Լրահոս
Օրվա լրահոսը

«Հստակ է՝ Ադրբեջանը հեռացել է ՌԴ-ից. Ալիեւը կորցրել է Պուտինի վստահությունը». Դենիս Դվորնիկով

Հոկտեմբեր 03,2020 13:48

Արցախի շուրջ տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների մասին Aravot.am-ը զրուցել է «Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի» անդամ, հրապարակախոս, Ռուսաստանի եւ Հայաստանի հարցերով փորձագետ Դենիս Դվորնիկովի հետ:

-Պարոն Դվորնիկով, ինչպես հայտնի է, Ֆրանսիան, որը Եվրամիությունում «Բրեքզիտից» հետո մնացել է միակ միջուկային պետությունը, նախաձեռնողականություն է ցուցաբերում՝ Ադրբեջանի կողմից Արցախը զավթելու նպատակ հետապնդող պատերազմը դադարեցնելու եւ հակամարտության կարգավորման շուրջ նոր բանակցություններ սկսելու հարցերում: Ձեր գնահատմամբ՝ որքանո՞վ է սա պայմանավորված Թուրքիայի գործոնով եւ վերջինիս՝ հօգուտ Ադրբեջանի հակամարտությանը միջամտելու հանգամանքով:

-Կներեք, բայց ես որեւէ նախաձեռնողականություն չեմ տեսնում: Այո, Ֆրանսիայի նախագահը զանգահարում է կոնֆլիկտի երկու կողմերին եւ հաստատում, որ Ադրբեջանի կողմից կռվում են Սիրիայից բերված զինյալներ, բայց նրա խոսքով՝ խոսքը 300 զինյալների մասին է: Միանգամայն համոզված եմ, որ այդ թիվն իրականում մի քանի անգամ մեծ է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններից որեւէ մեկից դեռեւս չի նկատվում անհրաժեշտ արդյունավետություն, եւ դա այն պայմաններում, երբ նրանք բոլորն էլ փաստել են զինյալների առկայության մասին: Մինսկի խմբի գործողությունները բավարար չեն, իրավիճակը շատ ավելի հեռուն է գնում: Պետք են հասցեական գործողություններ ագրեսորի հանդեպ, որը դարձել է հենց Ադրբեջանը:

-Հաշվի առնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները՝ ձեր կարծիքով, որքանո՞վ կարող ենք փաստել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում հակամարտության կարգավորման նախաձեռնողականությունը Ռուսաստանի ձեռքից անցնում է Ֆրանսիային:

-Իրականում այնքան էլ կարեւոր չէ, թե ով է հրապարակային դաշտում կամ դիվանագիտական՝ ոչ հրապարակային ուղղություններով, ավելի մեծ նախաձեռնողականություն դրսեւորում: Կարեւորն արդյունքն է: Միանշանակ, Հայաստանն ու Արցախը զգացմունքային կգնահատեն յուրաքանչյուր գործընկեր-պետության դերակատարումը, բայց հայերը եւ ֆրանսիացիները միշտ առանձնահատուկ հարաբերություններ են ունեցել, թեեւ արդյունք դեռեւս չկա:

-Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիայի հետեւանքով ներկայում առկա իրավիճակն ի՞նչ է փոխել եւ ի՞նչ կարող է փոխել հայ-ռուսական հարաբերությունների կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում:  

-Դեռեւս դժվար է հետեւություններ անելը: Բայց հստակ կարելի է ասել, որ Ադրբեջանը հեռացել է Ռուսաստանից: Ալիեւը կորցրել է Պուտինի վստահությունը: Ռուսաստանյան տեղեկատվական դաշտում Ադրբեջանը կոնֆլիկտի անվիճելի մեղավորն է: Ռուսաստանցիների մեծ մասը սատարում է հայկական կողմին: Ռուսաստանը մեծ նավ է, որը դանդաղ է շրջադարձ կատարում, բայց եթե հետ շրջվեց՝ դա արդեն լուրջ է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031