Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի առաջնագիծ մեկնելը՝ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը նշեց. «Ճիշտն ասած, երբ լսեցի այդ լուրը, սկզբում մի քիչ մտահոգվեցի, բայց հետո, բոլոր այն շփումներից, որ ունեմ եւ զինվորականների հետ, եւ Արցախի հետ՝ հասկացա, որ դա ճիշտ քայլ էր, որովհետեւ համախմբող քայլ էր, առաջնորդի քայլ էր, հույս ներշնչող, ոգեւորություն բերող քայլ էր եւ ուժի ցուցադրում: Իսկ ուժը ենթադրում է նման սառնասրտություն»:
Պարոն Բաբայանի կարծիքով. «Այս օրերին, երբ թշնամին հավաքել է իր ողջ ուժերը եւ փորձում է մի քանի օրվա ընթացքում լուծել հարց՝ հասկանալով, որ եթե դա իրեն չհաջողվի, եւ հայկական բանակի պատասխանը, եւ միջազգային արձագանքը այլեւս թույլ չեն տա կրկնել այս ավանտյուրան, Արցախի նախագահի քայլը համախմբող էր»:
Մեր զրուցակիցը նշում է, որ մի քանի տարի շարունակ ՀՀ պաշտպանության նախարարության հասարակական կազմով հանդիպել են զինվորականների հետ, այցելել զորամասեր եւ իր կարծիքով՝ նման շփումները անհրաժեշտ են մեր զինվորներին. «Եթե ստեղծվի հնարավորություն, որ մենք կրկին հանդիպենք զինվորների հետ, շատ լավ կլինի: Սա ոգեւորող է եւ ընդունված: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւս նման քայլեր արվել են: Զինվորները պետք է տեսնեն, որ իրենք ունեն ամուր թիկունք, հրաշալի առաջնորդ, որ իրենց հետ է, իրենք մի մեծ միասնություն են, որի վրա ընկած է ամենադժվար դերակատարումը այս պարագայում, բայց իրենք միայնակ չեն:
Ես գիտեմ, թե զինվորի համար ինչ կարեւոր է զգալ կողքի հոգատարությունը եւ անձնական օրինակով ոգեւորություն ներշնչելը: Չեմ կարծում, թե որեւէ բան ադմինիստրատիվ տեսակետից տուժում է Արցախում: Շատ կարեւոր է անձնական օրինակը: Սա մանկավարժության ամենակարեւոր գործոնն է: Հիմնականում մեր երիտասարդներն են այնտեղ՝ 18-19 տարեկան շարքայինները, նման օրինակներն իրենց շատ են ոգեւորում: Այսօր ժամանակը չէ քննարկել ուրիշ հարցեր, մենք տեսնում ենք այս ոգեւորությունը, եւ սա ամենակարեւորն է պատերազմական իրավիճակում»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ