Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր պատերազմի դեմքը․ «Ազգ»

Հոկտեմբեր 03,2020 08:31

Նույնիսկ անփորձ դիտորդների համար շատ պարզ էր, թե ինչ էին նախագահներ Էրդողանն ու Ալիեւը ծրագրում Կովկասում՝ հուլիս եւ օգոստոս ամիսներին անցկացնելով լայնածավալ ռազմական վարժություններ բուն Ադրբեջանում եւ Նախիջեւանում, այդ վայրեր տեղափոխելով ամենաարդիական ռազմական ծանր հրետանի: Գործողություններն անշուշտ շատ ավելի լավ էին փաստագրել տարածաշրջանում աշխատող ռազմական դիտորդներն ու ծրագրավորողները:

Ալիեւի՝ Հայաստանի հասցեին ուղղված հեգնական հարձակումներն ու Էրդողանի՝ ՄԱԿ-ում հնչեցրած քննադատությունը առ այն, որ Հայաստանը անկայունության գործոն է Կովկասում, վստահաբար նախապատրաստվող պատերազմի նախանշաններն էին:

Սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմը սանձազերծվեց, Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանին մեղադրեցին հակամարտությունը սկսելու համար: Սակայն, տեխնոլոգիական պատերազմի մեր օրերում, գերտերություններն իրենց արբանյակային տեսագրությունների միջոցով մշտադիտարկումներ են կատարում երկրագնդի թեժ կետերի վերաբերյալ եւ անշուշտ դժվար չէ պարզել ճշմարտությունը:

Ամբերին Զամանը «Ալ-Մոնիտորում» գրում է. «Համընդհանուր եզրակացությունն այն է, որ հավանաբար Ադրբեջանն է հրահրել հարձակումը՝ Թուրքիայի կողմից ռազմական օժանդակության խոստումներ լսելուց հետո»:

Լոնդոնում տեղակայված «Chatham House» ուղեղների շտեմարանի կովկասյան հարցերի գծով տնօրեն Լոուրենս Բրոերսն էլ ավելացնում է, որ «Ադրբեջանի դիտավորյալ, բայց սահմանափակ նպատակներով գործողությունները մտադրված են տարածքներ վերագրավելուն եւ առավել նպաստավոր հրադադար կնքելուն՝ որպես ռազմական հաղթանակ»: Իր հերթին, նախագահ Էրդողանն ինքն էլ խոստովանեց, որ «Ադրբեջանն ստիպված էր խնդիրն իր ձեռքով լուծել», քանի որ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Մ. Նահանգների կողմից կազմված ԵԱՀԿ միջնորդների Մինսկի խումբը 30 տարի է, ինչ չի կարողանում կարգավորել հակամարտությունը:

Հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սրվում էր արդեն երկար ժամանակ, եւ դիտորդները փորձում են պատասխանել, թե ինչու հենց հիմա տեղի ունեցավ բախումը: Կան բազմաթիվ ենթադրություններ: Դրանցից մեկը, վստահաբար, նախագահ Ալիեւի բռնատիրական իշխանության քայքայումն է: 2003 թվին նա իր հորից՝ Հեյդարից էր ժառանգությւոն ստացել նավթային այդ կայսրությունը եւ պատրաստվում էր այն փոխանցել իր հզոր կնոջը եւ երկրի փոխնախագահին՝ Մեհրիբանին, երբ նախկին Խորհրդային Միության գրեթե բոլոր երկրներում (Ղազախստանից Հայաստան, Ուկրաինայից Բելառուս) տեղի են ունենում հասարակական եւ քաղաքական հուզումներ, նման զարգացումը ազդելու էր Ադրբեջանի հասարակության վրա: Այնտեղ բնակվող լրագրողներ, լեզգիական եւ թալիշական խմբավորումների առաջնորդները փտում են բանտախցերում, մինչ լուռ տարաձայնությունները գնալով խորանում են երկու՝ Փաշաեւ եւ Ալիեւ կլանների միջեւ: Ի դեպ, Մեհրիբանը Փաշաեւների կլանից է սերում:

Այս բոլորը զգալիորեն թուլացրել էին Ալիեւի իշխանությունը եւ նրան հանգեցրել այն եզրակացության, որ թեկուզ փոքր հաղթանակը Հայաստանի դեմ կռվում նոր շունչ կտա իր վարչակազմին եւ ազգայնամոլական նոր ավյուն կհաղորդի իր քաղաքացիներին:

Ժամանակի առումով երկրորդ վարկածը կարելի է վերագրել Էրդողանին, որն իր հեղինակությունը կորցրել է Ադրբեջանում: Եվ ոչ միայն այնտեղ: Ռուսաստանի հետ նրա հարաբերությունները փակուղի են մտել Սիրիայի եւ Լիբիայի հարցերի պատճառով: Նրան անհրաժեշտ է Պուտինի հետ հարաբերությունները կարգավորելու մի նոր պայման, հատկապես Մ. Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ նրան ուղղված կշտամբանքներից հետո:

Նախագահ Էրդողանը ամռանը Հունաստանի եւ Կիպրոսի տարածքային ջրերում իր ռազմանավերն էր տեղակայել՝ մարտահրավեր նետելով բոլոր այն երկրներին, որոնք դատապարտել էին իր քայլերը: Նա նույնիսկ հակադրվել էր ՆԱՏՕ-ի իր գործընկերներից Ֆրանսիային, որի նախագահ Էմանուել Մակրոնը շատ խիստ քննադատել էր իր գործողությունները:

Նախագահ Դոնալդ Թրամփը չէր կարող տարածաշրջանի իր սիրելի բարեկամին օգնել, որովհետեւ զբաղված է նախընտրական արշավի գործընթացով: Պոմպեոն, մտահոգվելով, որ ՆԱՏՕ-ն կարող է մասնատվի, սեպտեմբերի սկզբներին Կիպրոս այցելեց, բայց արեւելյան Միջերկրականի երկրների ղեկավարների հետ նրա շփումները առանձնապես արդյունավետ չէին: Բայց նա հրապարակային իր ելույթում նշեց, որ Մ. Նահանգները «խիստ մտահոգված» է արեւելյան Միջերկրականում Թուրքիայի գործողությունների առնչությամբ, թողնելով, որ Էրդողանը ինքն իր գլխի ճարը տեսնի եւ փորձի կողմերի հետ բանակցելու ձեւը գտնել:

Արդյունքում, Միջերկրականում պարտված Էրդողանը վերադարձավ Կովկաս, այնտեղ շարունակելու համար իր խառնակիչ արարքները, Պոմպեոն, որ զայրացել էր Էրդողանի վրա ՆԱՏՕ-ն պառակտելու փորձի առնչությամբ, բոլորովին տարբեր վերաբերմունք կորդեգրեր, եթե նա խնդիրներ առաջացներ Ռուսաստանի քթի տակ, հատկապես ներկա ժամանակներում, երբ Կրեմլը Բելառուսի ճակատագրով է մտահոգված: Կգնա՞ Բելառուսը Ուկրաինայի ճանապարհով եւ կդառնա՞ արեւմտամետ, թե՞ ոչ:

Թուրքիան Ադրբեջանում է` հակակշռելու համար ռուսական ռազմաբազան Հայաստանում եւ հարեւան Իրանի ներկայությունը: Երկու երկրներն էլ (Ռուսաստանն ու Իրանը) Ամերիկայի թշնամիներն են: Ինչ վնաս էլ հասցնի Անկարան այդ տարածքում, ողջունելի կլինի Արեւմուտքի համար: Այնպես որ, Հայաստանին սպառնալով՝ Անկարան ուղերձ է հղում Մոսկվային: Էրդողանի խոսնակ Իբրահիմ Կալինը Հայաստանին է մեղադրել պատերազմի համար: AKP կուսակցության խոսնակ Օմեր Չելիքն էլ ավելացրել է, որ «Հայաստանը կրակի հետ է խաղում՝ վտանգելով տարածաշրջանային խաղաղությունը»:

 

Երվանդ ԱԶԱՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031