Կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը:
Արտակ Մովսիսյանը ծնվել է 1970 թվականի ապրիլի 10-ին, Աբովյան քաղաքում։ 1997 թվականին «Վանի թագավորության մեհենագրությունը» թեմայով պաշտպանել է ատենախոսություն, որի համար ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովների: Հեղինակ է մեկ տասնյակից ավելի պատմագիտական ուսումնասիրությունների (մենագրությունների), հինգ փաստագրական ֆիլմերի և ավելի քան երեք տասնյակ գիտական հոդվածների։
2015 թվականի սեպտեմբերի 22-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հայաստանի գրավոր մշակույթը նախամաշտոցյան ժամանակաշրջանում» թեմայով, որի համար նրան շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 2016 թվականից հանդիսանում էր ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչը: