Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելի հետ հարաբերությունների հարցին կանդրադառնանք Արցախում մեր քայլերից հետո. Սոս Ավետիսյան

Հոկտեմբեր 03,2020 22:18

Ընդդիմադիր «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր, կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ցավալի է համարում իրողությունը, որ Իսրայելը հերթական անգամ իր ռազմաարդյունաբերական ընկերությունների կոմերցիոն շահերը մղելով առաջին պլան, մահաբեր սպառազինություն մատակարարեց անմիջականորեն ռազմական գործողությունների մեջ գտնվող մեր թշնամուն:

Հիշեցնենք, օրերս ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրեց , որ ԱԳՆ-ն որոշում է կայացրել խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին: Պատճառը՝ Արցախի հանրապետության եւ Հայաստանի հանրապետության վրա թուրք-ադրբեջանական հարձակումների թեժ օրերին՝ սեպտեմբերի 30-ին, Իսրայելի կողմից Ադրբեջանին երկու բեռնատար օդանավ գերժամանակակից զենքի մատակարարումն է:

«Հիշենք թե մեր բարեկամական Իրանի հետ ինչ լարվածության բերեց Իսրայելի հետ մեր հարաբերությունների բարելավվման փորձը, և ցավով արձանագրենք, որ այն ժամանակավրեպ էր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ընդդիմադիր գործիչը՝ հավելելով, որ դեսպանի հետկանչը հիմա լրիվ արդարացված քայլ է:

Իսրայելը Հայաստանի անկախությունը ճանաչել է 1991 թվականի դեկտեմբերի 25-ին: Հայաստանի Հանրապետության և Իսրայելի պետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլին: 2018 թվականի մարտին Իսրայելում ՀՀ դեսպան է նշանակվել Արմեն Սմբատյանը: Իսկ 2017-ի մարտին ՀՀ նախագահին իր հավատարմագրերն էր հանձնել Հայաստանում Իսրայելի դեսպան Էլյահու Յերուշալմին:

Դեսպանի հետկանչից հետո ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը՝ Իսրայելի հետ հարաբերություններում Aravot.am-ի հարցին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, իշխող ուժի խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանը պատասխանում է. «Մեր բոլոր հաջորդ քայլերն այս պահին տեղի են ունենում Արցախի հանրապետությունում եւ այդ բոլոր քայլերից հետո կանդրադառնանք Իսրայելի հետ հարաբերությունների հարցին»:

Առհասարակ, իշխող ուժի պատգամավորը գտնում է, որ ցանկացած երկիր, որը Ադրբեջանին սպառազինություն է վաճառում, մեզ համար խնդրահարույց է, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի որեւէ երկիր Ադրբեջանին զենք չմատակարարի. «Որովհետեւ մենք տեսնում ենք, թե ինչ կերպ է այդ զենքն օգտագործում»: Թե ի՞նչ մեթոդներով է հնարավոր հասնել նրան, որ որեւէ երկիր Ադրբեջանին զենք չվաճառի, մեր զրուցակիցը չի մանրամասնում, միայն ասում է, որ պետք է կիրառենք դիվանագիտության բոլոր հնարավոր եւ անհնար միջոցները:

Ի դեպ, նրանում, որ պատերազմական իրավիճակում, խախտելով միջազգային իրավունքի բոլոր կանոնները, Իսրայելը զենք տրամադրեց Ադրբեջանին, Սոս Ավետիսյանը հայկական կողմի թերացումը չի տեսնում: «Դա Իսրայել պետության քաղաքականությունն է»,- ասաց նա:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031