ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է ժողովրդին։
Աներեւակայելի է այն տոկոնությունը, որով մեր զինվորները, սպաները, գեներալներն ու ազատամարտիկները կանգնած են հրոսակային այս հարձակմանը հանդիման։ Մեր զինվորներն ու կամավորները չեն խնայում ոչինչ եւ հերոսության աներեւակայելի օրինակներ են ցույց տալիս։ Այսօր մարտի դաշտում հակառակորդի հարյուրավոր ոչնչացված զրահատեխնիկա կա, տասնյակ օդանավեր եւ ուղղաթիռներ, հարյուրավոր ԱԹՍ-ներ, մարդուժի կորուստներն անցնում են մի քանի հազարը։
Այս պահի դրությամբ էլ թեժ մարտերը շարունակվում են առաջնագծի տարբեր հատվածներում։ Որոշ տեղերում ՊԲ զորքերը գտնվում են բավականին ծանր դրության մեջ, որոշ տեղերում վստահորեն տիրապետում են իրավիճակին։
Մենք ապրում ենք մեր հազարամյա պատմության, թերեւս, ամենավճռորոշ փուլում։ Ադրբեջանաթուրքական հրոսակախմբերը միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ, որ հետապնդում են, նրանք միայն Ղարաբաղի եւ Ղարաբաղի հետեւից չէ, որ եկել են, նրանք չեն եկել միայն տարածքներ, գյուղեր կամ քաղաքներ գրավելու նպատակով, նրանց նպատակը հայությունն է, նրանց նպատակը հայոց ցեղասպանության՝ իրենց քաղաքականության շարունակությունն է։ Եվ նրանք խնդիր են դրել հայոց ցեղասպանությունը շարունակելու այսօր։
Կարդացեք նաև
Ուզում եմ ասել, որ հիմա այլևս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Արցախի Հանրապետության քաղաքացին Դերզորի ճամփորդը չէ։ Այսօր ավելի քան երբևէ մենք համակված ենք մեր ինքնությունը, մեր հայրենիքը, մեր իրավունքը պաշտպանելու անխորտակելի վճռականությամբ։
Հաղթանակը, միայն ու միայն հաղթանակը, բացառապես հաղթանակն է ավարտը, որ մենք ակնկալում ենք այս պայքարի վերջում:
ՀՀ վարչապետ, գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյան