Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը: Այս մասին կիրակի լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերը:
«Կանցլերը մտահոգություն է հայտնել շարունակվող բախումների և զոհերի քանակի աճի կապակցությամբ: Նա շեշտել է, որ բոլոր կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները և վերսկսեն բանակցությունները», – ասել է Դեմմերը: «Կանցլերը բոլոր առումներով պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) համանախագահների՝ հոկտեմբերի 1-ին արված հայտարարությունը», – ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը:
Մերկելը նաև կոչ է արել պատերազմող կողմերին համաձայնության գալ մարդասիրական դադարի հարցում՝ զոհված զինվորների մարմինները մարտական գոտուց դուրս բերելու համար:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ