Արդեն 7-րդ օրն է, ինչ Կապանի պետական թատրոնի կոլեկտիվը աշխատում է 24 ժամյա ռեժիմով։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի լուրը լսելուց հետո՝ թատրոնի բեմն ու աշխատասենյակները կարծես շտաբ ու պահեստ դարձան։
«Հենց առաջին օրն էլ սկսեցինք բանակի համար հանգանականություն՝ ծխախոտ, սնունդ եւ այլն։ Բոլոր սոցկայքերով, հնարավորինս եւ անհնար բոլոր միջոցներով փորձում էինք իրազեկել մարդկանց»,–ասաց թատրոնի տնօրենի պաշտոնակատար Տիգրան Աթայանը։
Իսկ 24 ժամյա հերթապահություն սահմանել են, որ մարդը հանկարծ չհասնի թատրոն՝ տեսնի դռները փակ են։ «Պատկերացրեք՝ հացի փուռում է աշխատում, գիշերվա հերթափոխից հետո ժամը 7-ին տուն գնալուց ուզում է սիգարետ բերել զինվորին ու մարդ չկա որպեսզի հանձնի»,–ասաց Տիգրան Աթայանը։
Եղել է դեպք, երբ տարեց տատիկներ են եկել, խնդրել, որ մի քանի օր սպասեն, հետո օգնությունը ուղարկեն Արցախ։ «Հինչ կընի, այ բալա, մի քանի օր տեմկացեք, թոշակս ստանամ, մի պեն առնիմ պիրիմ, բա էն սալդատին տատիկի կողմից օրհնված պեն հասնե վե՞չ»,–ասել էր տատիկներից մեկը։ Վերջինիս հավաստիացրել են, որ մի քանի անգամ են օգնություն ուղարկելու, երբ թոշակը ստանա՝ կարող է բերել իր ուզածը։
Կարդացեք նաև
Տատիկը մնացել էր անդրդվելի։ «Հունց թա, առաջին պարտիան քինի, ու Աշխեն տատին պեն չղարկի»,–ասել էր նա ու մի քանի զույգ գուլպա, կիսագուլպա բերել։
Հանգանակած օգնության մի մասը՝ հագուստ, սնունդ տրամադրում են Կապանում հանգրվանած արցախցի ընտանիքներին։ Ծխախոտը, չոր սնունդը, քաղցրավենիքը, դեղորայքը, սպիտակեղեն ու ծածկոցները առաջնագիծ են ուղարկում։
Բացի հանգանակություն կազմակերպելուց՝ Կապանի թատրոնի դերասանները պատրաստ են առաջնագծում եւ Արցախում ներկայացումներ խաղալ։ Տիգրանի Աթայանի խոսքով պատրաստ են «Նժդեհ» ու «Սասունցի Դավիթ» ներկայացումները եւ սպասում են հրահանգ–թույլտվության՝ Արցախ մեկնելու համար։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ