Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինչն էլ որ Մակրոնին մղի գործելու, կարեւոր է, որպեսզի դա ուղղվի արյունահոսությունը կանգնեցնելուն եւ երկարաձիգ կոնֆլիկտը լուծելուն». Ալեքսանդր Ցինկեր

Հոկտեմբեր 03,2020 20:55

Արցախի շուրջ տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների մասին Aravot.am-ը զրուցել է «Իսրայել-Հայաստան միջազգային հասարակական ֆորումի» համանախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերի հետ:

-Պարոն Ցինկեր, ինչպես հայտնի է, Ֆրանսիան, որը Եվրամիությունում «Բրեքզիտից» հետո մնացել է միակ միջուկային պետությունը, նախաձեռնողականություն է ցուցաբերում՝ Ադրբեջանի կողմից Արցախը զավթելու նպատակ հետապնդող պատերազմը դադարեցնելու եւ հակամարտության կարգավորման շուրջ նոր բանակցություններ սկսելու հարցերում: Ձեր գնահատմամբ՝ որքանո՞վ է սա պայմանավորված Թուրքիայի գործոնով եւ վերջինիս՝ հօգուտ Ադրբեջանի հակամարտությանը միջամտելու հանգամանքով:

-Մեծապես պայմանավորված է՝ ի թիվս նաեւ այն հանգամանքի, որ Ֆրանսիան ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ միասին արցախյան հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից է: Վերջին շրջանում Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ առճակատումը, որը հատկապես կապված է Թուրքիայի՝ Հունաստանի եւ Կիպրոսի հետ ունեցած էներգետիկ էսկալացիայի հետ, թափ է հավաքում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջերս, ելույթ ունենալով Հարավային Եվրոպայի առաջնորդների հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում, հայտարարեց, որ Ֆրանսիան այլեւս Թուրքիային չի դիտարկում որպես գործընկերոջ: Ավելին, նրա շուրթերից հնչեց միտք, որ Թուրքիայի ժողովրդի համար  ավելի լավ կլիներ առանց Էրդողանի, եւ որ Միջերկրածովյան ավազանը դարձել է «կոնֆլիկտների թատրոն», իսկ  տարածաշրջանն ապակայունացնում են «պատմական տերությունները, որոնք ղեկավարվում են հեգեմոնիստական մոտիվներով»:

Ֆրանսիան մեծ ակտիվություն ցուցաբերեց նաեւ Եվրոպայի խորհրդի հերթական նստաշրջանի նախապատրաստման շրջանակում, որը վերջերս ավարտվեց: Մինչեւ նստաշրջանի սկիզբը Եվրամիության արտաքին գործերի նախարարները համաձայնեցրին Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցանկն այն դեպքում, եթե Անկարան թուլացնի իր գործողությունների էսկալացիան Արեւելյան Միջերկրածովում: Ճիշտ է, Եվրոպայի խորհուրդն իր աշխատանքի արդյունքում միայն խոստացավ սահմանել պատժամիջոցներ, եթե վերջինիս գործողություններում եւ հռետորաբանությում տեղի չունենան անհրաժեշտ փոփոխություններ, ինչին Անկարան պատասխանեց հայտարարությամբ այն մասին, որ սպառնալիքներին չի տրվի:

Իմ գնահատմամբ՝ առաջիկայում Ֆրանսիան կփորձի ընդլայնել Թուրքիային հակազդելուն ուղղված եվրոպական կոալիցիոն խմբի կազմն Արեւելյան Միջերկրածովում, որում այսօր միանշանակ ներառված են միայն Հունաստանն ու Կիպրոսը:

-Հաշվի առնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները՝ ձեր կարծիքով, որքանո՞վ կարող ենք փաստել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում հակամարտության կարգավորման նախաձեռնողականությունը Ռուսաստանի ձեռքից անցնում է Ֆրանսիային:

-Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան Արցախի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ են, իսկ համանախագահողի կարգավիճակը ենթադրում է, որ այդ երկրների կառավարությունները եւ դրանց ներկայացուցիչները որոշումների կայացման գործում չեզոք են: Մինչեւ այս պահը Մինսկի խմբի համանախագահներին հաջողվում է արտահայտվել միաձայն՝ հավասարապես տարածություն պահպանելով հակամարտության կողմերի միջեւ: Եվ դա չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում է, փորձում է Ռուսաստանին, իսկ վերջին կոնֆլիկտում նաեւ՝ Ֆրանսիային, ներկայացնել որպես Հայաստանի (Արցախի) դիրքերից հանդես եկողի: Ի՞նչ նպատակով է սա արվում: Պատասխանը գտնվում է մակերեսում, եւ Էրդողանը դա չի թաքցնում. քանի որ Հայաստանն աջակցություն ունի՝ ի դեմս համանախագահող երկրներից մեկի, ուրեմն պետք է 4-րդին ներգրավել՝ Թուրքիային, որը կսատարի Ադրբեջանին:

Իրավիճակից ելնելով՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ով ակտիվ ելույթ է ունենում հակամարտության կարգավորման նախաձեռնողականության դիրքերից, պետք է օբյեկտիվորեն եւ մյուս համանախագահողների հետ միասին արտահայտի վերաբերմունքը հակամարտության կողմերի միջեւ: Սակայն, միաժամանակ, արցախյան կոնֆլիկտի առնչությամբ Թուրքիայի վտանգավոր եւ չմտածված քաղաքական հայտարարությունների հանդեպ նրա արձագանքները որեւէ մեկը չի կարող սահմանափակել:

Ինչ վերաբերում է հարցին, թե Ֆրանսիան արդյոք Ռուսաստանի ձեռքից վերցրե՞լ է արցախյան հակամարտության կարգավորման նախաձեռնողականությունը, ապա ես չէի շտապի պատասխան հնչեցնել: Որոշումը կայացնելու են երեք համանախագահողները՝ միասին: Եվ եթե ԱՄՆ-ն այսօր առավելապես զբաղված է մեկ ամիս անց սպասվող նախագահական ընտրությունների ներկուսակցական պայքարով, ապա Ռուսաստանը հասկանալով, որ կոնֆլիկտն ուղղակիորեն կարող է շոշափել Հարավային Կովկասում իր հետաքրքրություններն ու Թուրքիայի հետ բարդ հարաբերությունները, այս անգամ զգուշավոր քաղաքականություն է որդեգրել:

Նման իրավիճակում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի վերաբերմունքը, իմ կարծիքով, պայմանավորված է մի քանի պատճառներով՝ եւ հայ ժողովրդի ճակատագրով անկեղծ մտահոգությամբ, եւ Թուրքիայի հետ առճակատմամբ եւ Եվրոպայում սեփական՝ Գերմանիայի հետ համատեղ առաջնորդությամբ: Ինչն էլ որ Մակրոնին մղի գործելու, կարեւոր է, որպեսզի դա ուղղվի արյունահոսությունը կանգնեցնելուն եւ երկարաձիգ կոնֆլիկտը լուծելուն:

-Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիայի հետեւանքով ներկայում առկա իրավիճակն ի՞նչ է փոխել եւ ի՞նչ կարող է փոխել Հայաստան-Իսրայել հարաբերությունների կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում: Ինչպես հայտնի է, Հայաստանը հետ կանչեց Իսրայելում իր դեսպանին, դեսպանատունն էլ վերջերս էր բացվել:

-Չէի ուզենա, որ երկու ժողովուրդների մերձեցման գործընթացը, որը նոր էր սկսել զարգանալ, ընդհատվեր միայն այն պատճառով, որ Իսրայելի կառավարությունը, տարիներ առաջ Ադրբեջանի հետ սպառազինության մատակարարման պայմանագիր կնքած լինելով, շարունակում է մատակարարումն այն դեպքում, երբ Ադրբեջանի եւ Արցախի միջեւ իսկական պատերազմ է ընթանում: Իսրայելում վերջին օրերին իրականացված բոլոր հարցումները փաստում են, որ քաղաքացիների մեծամասնությունը Հայաստանի կողքին է: Որոշ խմբեր նախաձեռնել են ստորագրահավաք՝ Իսրայելի կառավարության կողմից հասարակ քաղաքացիներին սպանող զինտեխնիկայի մատակարարումն Ադրբեջանին դադարեցնելու պահանջով:

Այստեղ կցանկանայի, որպեսզի հայ ժողովուրդը հստակ տարբերակեր իսրայելցիների կարծիքը կառավարության գործողություններից: Իսրայելի կառավարությունը վերջին շրջանում կործանում է սեփական հասարակությունը՝ վերջինիս հասցնելով բարոյական, ֆիզիկական եւ ֆինանսական քայքայման եզրին: Մի՞թե դուք կարծում եք, որ սեփական ժողովրդի հանդեպ նման վերաբերմունքի պայմաններում Իսրայելի իշխանական վերնախավին հուզում է հայ ժողովուրդը:

Բայցեւայնպես, ինչպես ասում էր Սողոմոն թագավորը, «ամեն ինչ անցնում է, սա էլ կանցնի»: Այդ պատճառով ես, ինչպես «Ուրախների եւ հնարամիտների ակումբի» հին անդամները, լավատեսությամբ եմ նայում ապագային: Հայաստանը եւ Արցախը պաշտպանում են անկախ եւ հանգիստ ապրելու իրավունքը. Իսրայելում կլինեն կառավարություն եւ խորհրդարան, որոնք հետամուտ կլինեն իրենց քաղաքացիների կարծիքին: Մեր ժողովուրդների միջեւ հարաբերությունները կզարգանան՝ չնայած ոչ բարեկամ պետությունների լոբբիստների փորձերին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031