Քիչ առաջ հրավիրած ասուլիսում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց վերջին 1-1,5 օրվա ընթացքում ռազմական գործողությունների թվային ցուցանիշները. «Այսօր շատ ծանր մարտական գործողություններ են ընթացել հյուսիսում եւ հարավում: Հակառակորդը փորձել է լայնածավալ հարձակում իրականացնել՝ օգտագործելով մեծածավալ զրահատեխնիկա, հրետանի, փորձել էր ռազմաճակատի գիծը ճեղքել: Ծանր ու համառ մարտերից հետո հակառակորդի առաջխաղացումը հնարավոր է եղել կասեցնել՝ պատճառելով նրան մեծ կորուստներ: Միայն մարտական գործողությունների, բուն մարտի անդադար տեւողությունը, եղել է 6-7 ժամ, դրանք բավականին ծանր ու դժվար մարտեր են ու հասկանալի է, որ այս ամեն ինչը հեշտությամբ չի տրվում մեր զորքերին: Այս ընթացքում ընդհանուր առմամբ հակառակորդը կորցրել է շուրջ 2300 անձնակազմ: Միայն անցնող օրվա ընթացքում կորցրել է 440-450 զինծառայող ու նաեւ ոչ զինծառայող, հասկանալի է, որ նկատի ունեմ ահաբեկիչներին նաեւ: Մոտավորապես 800-900 վիրավոր է տվել»:
Ինչ վերաբերում է ոչնչացված զինտեխնիկային՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ միայն այսօր հաջողվել է խոցել մարտի մեջ մտած մոտավորապես 45 զրահատեխնիկա. «Այսօր մեր զորքերին հաջողվել է նաեւ մարտի մեջ չմտած շուրջ 8-9 տասնյակ զրահատեխնիկա խոցել՝ հեռահար կրակով: Սա աննախադեպ հաջողություն պիտի համարենք»:
Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ, միայն այսօր հնարավոր է եղել խոցել 10 ԱԹՍ: Ընդհանուր առմամբ հակառակորդի խոցված ԱԹՍ-ները 113 միավոր են, հակառակորդի ընդհանուր զրահատեխնիկայի կորուստն արդեն կազմում է 250 միավոր: Այսօր խոցվել է 3 սմերչ-կայան, խոցվել է նաեւ հակառակորդի 3 ինքնաթիռ, մեկ ուղղաթիռ:
Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ մեր զորքերը ցուցաբերում են աննախադեպ քաջություն, հմտություն, գրագիտություն, չեն նահանջում, կասեցնում են հակառակորդի մեծ թափ ու մեծ կրակային խտություն ունեցող հարձակումները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ