Անազատության մեջ գտնվող հայերի հետ՝ առաջնագիծ մեկնելու դիմումներ են գրել նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսացող կալանավորված ու դատապարտված անձինք։
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձ Սեթրակ Եբրահիմի նախապապերը հայ են եղել։ «Թավրիզի Մելիքսաիդի (Մելիքսեթի) թոռն եմ։ Դիմում եմ գրել, որ գնամ կռիվ։ Ասում եմ՝ պարոն դատավոր, կալանքս փոխի, գրավ ասա, փողը մուծեմ, գնամ հետ գամ էլի դատի»,–մեր հեռախոսազրույցում ասաց Սեթրակը։
Նրա խոսքով՝ պարսիկ դատապարտյալ իր ընկերները` Սաիդ Մուհամադին, Փուռիա Ռազեղին եւ էլի մի քանի հոգի նույնպես դիմում են գրել։ «Հայ ախպերների կողքին են ուզում կանգնել, հետո ինչ որ՝ իրանք մուսուլման են։ Ինձ ասում են՝ Սեթո, կգնանք՝ կջարդենք, հիմա ստեղ հայի հացն ենք ուտում, հայերը մեզ հետ լավ են»,–պատմեց Սեթրակը։
Ցմահ դատապարտյալ Միքայել Մարտիրոսյանը սեպտեմբերի 27-ից սկսած արդեն 3-րդ դիմումն է ուղարկել վարչապետին։ «Փաստացի մենք ձրիակեր ենք, ուտում ենք պետության հացը, մեզ պահելու համար պետությունը ծախսում է հսկայական գումարներ՝ լույս, ջուր, դեղորայք եւ այլն։ Իսկ սահմանի առաջին գծում 18-20 մեր հայ տղերքն ենք, որոնք հայ ազգի ապագան են»,–մեր զրույցում ասաց Միքայել Մարտիրոսյանը։ Նրա խոսքով, 2016թ-ի ապրիլյան քառօրյային նույնպես դիմում էին գրել, բայց ասել էին, որ իրենց կարիքը չի զգացվում։ «Դիմում եմ երկրի գլխավոր հրամանատարին․ ե՞րբ կլինի մեր կարիքը։
Կարդացեք նաև
Մեծարգո վարչապետ, մեծարգո նախագահ․ արդյոք թշնամին պիտի հասնի Երեւա՞ն կամ ինչքա՞ն մարդ պիտի նահատակվի, որ մեր կարիքը զգացվի։ Խնդրում եմ Ձեզ՝ պահպանեք մեր երիտասարդ տղաների կյանքը, հնարավորություն տվեք, որ մենք հատուցենք մեր արածի համար, ապացուցենք․ որ սխալ արարք ենք արել, բայց հանցագործ չենք»,–ասաց Մ․ Մարտիրոսյանը։
Ցմահ դատապարտյալը վստահեցնում է, որ հաղթանակից հետո, ոչ միայն ինքը, այլ բոլորը, ովքեր կալանավայրից կգնան առաջնագիծ ու չեն զոհվեն՝ կվերադառնան կալանավայր։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ ազատազրկման վայրերում գտնվողները, մասնավորապես «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող Արսեն Համբարձումյանը, Կարեն Կարապետյանը, Աբրահամ Սարգսյանը ու եւս 60 հոգի դիմել են իշխանություններին։ Նաեւ «Վարդաշեն» ՔԿՀ–ում պատիժ կրող սպաները, զինվորականներն են առանձին նամակով դիմել՝ թույլտվություն ստանալու ռազմաճակատ գնալու եւ իրենց զինվորական հմտություններն օգտագործելու ի շահ հայրենիքի։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Կալանավորված անձի լուսանկարը խմբագրությանը տրամադրել է ՔԿԾ հանրային կապերի բաժինը։ Հրապարակվում է նրա համաձայնությամբ