Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք մտնում ենք լսարան ու ասում՝ Կարենը այ այստեղ էր նստում

Հոկտեմբեր 03,2020 13:58

Հակառակորդի դեմ մղվող համառ մարտերում հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսներից Կարեն Մարգարյանը Տավուշի մարզի Պառավաքար գյուղից էր:

ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ուսանող Կարենը բանակ էր զորակոչվել 2019թ. հունվարին՝ բոլոր քննությունները փայլուն հանձնելուց հետո:

-Կարենի մասին այնքան բան կարող եմ պատմել: Հիմա հիշողություններս խառնվել են իրար,- ասում է Կարենի համակուրսեցին՝ Սյուզին:

– Կարենը այնքան բարի էր, այնքան դրական, խելացի: Միշտ նստում էր առաջին նստարանին: Մենք հաճախ իրար հետ էինք նստում: Շատ հոգատար էր: Ինձ ասում էր, որ միայն իմ դասերով զբաղվեմ, լավ սովորեմ: Մինչև հիմա ոչ ոք չի հավատում: Մեր կուրսը չի կարողանում դաս անել: Մենք մտնում ենք լսարան ու ասում՝ Կարենը այ այստեղ էր նստում: Ամեն ինչ նրա մասին է հիշեցնում:

Սյուզին պատմում է, որ մի անգամ իրենց ֆակուլտետի ուսանողական խորհուրդը գնացել էր հենց Կարենենց զորամաս: Կարենը իր ստուգման գրքույկը տվել էր նրանց, խնդրել, որ փոխանցեն Սյուզիին, որ պահի իր մոտ: Ասել էր, որ արդեն անվճար համակարգում է սովորելու:

-Քննությունների ժամանակ իրեն ընկած հարցերին ուզում էր մինչև վերջ պատասխանել, մինչև վերջին բառը: Դասախոսները ասում էին  «Կարե ՜ն ջան, հերիքա՛, գիտենք, որ գիտես»:

Միշտ, ինչ հարց էլ, որ լիներ, մենք կարող էինք դիմել Կարենին ու գիտեինք, որ ինքը մեզ կօգնի: Կարենը բոլորիս հիշողության մեջ կմնա, որպես հոգատար ու լավ ընկեր, որպես մեր հերոս: Հիմա մեր կուրսից տղաներ կան, որ կամավորագրվել են, ու մեզ մնում է միայն աղոթել նրանց ու բոլորի համար:

Այսօր զանգահարել էինք նաեւ Կարեն Մարգարյանի ընկերոջը՝ Շավարշ Բաբայանին: Խոսեցինք, անջատեց, իսկ օրվա վերջում ինքը զանգահարեց: Հարցեր չտվեցինք, խնդրեցի, որ ուղղակի պատմի:

-Կարենը Պառավաքարից էր, ես՝ Ներքին Կարմիրաղբյուրից: Մենք ծանոթացել էինք մարզային օլիմպիադաների ժամանակ: Հետո միասնական քննությունների համար էինք շատ խոսում, թեստեր էինք գրում օգնում էինք իրար: Երկուսս էլ ընդունվեցինք ՀՊՏՀ: Տարբեր հոսքերում էինք սովորում, բայց դա մեզ չէր խանգարում, որ ամեն օր կամ գոնե երկու օրը մեկ իրար տեսնեինք:

Կարենը շատ պարտաճանաչ էր:  Ժամը 8:30-ին համալսարանում էր լինում: Դասերին էր պատրաստվում, կարդում էր: Մի անգամ հարցրի, թե ինչո՞ւ է էդքան շուտ գալիս, ասաց, որ ավելի լավ է մեկ ժամ շուտ գա, քան հինգ րոպե ուշ: Ամբողջ կուրսը հպարտանում էր Կարենով, որ այդքան խելացի է:

Զինկոմիսարիատ նամակ էր գրել, որ քննություններից հետո գնա բանակ: Շատ լավ հանձնեց ու հունվարի 30-ին գնաց: Մնացել էր չորս ամիս, որ գա, ու էսպես եղավ:

Բանակում էր, բայց մենք շարունակում էինք մեր կապը պահել: Վերջին անգամ խոսել էինք սեպտեմբերի 7-ին: Ամեն անգամ հարցնում էր դասերից, քննություններից, հետաքրքրվում էր ուսանողական կյանքով: Միշտ հարցնում էի՝ Կա ՛ր, ո՞նց ես, իսկ ինքը ասում էր՝ սրանից լավ չի էլ լինում:

Լուսինե ԳՈՒԼՅԱՆ                

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031