Լրահոս
Օրվա լրահոսը

Հիդալգո, Պեկրես, Ռուբիոլա, Վոքիե․ Ֆրանսիայի քաղաքական գործիչները կոչ են անում աջակցել Հայաստանին 

Հոկտեմբեր 04,2020 12:16

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հետ համագործակցությամբ Անն Հիդալգոն, Վալերի Պեկրեսը, Լորան Վոքիեն, Միշել Ռուբիրոլան`  173 քաղաքական գործիչներ ստորագրություններ են ուղարկել, որպեսզի Ֆրանսիան վերանայի Հայաստանի և Ադրբեջանի միջև «հակամարտությունում իր ռազմավարությունը»։ 

Լեռնային Ղարաբաղում հակամարտող Հայաստանին և Ադրբեջանին Էմանուել Մակրոնն իր միջնորդությունն է առաջարկել՝ բանակցությունների գործընթացը վերսկսելու նպատակով։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հետ ստորագրահավաք կազմակերպած 173 քաղաքական գործիչները, որոնց թվում են Անն Հիդալգոն, Լորան Վոքիեն, Վալերի Պեկրեսը, Միշել Ռուբիրոլան, անբավարար են համարում Մակրոնի առաջարկությունը։ Նրանք ցանկանում են, որպեսզի Ֆրանսիան վերանայի «իր ռազմավարությունն այդ հակամարտությունում»։ Այն է՝ «օրենքի ուժով դատապարտել ադրբեջանական ագրեսիան և պարտադրել Ադրբեջաննին անմիջապես դադարեցնել բռնությունները, խոստանալով լայնամասշտաբ աջակցություն Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, որին կհաջորդի նրանց լիիրավ և ամբողջական լեգիտիմության ճանաչումը»։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի հայության դեմ՝ թիրախավորելով քաղաքներ և քաղաքացիական բնակչությանը։ Այս տարածքը հայկական քաղաքակրթության բնօրրանն է։ Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությունը պատմության ողջ ընթացքում չի դադարել գլխավորապես հայկական լինելուց և պատերազմական ծանր պայքարի գնով վերանվաճել է իր ազատությունը, որն ավարտվել է 1994թ․ հրադադարով։ Սակայն հակամարտությունը մնում է չլուծված և ռազմաճակատի ողջ երկայնքով ժամեր շարունակ ընթացող աննախադեպ բռնությունները վկայում են, որ միջնորդության փորձերն ապարդյուն են։

Լեռնային Ղարաբաղի հայությանը վերացնելու ռազմական գործողությունների հանդեպ չեզոքությունը, ոչ այլ ինչ է քան աչքակապություն։

Ֆրանսիական դիվանագիտությունը մեծ ջանքեր է գործադրում։ Որպես Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ստեղծած Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ֆրանսիան հայտարարել է իր չեզոքությունը և տասնամյակներ ի վեր վճռականորեն աշխատում է այդ բնակչության անվտանգությունն և խաղաղությունը երաշխավորող լուծում գտնելու հարցում։ Սակայն այս տարվա վերջին դեպքերից հետո Ֆրանսիան պետք է արմատապես վերանայի իր ռազմավարությունը։

Հուլիսի 12-ին ադրբեջանական բանակը հարձակում է գործել ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանի վրա։ Մինսկի խումբը կոչված է թույլ չտալու ուժի կիրառումը Թուրքիայի և Իրանի սահմանին և Սիրիայից ոչ հեռու գտնվող այս ծայրահեղ անկայուն տարածաշրջանում և առավել ևս հակամարտության տարածվելը դրա սահմաններից դուրս ։ Ավելին, մենք չենք կարող հանդուրժել ռազմական ագրեսիան  Ֆրանսիայի բարեկամ երկրի դեմ, որի ժողովուրդը 1915թ․ ցեղասպանության զոհ է եղել և որի հանդեպ մենք կրում ենք պատմական և համընդհանուր պատասխանատվություն։ Այդ  պատասխանատվությունը մեզ պետք է ստիպի դուրս գալ չեզոքությունից։ Այդ չեզոքությունը  բացարձակապես չի պաշտպանում ժամեր շարունակ կրակի տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը․ զոհվել են կանայք, երեխաներ։ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը, որը ռազմաճակատից բազմաթիվ կիլոմետր հեռու է, ռմբակոծությունների թիրախ է։ Լեռնային Ղարաբաղի հայությանը վերացնելու նպատակ ունեցող ռազմական գործողությունների հանդեպ չեզոքությունն աչքակապություն է։

Մեզ մտահոգում է նաև Թուրքիան, որի մասնակցությունն այս հակամարտությանն այլևս անհնար է հերքել։ Հուլիսին Հայաստանի դեմ հարձակումից ի վեր, Թուրքիան կատաղորեն բորբոքում է հակամարտությունը՝  ռազմատենչ հայտարարություններով աջակցելով Ադրբեջանին։ Պատահական չէ, որ հուլիսից ի վեր թուրքական ծայրահեղ աջակողմյան ռազմական Գորշ գայլեր խմբավորումը բռնություններ է կատարում մեր երկրում՝ մասնավորապես հուլիսի 24-ին Դեսին-Շապիոյում (Ռոնի դեպարտամենտ) խաղաղ հայ ցուցարարների դեմ։

Տասնամյակներ շարունակ Ֆրանսիայի որդեգրած չեզոքությունը խաղաղության տանող ուղի չէ։

Սեպտեմբերի 24-ին, ադրբեջանական հերթական ագրեսիայից երեք օր առաջ, Մարդու իրավունքների սիրիական դիտակը հայտնել էր Թուրքիայի հաշվին աշխարհազորայիններ, ասել կուզե ջիհադիստներ, Ադրբեջան տեղափոխելու մասին։ Այդ վարձկանները Սիրիայում մահ էին սփռում քուրդ ազգաբնակչության շրջանում։ Այս պահին հայերը հե´նց նրանց դեմ են ճակատամարտում։ Ինչպիսի ցավալի հեգնանք․ Թուրքիան նույնպես Մինսկի խմբի անդամ է։ Անկարայի այս կեցվածքը վկայում է այն մասին, որ Թուրքիան նենգորեն վիժեցնում է բազմակողմ նախաձեռնությունները՝ կողմ լինելով ուժային լուծմանը։

Հաշվի առնելով այս ամենը՝ հաստատում ենք, որ տասնամյակներ շարունակ Ֆրանսիայի որդեգրած չեզոքությունը խաղաղության տանող ուղի չէ։ Այսօր այդ չեզոքությունն ավելի շատ իր թուրք դաշնակցի հետ սերտորեն համաձայնեցված ադրբեջանական ագրեսիայի անպատժելիության երաշխիք է, քան հակամարտության լուծում գտնելու լծակ։ Այդ իսկ պատճառով մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ֆրանսիական դիվանագիտությունը պետք է վերանայի իր ռազմավարությունը։ Այն է՝ օրենքի ուժով դատապարտել ադրբեջանական ագրեսիան և պարտադրել Ադրբեջանին անմիջապես դադարեցնել բռնությունները՝ խոստանալով լայնամասշտաբ աջակցություն Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, որին կհաջորդի նրանց լիիրավ և ամբողջական լեգիտիմության ճանաչումը»։

Լը ժուղնալ դյու Դիմանշի (ԺԴԴ) խմբագրություն  

Նկարում՝ Անն Հիդալգո, Վալերի  Պեկրես, Լորան Վոքիե, Միշել Ռուբիրոլա  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031