Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ արևմտյան վերլուծական կառույցներից մեկի` Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) փորձագետները զեկույց են հրապարակել, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև։
«Լեռնային Ղարաբաղի համար պատերազմից 30 տարի անց՝ անհաջող բանակցություններից ու սահմանային բախումներից հետո, Հայաստանն ու Ադրբեջանը նորից վերադարձան պատերազմի։ Ճակատային մարտերը, որոնցից հետո Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին անցավ հարձակման, վերածվեցին իսկական կռվի՝ մեծաթիվ զոհերով։ Չնայած միջազգային հանրության՝ զսպվածության կոչերին՝ ինչպես հայերը, այնպես էլ ադրբեջանցիները մարտական են տրամադրված։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեփական ռազմաշունչ հայտարարություններն է անում Բաքվին աջակցելու վերաբերյալ։ Միջազգային անհապաղ քայլեր չձեռնարկվելու դեպքում մարտական գործողությունները կարծես թե սրվելու են, և կողմերը շատ թանկ են գին են վճարելու»,- ասված է հոդվածում։
Փորձագետները նշում են, որ Ռուսաստանն այս հակամարտությունում հավանաբար ունի հրադադարի հասնելու ամենալավ հնարավորությունները։ «Մոսկվան ֆորմալ առումով Հայաստանի դաշնակիցն է, սակայն կապեր ունի երկու կողմի հետ էլ։ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի հետ Ռուսաստանը ղեկավարում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը տասնամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման խաղաղ ճանապարհներ էր փնտրում։ Մոսկվան 2016թ․ ապրիլին օգնեց վերջ դնել բռնությանը Լեռնային Ղարաբաղում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նորից է առաջարկել ի միջնորդությունը, թեպետ այս անգամ նման գործարք կնքելը բարդ կլինի՝ հաշվի առնելով, որ երկու երկրներն էլ, բայց հատկապես Բաքուն, կորցրել են հավատը ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդեպ։ Դեռևս մարտական գործողությունները շարունակվում են, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և մյուս եվրոպական երկրները պետք է ճնշում գործադրեն երկու կողմի վրա էլ, որպեսզի նրանք հարգեն միջազգային իրավունքը և կանխեն քաղաքացիական բնակչության տառապանքները։
Դեռևս պարզ չէ, թե ինչպես են սկսվել մարտական գործողություններն այս անգամ, թեպետ ադրբեջանական ուժերը ռազմաճակատի 200-մետրանոց երկայնքով մի քանի առանցքային կետերում առաջխաղացում են ունեցել տանկերով, ուղղաթիռներով, հետևակով և անօդաչուներով։ Մարտերի առաջին օրերին ադրբեջանական հրետանին, հրթիռներն ու անօդաչու սարքերը խոցել են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը։ Հոկտեմբերի 1-ի դրությամբ հավաստի էլ տեղեկություններ էին ստացվում բուն ՀՀ տարածքին հարվածելու մասին։ Ստեփանակետրը՝ 55 հազար բնակչությամբ, ընկղմվել է խավարի մեջ, սրացման դեպքում ռիսկի կարող են ենթարկվել ավելի շատ մարդիկ․ մոտ 300 000 մարդ, որ ապրում է շփման գծից 15 կմ հեռավորության վրա, հարվածի տակ են ընկնում։ Քանի որ հայկական ուժերը զբաղեցնում են ավելի բարձր դիրքեր Լեռնային Ղարաբաղի դժվարամատչելի տեղանքում, ադրբեջանական զորքերի կորուստները լեռներում, նրանց խորանալուն զուգահեռ, հավանաբար շատ կլինեն, թեպետ հայկական բանակը նույնպես մեծ կորուստներ ունի»,- ասում են փորձագետները։
Կարդացեք նաև
Նրանք անդրադարձել են նաև հակամարտության սրման գործոններին՝ մասնավորապես գրելով հետևյալը․ «Այս սրացման հետևում մի քանի գործոն է կանգնած։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը ՄԱԿ-ում սեպտեմբերի 25-ի ելույթի ժամանակ նորից բողոքեց բանակցային գործընթացի արդյունքներից, բազմիցս հայտարարել էր իր տարածքները վերականգնելու իր ժողովրդի ցանկության մասին։
2016թ․ բախումների ժամանակ Ադրբեջանն իր վերահսկողության տակ վերցրեց 2 ռազմավարական բարձունք, բայց դրանց մեծ մասը մնաց հայերի ձեռքում, և 1990թ․ տեղահանվածներից ոչ ոք չկարողացավ հետ վերադառնալ։ Բաքուն, հավանաբար, որոշել է առաջ գնալ այս անգամ՝ հույս ունենալով ավելի շատ տարածքներ վերցնել իր վերահսկողության տակ։ Այս դեպքում Անկարայի աջակցությունը նրա համար լրացուցիչ գործոն է։ Թուրքիան բացահայտ սատարում է Ադրբեջանին՝ Հայաստանին կոչ անելով լքել «օկուպացրած տարածքը»։
Թեպետ մինչ այժմ հայկական կողմը պաշտպանական դիրքորոշում էր բռնել, սակայն դա կարող է փոխվել, եթե նրա կորուստները աճեն, իսկ Բաքուն շարունակի գործել, կարծում են հեղինակները։ «Հայաստանը դեռևս լրացուցիչ ուժեր չի կենտրոնացրել ճակատում, այդուհանդերձ Երևանը պատրաստվում է էսկալացիայի․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը զենք կվերցնի և կմեռնի՝ Լեռնային Ղարաբաղը պաշտպանելով։ Եթե մարտական գործողություններն անցնեն Հայաստանի տարածք, դա տեսականորեն պիտի գործի դնի Ռուսաստանի հետ պաշտպանական դաշինքը, թեպետ քիչ հավանական է, որ Մոսկվան ու Երևանն ուզում են այդքան հեռուն գնալ»,- ասված է հոդվածում։
Ըստ Ճգնաժամային խմբի փորձագետների՝ այսօր մարտական գործողություններն ավելի դժվար է լինելու դադարեցնել, քան 2016թ․-ին, երբ միջամտեց Ռուսաստանը, որը կարողացավ Բաքվին համոզել, թե վերջինս կարող է բանակցությունների միջոցով վերադարձնել գոնե տարածքների մի մասը։ «Այդ ժամանակվանից ի վեր՝ խաղաղ գործընթացը գրեթե դադարել է, ինչն էլ ռազմաշունչ հռետորաբանության աճին է նպաստել։ Բաքուն կորցրել է ամեն տեսակ հավատն առ այն, որ բանակցություններով կարող է հասնել իր նպատակներին։ Զոհերի աճին զուգահեռ՝ պատերազմի ախորժակը կարող է պակասել, բայց հայերն էլ, ադրբեջանցիներն էլ շատ թանկ գին են վճարելու։ Իրավիճակն ավելի է վատանալու՝ բերելով հսկայական մարդկային զոհերի մեծ ռիսկ իր հետ։
Հակամարտության ևս մի գործոն է Թուրքիան, որն օպտիմալ տարբերակում պետք է աշխատի Ռուսաստանի հետ, ինչպես մյուս հակամարտությունների դեպքում (Սիրիայում և Լիբիայում)։ Բայց պարզ չէ, թե ինչ ազդեցություն կունենա Էրդողանը, եթե փորձի Ադրբեջանին համոզել դադարեցնել մարտական գործողությունները։ Միաժամանակ Անկարայի հռետորաբանությունը և աջակցությունը սնում են Բաքվի համարձակությունը»,- նշում են հեղինակները։
Եզրափակելով հոդվածը՝ միջազգային ճգնաժամային խումբը հավելում է, որ Մինսի խումբը ամիսներով մաքոքային դիվանագիտություն է վարում, թեպետ վերջին ամիսներին տարածաշրջանը բոլորովին էլ Վաշինգտոնի առաջնահերթությունների թվում չէր։ «Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, ապա նրանք կարող են համագործակցել Մոսկվայի հետ։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը չի թաքցնում, որ նման համագործակցությունը կարևոր է Եվրոպայում և հարևանությամբ խաղաղություն հաստատելու համարւ։ Բայց, ցավոք, մոտ ապագայում մարտական գործողությունները միայն սրվելու են։ Այդ դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է օգտագործեն ցանկացած հնարավորություն, կողմերին ստիպելու թուլացնել լարվածությունը և դադարեցնել կրակը»։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ