Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դրսի կողմին տեղեկատվական հոսքը հիմնականում գնում է Հայաստանից և հօգուտ մեզ». Տիգրան Քոչարյան 

Հոկտեմբեր 03,2020 17:17

«Տեղեկատվական հոսքերը կառավարվում են պաշտոնական ատյանների կողմից, որպեսզի խուճապ, հուսալքության քարոզ չլինի, և կարելի է  ասել, որ դա հաջողվում է»,-«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը:

Ըստ նրա՝ միակ խնդիրը դաշտում ավելորդ էյֆորիան և պաթոսն է: Իհարկե, փորձագետը սա որոշ դեպքերում հասկանալի է համարում, բայց նշում ՝ պետք է ամեն օր ավելի շատ կշռադատված ու սառը դատողություններով շարժվել, քանի որ ամեն դեպքում վիրտուալ պատերազմ չէ, այլ իրական. «Այսինքն՝ սոցցանցերում ռեմբոյությունը պետք է ժամանակավորապես սահմանափակել, և սոցցանցերը սկսեն աշխատել այն նպատակների համար, ինչպիսին է տեղեկատվական ճակատում օգնել պետական մարմիններին կամ այլ մարմիններին, դրամահավաքի, կարևոր պարագաների հավաքի տեսքով, բայց էլի պետք է կենտրոնացված արվի պետական մարմիների հետ»:

Փորձագետն ասաց, որ սոցցանցերում մի շարք խնդիրներ կան այն առումով, որ մարդիկ չեն կարողանում իրենց զսպել. «Օրինակ՝ չի կարելի տեսանյութեր ցուցադրել, որտեղ երևում է տեղանքը ռմբակոծության ժամանակ: Նավոդչիկներ կան, որոնք որոշ կետերով, բարձրունքներով, շենքերով ուղղում են կրակը, և այդ նկարներն ուղղակի ադրբեջանցիներին օգնում են մյուս անգամ հարվածել այնտեղ, որտեղ այս անգամ չկարողացան հարվածել: Շատ վտանգավոր էին ԱԹՍ-ի խոցման տեսանյութերն Աբովյանում: Էլի թշնամին կարող է համապատասխան հաշվարկներ անելով՝ իմանա՝ ով, որտեղից, որ ուղղությամբ է նկարել: Կարող է հաշվարկ անել և մոտավորապես տեղորոշել հայկական ՀՕՊ-ի վայրերը, թե որտեղից են կրակել ԱԹՍ-ի վրա կամ որտեղից են շարժվել: Եթե հնարավոր է, պետք է առավելագույնս զսպել պատերազմական իրավիճակում տվյալներ, նկարներ, տեսանյութեր տեղադրելը, որոնք կարող են ապագայում վնաս տալ կա′մ խաղաղ բնակչությանը, կա′մ մեր զինվորականներին: Դա կապված է զինակոչիկների ավտոբուսների հետ, Ադրբեջանն իմանում է, թե ինչ ավտոբուս է շարժվում: Գիտենք՝ իրենց ԱԹՍ-ները երկար հեռավորություն կարող են անցնել և հարվածային ԱԹՍ կարող են սահմանի կողքին պտտացնել, տեսնել, որ այդ ավտոբուսը, որի գույնի մասին տեղեկություն ունեն, եկել է և հարվածեն: Իհարկե, առաջին հայացքից մարդիկ հպարտանում են, որ իրենց հարազատներին ճանապարհում են առաջնագիծ, բայց այս թվացյալ անմեղ ու լավ բանը կարող է բերել խոշոր մարդկային զոհերի: Պետք չէ նաև չաթերով ինֆորմացիա փոխանակել ընդհանուր տրամադրությունների մասին,  ենթադրենք՝ մեր շենքից զինվոր է վիրավորվել, բոլորը կատաղած են և այլն: Թշնամին մոնիտորինգ է անում ցանցերը և իմանալով տրամադրությունները՝ հասկանում է , թե որ ուղղությամբ պետք է կատարեն տեղեկատվական գրոհ»:

Տիգրան Քոչարյանն ասաց, որ չի կարելի նաև «ոտքերը գետնից կտրել», օրինակ, երբ հայտարարում են, թե Բաքու են հասել, կամ դուրս են եկել ադրբեջանառուսական սահման: Ըստ նրա՝ դուխ տալը կարևոր է, բայց այն պետք է ունենա տրամաբանության սահմաններ: Նա հորդորեց «ոտքը գազից հանել» և տեղափոխվել ռացիոնալ դաշտ:

Խոսելով ադրբեջանական կողմի բացված կեղծ էջերի մասին՝ Տիգրան Քոչարյանն ասաց, որ դրանք շատ արագ բացահայտվում են, նաև կարևորեց հայկական կողմի տեղեկատվական հասքերի կառավարումը: Նրա վստահեցմամբ՝ հիմնականում թշնամուն չի հաջողվում կես ժամից շատ խուճապ տարածել սոցցանցերում. դա արագ բացահայտվում է:

Տիգրան Քոչարյանն ասաց, որ սկզբի օրերին հիմնական պայքարն այն է եղել, որ ապացուցեն, որ հենց Ադրբեջանն է եղել ագրեսորը և առաջին հարձակվող կողմը, քանի որ դրանով շատ հարցեր են լուծվում:

Խոսելով Ադբեջանի կողմից սոցցանցերի փակման մասին՝ Տիգրան Քոչարյանն ասաց. «Ադրբեջանը մեծ օգնություն ցույց տվեց ՀՀ-ին՝ արգելելով սոցցանցերը: Արդեն հնարավոր դարձավ Ֆեյսբուքով և Թվիթերով արտաքին լսարանին հասցնել մեր ասելիքը, քանի որ ադրբեջանական կողմի կարծիքները կամ չկային, կամ շատ ավելի քիչ էին և ուղղակի կորչում էին ՀՀ-ից եկող ինֆորմացիոն հոսքերում: Ռուսալեզու հարթակներում ավելի լավ իրավիճակ  է, քան անգլիալեզու: Թուրքիան միացնում է Ադրբեջանին իր ամբողջ լոբբիստական լծակները, որոնք տասնյակ տարիների ձևավորել է Հայոց ցեղասպանությունը մերժելու պայքարի ընթացքում: Ինքն այդ գործիքներով օժանդակում է Ադրբեջանին և անգլիալեզու հարթակներում խնդիրներ առաջացնում: Բայց մեզ հաջողվել է միջազգային հանրությանը հասցնել, որ ահաբեկչական խմբավորումներ են Արցախում գտնվում ադրբեջանական կողմից, և դա բավականին բացասաբար է անդրադառնում Ադրբեջանի վարկանիշի վրա: Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն այդ հարցը բարձրացրել են և նշել, որ խիստ դեմ են: Մի երկիր, որը դիմում է ահաբեկիչների աջակցությանը, շատ մեծ շանսեր ունի ապագայում իզգոյ երկիր դառնալու»:

Ըստ Տիգրան Քոչարյանի՝ առաջ շատ ավելի հեշտ էր հասկանալ իրավիճակը, մոնիտորինգ անել,  երբ սոցցանցերը Ադրբեջանում բաց էին. «Ֆեյսբուքում գրում, նկար էին տեղադրում, մոնիտորինգ էր արվում, որոշվում: Հիմա շատ ավելի խիստ է այնտեղ և խնդրահարույց: Նույնիսկ, եթե կարողանա մարդ նկար տեղադրել՝ արգելափակումը շրջանցելով, այդ մարդը գուցե մի ժամից հետո գոյություն չունենա. կամ կսպանվի կամ կհայտնվի ԱԱԾ ճիրաններում»:

Ըստ Տիգրան Քոչարյանի՝ լավ է, որ ՀՀ-ն և Արցախը բաց են միջազգային լրագրողների համար: Նա պարզաբանեց. «Արցախում նրանք շատ ակտիվ աշխատում են, ի տարբերություն Ադրբեջանի: Եվ էլի տեղեկությունը գալիս է ՀՀ-ից կամ Արցախից և այսպես ասած, եթե ոչ պրոհայկական, ապա այնպիսի չեզոքությամբ, որ էլի արտաքին աշխարհը կարողանում է պատկերացնել, որ ռմբակոծվում են խաղաղ բնակիչներ, և պատերազմը գնում է խաղաղ բնակչության դեմ: Այնպես որ, դրսի կողմին տեղեկատվական հոսքը հիմնականում գնում է  Հայաստանից և հօգուտ մեզ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031