Ասմարյանների ընտանիքը 7 տարի առաջ Սիրիայից տեղափոխվել է Արցախ։ Եվ Ստեփանակերտում հիմնել են սրճարան, որն այս օրերին անվճար սնունդ է մատուցում զինվորականներին և դրա կարիքն ունեցողներին։
Ընտանիքի հայր Հովիկ Ասմարյանն ասում է․ «Բոլոր հայերի նման մենք ևս հուզված ենք, որ կռիվ է։ Իսկ կռվի ժամանակ միշտ զոհ է լինում, իսկ մեզ միայն դա է անհանգստացնում։ Բայց խուճապ ընդհանրապես չկա, դա է վկայում այն է, որ ես ու իմ ընտանիքը այստեղ ենք։ Դա փաստ է, որ մենք հանգիստ ենք և հավատ ու հույս ունենք մեր բանակի վրա»։
Նա հիշում է, որ Արցախ տեղափոխվելուց իրենց միշտ հարցնում էին, թե արդյոք գիտե՞ն, թե ուր են տեղափոխվում․ «Թե՛ պայմաններն էին հարմար Արցախում, թե՛ մեր նահատակների հիշատակը միայն բանաստեղծություններով չէ, որ պետք է պահենք, այլ նաև իրենց արած գործը պետք է շարունակենք, և որքան կապրենք այս հողի վրա, շենացնենք այս հողը։ Ես հավատում եմ, որ իրենց հոգիները ավելի երջանիկ կլինեն, երբ տեսնեն մի տեղ բացվեց, մի տուն բացվեց, մի օջախի կրակ վառվեց, քան թե թեկուզ հարյուր հազարներով իրենց անուններով երգ երգեն։ Դա իր տեղն ունի, բայց սա էլ կարևոր է, և պետք է ազգովի այդ բանը նկատի ունենանք և ջանանք իրենց սխրանքին արժանի պատասխանը տալ՝ ապրելով»։
Կարդացեք նաև
Հովիկի խոսքով՝ իրենց սրճարանում փորձում են հնարավորինս օգտակար լինեն մարդկանց․ «Հայրենիքն է, քո կարիքն ունի, ամեն մեկը իր տեղում պետք է լինում։ Դա ինքնաբուխ եղավ։ Մենք մեր միջոցներով ենք անում, և մենք նաև կամավոր ենք, օրինակ՝ այստեղ ժամը 4-5-ից հետո հանդարտ է, մինչև մարդիկ գան այստեղ, ընտանիքս գնում է հացի փուռ, որտեղ կամավորների կարիքն ունեն, օգնում են հաց թխել․ հաց ենք հասցնում բանակի համար»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարները՝ Նարեկ Ավագյանի