 1993-ին Իսրայելն իր դեսպանատունը բացեց Բաքվում: Այդ ժամանակվանից ի վեր երկու երկրների հարաբերություններն ընդլայնվել ու խորացել են: Երկու երկրների հարաբերությունները հիմնված են մի շարք գեոստրատեգիական գործոնների վրա: Առաջին գործոնը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի քաղաքական վերահսկողության կորուստն է և զավթողական (էքսպանսիոնիստական) ​​ռազմական ծրագրի միջոցով իրավիճակը շտկելու աճող անհրաժեշտություն կա: Դա Ադրբեջանին դարձրեց Իսրայելից ռազմական տեխնոլոգիաների խոշոր ներկրող: Իսրայելական պաշտպանական ընկերությունները վերապատրաստել են ադրբեջանական հատուկ ջոկատայիններին և թիկնապահներին, նախագծել անվտանգության համակարգեր Բաքվի օդանավակայանի համար և կատարելագործել խորհրդային ժամանակաշրջանի ռազմական տեխնիկան (տանկերը):

Առևտրային և ռազմական կապերը Ադրբեջանի և Իսրայելի միջև, գործարքները երկու երկրների միջև մասշտաբային են: 2012-ին տեղեկություններ կային, որ Ադրբեջանը իսրայելական ավիացիոն արդյունաբերության 1.6 միլիարդ դոլարի զենք է գնել: 2016 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Ադրբեջանը Իսրայելից գնել է 5 միլիարդ դոլարի զենք (Անօդաչու թռչող սարքեր և արբանյակային համակարգեր)։ 2017 թվականին Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը հաղորդեց, որ Բաքուն Իսրայելից գնել է 127 միլիոն ԱՄՆ դոլարի ռազմական տեխնոլոգիա:

Դա չի նշանակում, որ ամեն ինչ հարթ է ընթացել: Նրանց միջեւ համագործակցությունը ժամանակ առ ժամանակ ընդհատվել է: 2017-ին մեղադրանքներ էին առաջադրվել այն մասին, որ իսրայելական անօդաչու թռչող ընկերությունը փորձել է ռմբակոծել հայկական բանակը Ադրբեջանից իր «մահապարտ» անօդաչու թռչող սարքերից մեկի ցուցադրման ժամանակ: Իսրայելի Պաշտպանության նախարարությունը կասեցրեց արտահանման լիցենզիան: Բնավ զարմանալի չէ, որ հուլիսի 21-ին, սահմանային լարվածության վերջին սրումից հետո, Հայաստանը ցուցադրեց, ըստ երեւույթի իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր, որոնք խփել էր պատերազմի ընթացքում: Մանրամասներ չեն հաղորդվում, սակայն Israel Aeronautics Defense Systems- ը մշակում է մի քանի տեսակի ուղեծրային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում ՝ հետախուզության և ավիահարվածների համար նախատեսված թեթեւ համակարգեր:

Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, երկկողմ ռազմական համագործակցությունը շարունակվում է 1991 թվականից, Ադրբեջանի անկախացումից ի վեր: Իսրայելը ցանկացել է Բաքվին ապահովել առաջադեմ տեխնոլոգիաներով, այնքանով, որքանով Երեւանը և նույնիսկ Մոսկվան դրա հասանելիությունը չունեն:

Իրանի դեմ մարտավարական համագործակցությո՞ւն

Բայց միայն առևտուրը չի կարող բավարար հարթակ ապահովել երկարաժամկետ աշխարհաքաղաքական հարաբերությունների համար: Ադրբեջանն ու Իսրայելը ունեն այլ հիմնական ընդհանուր շահեր, իրանական հարցը ամենակարևորներից մեկն է: Իրանը գտնվում է Ադրբեջանի հարավում և հանդիսանում է Իսրայելի գլխավոր թշնամին, մինչդեռ Բաքուն և Թեհրանը նույնպես անհանգիստ հարաբերություններ ունեն: Իհարկե, երկու երկրների միջեւ հաստատվել են դիվանագիտական ​​հարաբերություններ, և նրանց միջև առկա են լայն տնտեսական շփումներ (Հիմնականում Ադրբեջանով անցնող Հյուսիս-հարավ տնտեսական նոր միջանցքով, չնայած այս միջանցքի շնորհիվ ավելի շատ նվաճումներ կարելի է ունենալ)։ Այնուամենայնիվ, Բաքուն անհանգստացած է Իրանի գործողություններով, որոնք կարող են վտանգել Ադրբեջանի դիրքերը Հարավային Կովկասում և Կասպից ծովում: Վերլուծական կենտրոնը իր զեկույցի մեկ այլ մասում նշում է, որ Թեհրանի մտահոգությունները իրանական անջատողականների քաղաքական հավակնությունների վերաբերյալ Թեհրանի մտահոգությունները նույնպես նպաստել են այս խնդրին: Թեհրանը կարծում է, որ անջատողական հայտարարությունները կարող են արվել նպաստավոր ժամանակին, և «Մեծ Ադրբեջանի» գաղափարն արծարծվի: Այս բոլորը ենթադրություններ են, սակայն անվստահության բարձր մակարդակ կա երկու երկրների միջեւ:

Օրինակի համար կարելի է նշել այն, որ, Ադրբեջանը վերջերս պնդում էր, որ Իրանը բեռնատարներ է ուղարկել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Բաքուն կանչեց իրանցի դիվանագետներին և մեղադրեց Թեհրանին վիճելի տարածքի շուրջ վեճեր սկսելու համար:
Այս իրավիճակը, բնականաբար, Իսրայելին դարձնում է Ադրբեջանին հարմար գործընկեր: Ադրբեջանի աշխարհագրական դիրքը, Իրանին սահմանակից լինելը, նրան դարձնում է իդեալական վայր ռազմավարական տեղեկատվության հավաքման համար: Լրատվամիջոցների աղբյուրները պնդում են, որ Իսրայելը օգնել է Բաքվին 1990-ականներին Իրանի հետ սահմանի երկայնքով հետախուզական էլեկտրոնային կայաններ ստեղծել:

Երբեմն պնդում են լինում, թե Իսրայելն ու Ադրբեջանը տակտիկական համագործակցություն են վարում Իրանի դեմ: Օրինակի համար կարելի է նշել, որ 2012-ին Foreign Policy- ն հաղորդեց, որ Իսրայելն Ադրբեջանի հետ ունի մեխանիզմ, որը թույլ է տալիս Իսրայելին թռիչքներ իրականացնել Ադրբեջանի սահմաններից դուրս: Երկու երկրների միջև կա նաև համագործակցություն ահաբեկչության դեմ պայքարում:

Աշխարհաքաղաքական ճնշումներ Ռուսաստանից և Իրանից

Իսրայելի և Ադրբեջանի սերտ հարաբերությունները նաև տարածաշրջանի վերաբերյալ ԱՄՆ-ի տեսլականի մաս են կազմում: 1990-ականների սկզբին Վաշինգտոնը խրախուսում էր եռակողմ հարաբերությունները Թուրքիայի, Ադրբեջանի և Իսրայելի միջև: Ավելի ուշ Վրաստանը նույնպես ավելացվեց այս երկրներին, չնայած 2008 թ. Ռուսաստանի ներխուժումը Վրաստան բացառեց Վրաստանի ներգրավվածությունը հարաբերություններում, և իսրայելա-թուրքական հարաբերությունների ճգնաժամը վնասեց այս մեխանիզմին:

Ադրբեջանն ու Իսրայելը շարունակում են իրենց աշխարհաքաղաքական շահերը համարել կենսական անհրաժեշտություն տարածաշրջանում անվտանգության պահպանման համար, իսկ Վրաստանը տարանցիկ դեր ունի: Բաքուն մատակարարում է Իսրայելի նավթային կարիքների 40 տոկոսը, իսկ այդ երկրիի նավթն արտահանվում է Իսրայել՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով: Վերջում «Բեգին Սադաթ» կենտրոնը հայտարարեց. Իսրայելի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները նույնպես թույլ կողմեր ​​ունեն: Ադրբեջանը բախվում է Ռուսաստանի և Իրանի կողմից աշխարհաքաղաքական ճնշումներին, և Հայաստանի հետ երբեմն թեժ ու սառը պատերազմը խնդիր է հանդիսանում: Նման բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում Բաքուն ստիպված է զգուշորեն հավասարակշռել իր հարաբերությունները Իսրայելի հետ, որպեսզի չհայտնվի Թեհրանի, Մոսկվայի և նույնիսկ Անկարայի կողմից մեծ ճնշման տակ:

Թարգմանեց՝ միջազգայնագետ, ասպիրանտ Ֆլորա ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ
Աղբյուր՝ mashreghnews.ir

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031