Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Ֆրանսիայում ընթացող Մեծ սաղավարտի փուլ «Ռոլան Գարոս» մրցաշարի երրորդ տուրում 6:2, 3:6, 6:4, 6:2 հաշվով պայքարից դուրս թողեց չիլիացի Քրիստիան Գարինին եւ չորրորդ շրջանում ուժերն է չափելու ATP վարկանիշային ցուցակի առաջատար, սերբ Նովակ Ջոկովիչի հետ:
Խաչանովը, գտնվելով Ֆրանսիայում, օրերս սոցցանցերի իր էջում գրել է. «Սարսափելի տագնապով եմ հետեւում Հայաստանից եկող նորություններին: Թեպետ ծնվել եմ Ռուսաստանում, միշտ ասում եմ, որ ունեմ հայկական արմատներ: Մինչեւ հոգուս խորքը ցավում եմ՝ տեսնելով, թե ինչ է կատարվում երկրում, որը ես շատ եմ սիրում: Հայերը չեն սկսել եւ չեն ուզում պատերազմ: Զոհվում են խաղաղ, անմեղ մարդիկ, նույնիսկ երեխաներ: Դադարեցրեք պատերազմը: Հայերը դեմ են պատերազմին, հայերը կողմ են խաղաղության»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ