Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ղուլյան. «Մենք այսօր ունենք մեծածավալ ռազմական թատերաբեմ, որը ամեն րոպե կարող է վերածվել ոչ միայն տարածաշրջանային, այլ ավելի մեծ հակամարտության»

Հոկտեմբեր 03,2020 19:27

Արցախի տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցում Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, գնահատելով այսօրվա իրավիճակը, ասաց. «Չի կարելի ասել, թե մենք չէինք սպասում պատերազմի: Բայց միշտ ներքին մի ձայն հուշում էր, որ երեւի մեր հակառակորդներն ինչ-որ տեղ պետք է դասեր քաղած լինեին անցած պատերազմներից՝ եւ 92-94 թվականների եւ ապրիլյան պատերազմի… Սակայն պարզվում է, որ ոչ միայն դասեր չեն քաղել, այլ բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով պատրաստվել են հերթական ամենաանմարդկային գործողությունների: Բոլոր նախանշանները առկա են, որ Ադրբեջանը երկար տարիներ պատրաստվել է լայնամասշտաբ պատերազմական գործողությունների:

Երբ նշեցի, որ մենք, կարծես թե, պատրաստ էինք, մտածում էինք, թե մեր դեմ լինելու է միայն Ադրբեջանը՝ իր քաղաքական, ռազմական, տնտեսական բոլոր հնարավորություններով: Եվ մեր պատրաստվածությունը հենց դրան համարժեք էր: Պարզվում է՝ Ադրբեջանը ուժերին վստահ չլինելով՝ դիմել է Թուրքիայի աջակցությանը, միջազգային ահաբեկչական խմբերի մասնակցությանը: Արդյունքում մենք այսօր ունենք մեծածավալ ռազմական թատերաբեմ, որն ամեն րոպե կարող է վերածվել ոչ միայն տարածաշրջանային, այլեւ ավելի մեծ հակամարտության:

Ինչ արվել է Ադրբեջանի կողմից սկսած սեպտեմբերի 27-ից, իմ խորին համոզմամբ դուրս է նաեւ մեր պատկերացրած դասական հակամարտությունների տրամաբանությունից: Որովհետեւ ոչ մի բանի առջեւ կանգ չեն առնում: Թուրքական եւ միջազգային ահաբեկչական ուժերին ապավինելը ցույց է տալիս, որ Ադրբեջանը վերջին ճիգերն է գործադրում ղարաբաղյան հիմնախնդիրը իր օգտին լուծել փորձելու համար: Վստահ եմ՝ դա չի հաջողվելու, որովհետեւ այն, ինչ մենք այս օրերին տեսնում ենք, ամեն ինչով ապացուցում է, որ այսօր Արցախի շուրջ համախմբվել է ոչ միայն ամբողջ հայությունը, այլ այն բոլոր երկրները եւ միջազգային այն կառույցները, որոնք լավ են պատկերացնում, թե ինչ է կոչվում տարածաշրջանային եւ միջազգային անվտանգություն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031