Քիչ առաջ հրավիրած ասուլիսում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց մեր տղերքի հերոսական մարտերից դրվագներ. «Սեպտեմբերի 27-ին ՊԲ N զորամասի ավագ հրաձիգ զենիթահար շարքային Կարեն Արմենի Ալեքսանյանը զորամասի մեկնարկային կրակային դիրքից խոցել է հակառակորդի 3 ԱԹՍ, որով աջակցել է անձնակազմի ժամանակին դուրսբերումը կենտրոնացման շրջաններ: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին շարքային Կարն Ալեքսանյանը մարտական խնդրի կատարման ժամանակ հանկարծակիության պայմաններում արագ կողմնորոշվել է եւ խելացի նախաձեռնության շնորհիվ խոցել է եւս մեկ ԱԹՍ, ինչը հնարավորություն է տվել ստորաբաժանմանը կատարել կարեւոր մարտական խնդիր»:
Մեկ այլ դրվագում N զորամասի պաշտպանության գոտում «Հովազ 1» մարտական դիրքի անձնակազմը՝ դիրքի ավագ Հայկ Կարենի Սվոյանի գլխավորությամբ մարտի մեջ է մտել հակառակորդի գրոհող խմբերի դեմ եւ դիմագրավել՝ նրանց պատճառելով կորուստներ: Գնահատելով ստեղծված բարդ իրադրությունը՝ կրտսեր սերժանտ Սմոյանը որոշում է կայացրել մարտնչող անձնակազմին զբաղեցնել դիրքում առկա թաքստոցները: Անձամբ իրականացնելով տեղանքի հետախուզում ու միեւնույն ժամանակ գնահատելով իրադրությունը՝ նա թույլ է տալիս հակառակորդի զինծառայողներին ներթափանցել իր դիրք, այնուհետեւ օգտվելով ծածուկ գործողությունների պլանավորումից՝ շրջափակման մեջ է դնում հակառակորդին, իր գրագետ ու հմուտ մարտավարության շնորհիվ կազմակերպում է գրոհ, որի ընթացքում հակառակորդը թողնում է դիրքի տարածքում 9 զինծառայողի եւ հետ է շպրտվում:
Մեկ այլ դրվագում էլ՝ հոկտեմբերի 2-ին, մոտորահրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դավիթ Նիկոլայի Առուշանյանը ՀՄՄ-ով մարտի է բռնվել եւ խոցել է հակառակորդի 4-ից ավելի զրահատեխնիկա ու մեծ քանակությամբ կենդանի ուժ: Իր վիրավորվելուց հետո խուճապի չի մատնվել, դուրս է եկել խոցված ՀՄՄ-ից, մտել է այլ ՀՄՄ եւ մարտը շարունակել՝ մինչեւ վերջին արկը: Հետո երկրորդ ՀՄՄ-ի զինամթերքը սպառվելուց հետո մայոր Առուշանյանը չի լքել ռազմի դաշտը, այլ մտել է այլ՝ երրորդ ՀՄՄ ու քաջաբար շարունակելով մարտը՝ մխրճվել հակառակորդի պաշտպանության խորքը: Նրա շնորհիվ ստորաբաժանումը կարողացել է կատարել մարտական խնդիրը:
Իսկ այլ զորամասի հակատանկային դասակի սերժանտ Մնացական Գեւորգի Սահակյանը հոկտեմբերի 2-ին խոցել է 7 տանկ, մեկ ՀՄՄ եւ խուճապի մատնել հակառակորդին, նպաստել վերջինիս առաջխաղացման կասեցմանը:
Կարդացեք նաև
Հոկտեմբերի 2-ին շարքային Արեն Ավագի Չոբանյանն էլ հակառակորդի հարձակողական գործողությունների ժամանակ խոցել է 4 զրահատեխնիկա ու խոչընդոտել վերջինիս տանկային ստորաբաժանման առաջխաղացմանը:
Նույն օրը՝ հոկտեմբերի 2-ին այլ զորամասի ՀՄՄ-2-ի մեխանիկ-վարորդ, շարքային Հովիկ Հովհաննեսի Ասատրյանը, ցուցաբերել է մասնագիտական վարպետություն, ՀՄՄ 2-ով հմուտ խուսանավմամբ անցել է հակառակորդի թիկունքը ու անվրեպ խոցել 4 զրահատեխնիկա:
Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ նման դրվագները տասնյակներով են. «Մեր զորքերը ծանր պայքար են մղում՝ հակառակորդին պատճառելով ծանր կորուստներ ու իրենք իրենց հերոսական մարտերով որոշում են հայ ժողովրդի ճակատագիրը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ