Մասնագիտությամբ ռեժիսոր 32-ամյա Մարիա Կարապետյանն իր 6 և 7 տարեկան երկու երեխաների հետ ապաստարանում է պատսպարվել։
«Առավոտ արթնացանք, միանգամից իջանք ապաստարան։ Չենք էլ հիշում, որ օրն էր, երևի 5-6-րդ օրն է, որ այստեղ ենք։ Առաջին երկու օրը ամեն ինչ լավ զգացվում էր, և պատուհանից մենք տեսանք, թե ինչ է տեղի ունենում»,- հիշում է նա։
Մարիան հնարավորությունների սահմանում անում է ամեն ինչ, որ երեխաները չզգան, որ ապաստարանում են գտնվում։ Իրենց հետ բերել են դպրոցական պարագաները, և օրվա ընթացքում հատուկ ժամեր են առանձնացրել՝ ուսման, խաղերի, հանգստի համար․ «Հնարավորության սահմաններում նրանց մոտ ընդհանրապես չենք խոսում ոչ մի բանի մասին, գիտեն՝ ամեն ինչ լավ է, ամեն օր հաշվում են, թե քանի ուղղաթիռ խոցեցին, ու գիտեն, որ հայրն այնտեղ է, ու ամեն ինչ կարգին է լինելու»,- ասաց նա հավելելով․ «Երեխաներին, որ արթնացրեցինք, փոքրին թվում էր, թե հրավառություն է տեղի ունենում։ Մեծս զգաց ինչ-որ բան, իր մոտ տպավորություն էր, որ երկրաշարժ է, որովհետև դղրդոց տեղի ունեցավ։ Հետո, որ իրենց ասացինք, որ այստեղ պետք է մնանք, հետո էլ, որ զինվորականի ընտանիքում ենք, վերջիվերջո, մենք Արցախում ենք ապրում, և արդեն փոքրուց երեխաներին պետք է դաստիարակենք, թե որտեղ ենք ապրում, ինչ սցենարներով մեր կյանքը կարող է անցնել»։
Կարդացեք նաև
Երեխաների համար նաև կավ են բերել, և նրանք կավից իրեր են պատրաստում, շուտով պատրաստվում են ցուցահանդես կազմակերպել ապաստարանում։
Նրանք հրաժարվել են Երևան տեղափոխվել․ «Հռոմի պապն էլ իջնի, Երևան չեմ գնա։ Ինչպե՞ս կարելի է, բա որ թիկունքը չլինի՞… Իմ մանկությունը ևս անցել է ապաստարաններում, և հոգեբանորեն պետք է ճիշտ նախապատրաստվես, որ վախի զգացողություն չլինի։ Ավելի գունավոր պետք է օրդ դարձնես։ Այս սևի մեջ գունավորը ավելի վա՞ռ է, չէ՞, ու վախն էլ գունավորը ջնջում է։ Երեխաներն էլ հոգեբանորեն այդ ամենին պատրաստ են։ Սա ամեն մեկս պետք է գիտակցենք, վախ չպետք է լինի, վախ չպետք է գոյություն ունենա։ Ի՞նչ է, տղաները չեն վախենո՞ւմ, ուրեմն՝ մենք էլ նույն վախով կամ անվախ պետք է այստեղ լինենք։ Գնանք, որ ի՞նչ, հանգիստ ջնջե՞ն։ Ո՛չ, չի կարող նման բան տեղի ունենա»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարները՝ Նարեկ Ավագյանի