Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին նախաբժշկական օգնություն․ ինչ անել, քանի դեռ չեն հասել բժիշկները․ մաս 2

Հոկտեմբեր 03,2020 22:00

Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում անդրադարձել ենք առաջին նախաբժշկական օգնության հիմունքներին, պարզ կանոններին․ մինչ բուժօգնության ժամանումը ի՞նչ է պետք անել դժբախտ պատահարների, վնասվածքների դեպքում ու ինչի՞ց արժե խուսափել, որպեսզի տուժածի վիճակն ավելի չվատանա։

Առաջին մասը՝ այստեղ

Էլեկտրահարություն, կայծակնահարություն

Հոսանքահարվածին առաջին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է․

  • Հնարավորինս արագ դադարեցնել էլեկտրական հոսանքի ներգործությունը։
  • Եթե հնարավորություն չկա էլետրական սարքավորումն անջատելու, միջոցներ ձեռնարկել տուժածին հոսանքի աղբյուրից հեռացնելու համար։ Դրա համար անհրաժեշտ է օգտվել ցանկացած չոր, էլեկտրական հոսանք չփոխանցող առարկայից, օգնություն ցուցաբերելիս չմոռանալ սեփական անվտանգության մասին՝ ձեռքերը մեկուսացնելով ռետինե ձեռնոցներով ու չոր կտորով (բրդյա)։
  • Տուժածին դուրս հանել վտանգավոր գոտուց՝ էլեկտրալարից ոչ պակաս, քան 8 մ հեռավորության վրա։
  • Տուժածի վիճակը գնահատելով՝ ցուցաբերել առաջին նախաբժշկական օգնություն, ծանր վնասվածքների՝ շնչառության, սրտխփոցի դադարի դեպքում առաջին օգնությունը նախաբժշկական վերակենդանացումն է (սրտի մերսում, արհեստական շնչառություն՝ «բերան-բերանի»)։
  • Միաժամանակ անհրաժեշտ է շտապ օգնության բժիշկ կանչել՝ անհետաձգելի բուժօգնություն ցույց տալու և տուժածին հիվանդանոց փոխադրելու համար։

Ինչ չանել

  • Էլեկտրահարումից տուժածին օգնություն ցուցաբերելիս մոռանալ սեփական անվտանգության մասին։ Դիպչել նրան բաց, խոնավ ձեռքերով, ուշադրություն չդարձնել՝ խոնա՞վ չէ արդյոք գետինը։

Շատ զգույշ է պետք տեղաշարժվել այն տարածքում, որտեղ էլեկտրական լարն ընկած է հատակին։

Կոտրվածքներ, հոդախախտ, կապանների գերձգում, վնասվածքներ

Կոտրվածքների դեպքում անհրաժեշտ է․

Կոտրվածքը ոսկրի անատոմիական ամբողջականության խախտումն է․ կարող է լինել բաց և փակ, լրիվ և ոչ լրիվ։

  • Առաջին օգնությունը ոսկրի բեկորների անշարժացումն է հատուկ բեկակալով (շինա) կամ ձեռքի տակ եղած միջոցներով (ստվարաթուղթ, տախտակ, ճյուղեր)։ Բեկակալի տակ թողնել հագուստ բարակ շերտ։ Հագուստի մյուս շերտերն ու կոշիկները հանել այնպես, որ տուժածը չտեղաշարժվի՝ օրինակ կտրելով։
  • Բաց կոտրվածքի ժամանակ կանգնեցնել արյունահոսությունը, արյունահոսությունը դադարեցնելու և վերքն աղտոտվելուց պահպանելու համար դնել ճնշող, վարակազերծ վիրակապ։ Այնուհետև վերջույթն անշարժացնել ձեռքի տակ եղած միջոցներով։ Կանչել շտապբուժօգնություն։
  • Կոտրվածքի հատվածում կարելի է սառույց դնել՝ ցավազրկման համար։
  • Հիվանդանոց տեղափոխելիս ապահովել տուժածի հանգիստ, անշարժ դիրքը։

Ինչ չանել

  • Տուժածի հագուստը հանել սովորականի պես, եթե դա լրացուցիչ ֆիզիկական ազդեցություն կարող է գործել՝ սեղմել, ճնշել, տեղաշարժել կոտրված հատվածը և այլն։

Հոդախախտի դեպքում անհրաժեշտ է․

Հոդախախտը ոսկրերի հոդային ծայրերի լրիվ կամ մասնակի տեղաշարժն է։ Հոդախախտման պատճառ կարող են լինել հոդի բնականոն շարժումներից դուրս կատարված շարժումները, ինչպես նաև հոդին հասցված ուժեղ հարվածը։

  • Բեկակալի (ստանդարտ կամ ձեռքի տակ եղած միջոցով) օգնությամբ ապահովել վնասված հատվածի լիարժեք անշարժությունը։
  • Վնասված հատվածին սառույց դնել։
  • Տուժածին բժշկական հաստատություն տեղափոխել՝ ապահովելով վերջինիս անշարժ դիրքը։

Ինչ չանել

  • Փորձել ինքնուրույն շտկել հոդախախտը։ Դա կարող է անել միայն բուժաշխատողը։

Վնասվածքների դեպքում անհրաժեշտ է․

  • Ապահովել հանգիստ վիճակ,
  • սառույց դնել վնասված հատվածին,
  • ամուր վիրակապել

Ինչ չանել

Վնասվածքը պատել յոդով, շփել կամ տաք թրջոց դնել։

Կապանների գերձգման դեպքում հարկավոր է․

  • Վնասված վերջույթն ամուր վիրակապել ու պահել հանգիստ դիրքում։
  • Վնասված հատվածին սառույց դնել։
  • Պայմաններ ստեղծել արյան հանգիստ շրջանառության համար (մի փոքր բարձր դիրքում պահել վնասված ոտքը և այլն)։

Ինչ չանել

  • Վնասված հատվածը տաքացնել։

Գլխի վնասվածքի (ախտանշանները՝ արյունահոսություն ականջներից, անգիտակից վիճակ), գանգուղեղի ցնցման դեպքում (ախտանշանները՝ գլխացավ, սրտխառնոց, փսխում, գիտակցության կորուստ) պետք է․

  • Կայունացնել գլուխն ու պարանոցը՝ օգնողի ​​​​ձեռքերը տեղադրելով տուժածի գլխի երկու կողմերում: Գլուխը պահել ողնաշարի երկայնքով՝ կանխելով որևէ շարժում և դիմել բուժօգնության:
  • Դադարեցնել ցանկացած արյունահոսություն՝ վերքն ամուր սեղմելով մաքուր կտորով: Եթե վնասվածքը լուրջ է, խուսափել տուժածի գլուխը շարժելուց: Եթե արյունը թափանցում է կտորի միջով, չհեռացնելով այն՝ տեղադրել ևս մեկ կտոր:
  • Եթե կա գանգի կոտրվածքի կասկած, չկիրառել ուղիղ ճնշում արյունասող հատվածին: Վերքը փակել ստերիլ վիրակապով:
  • Եթե տուժածը փսխում է, շնչահեղձությունից խուսափելու համար նրան թեքել մի կողմի՝ միաժամանակ շրջելով գլուխը, պարանոցն ու մարմինը (պետք է կատարել երկու հոգով):
  • Այտուցված հատվածներին տեղադրել սառցե պարկեր:

Ինչ չանել

  • Տուժածին ինչ-որ դեղամիջոցներ տալ,
  • խոսեցնել տուժածին,
  •  թույլ տալ, որ տուժածը ոտքի կանգնի կամ շարժվի։

Ողնաշարի վնասվածքների դեպքում

Առաջին օգնություն ցուցաբերելիս անհրաժեշտ է․

  • Նվազեցնել մարմնի ցանկացած մասի շարժումները, հատկապես գլխի և ողնաշարի, համեմատաբար թեթև դեպքերում ցանկացած կոշտ գործվածքով զգուշորեն անշարժացնել պարանոցը և տեղափոխել հիվանդանոց:
  • Լուրջ վնասվածքի դեպքում չտեղաշարժել տուժածին, զանգահարել շտապօգնություն և սպասել մասնագետների գալուն։
  • Բացառել ցանկացած ծանրաբեռնվածություն ողնաշարի մկանների վրա։
  • Ապահովել լիակատար հանգստություն։

Ինչ չանել

  • Տուժածին կողքի թեքել, նստեցնել, կանգնեցնել։
  • Տուժածին պառկեցնել փափուկ, ճկուն ներքնակի վրա։

Այրվածքներ

Այրվածքների դեպքում հարկավոր է․

  • Առաջին հերթին դադարեցնել այրվածք առաջացնող գործոնի ազդեցությունը:
  • Արձակել եւ այրվածքի մակերեսից հեռացնել տաք հեղուկով ներծծված հագուստը: Եթե գործվածքը կպել է մաշկին, այն պետք չէ պոկել, որպեսզի մաշկը լրացուցիչ չվնասվի:
  • Սառեցնել այրված մակերեսը: Դեմքին կամ մարմնի այն մասերին, որոնք հնարավոր չէ սառեցնել հոսող ջրով, տեղադրել սառը թրջոց, սավան կամ այլ գործվածք: Այրվածքի մակերեսը պետք է սառեցնել առնվազն 15-20 րոպե:
  • Վարակի ներթափանցումը նվազեցնելու համար այրված մակերեսը ծածկել մանրէազերծ անձեռոցիկով կամ մաքուր գործվածքով եւ թույլ վիրակապել:
  • Եթե այրվածքը ընդգրկում է մեծ մակերես, ապա այն ծածկել մաքուր չոր սավանով կամ մազախավ չունեցող այլ մաքուր գործվածքով:
  • Շոկի զարգացումը կանխելու համար, եթե տուժածի շնչառությունը դժվարացած չէ, պառկեցնել նրան, ոտքերը բարձրացնել 20-30 սմ:
  • Եթե տուժածը գիտակից է, նրան տալ հեղուկներ՝ հյութեր, հանքային ջրեր:
  • Անհրաժեշտության դեպքում ահազանգել շտապօգնություն կամ տուժածին տեղափոխել հիվանդանոց: Հիշեք, որ բուժօգնության ուշացումը կարող է նույնիսկ մասամբ թափանցող, բայց տարածուն այրվածքների դեպքում մահվան պատճառ դառնալ: Ժամանակին ցուցաբերված ճիշտ մասնագիտական օգնությունը կարող է ոչ միայն կյանք փրկել, այլեւ նվազեցնել տառապանքները եւ այրվածքների անցանկալի հետեւանքները: Այս ամենն առավել կարեւոր է, եթե տուժածը փոքր երեխա է կամ տարեց մարդ:

Ինչ չի կարելի անել

  • Այրվածքի վրա քսել ձեթ, յուղ կամ նման այլ միջոցներ: Դրանք, պատելով այրված մակերեսը, խանգարում են ջերմատվությանը:
  • Բացել բշտերը, այլապես կմեծանա վարակի ներթափանցման վտանգը: Դիպչել այրվածքին, շնչել դրա վրա:
  • Պոկել մարմնին կպած հագուստը:

Արևահարության դեպքում հարկավոր է․

  • Տուժածին հնարավորինս արագ սառը տեղ տեղափոխել։
  • Պառկեցնել մեջքին՝ գլխի տակ կտորե կապոց դնելով։
  • Ազատել ճնշող հագուստից։
  • Գլուխն ու կրծքավանդակը թրջել սառը ջրով։
  • Սառը թրջոցներ դնել մաշկի այն հատվածներին, որտեղ շատ անոթներ են կենտրոնացված (ճակատ, գագաթային հատված)։
  • Եթե մարդու գիտակցությունը տեղն է, կարելի է նրան սառը թեյ, սառը և մի փոքր աղի ջուր տալ։
  • Եթե շնչառությունը խանգարված է և բացակայում է անոթազարկը, արհեստական շնչառություն տալ և սրտի արտաքին մերսում կատարել։
  • Ապահովել տուժածի հանգիստը։
  • Շտապ օգնություն կանչել կամ տուժածին հիվանդանոց տեղափոխել։

Ինչ չանել

  • Տուժածին անուշադրության մատնել մինչ նրան բուժօգնություն ցուցաբերելը։

Սննդային թունավորումներ

Սննդային թունավորումների դեպքում առաջին նախաբժշկական օգնության համար անհրաժեշտ է․

  • Տուժածին 3-4 բաժակ ջուր տալ, այնուհետև կալիումի պերմանգանատի թույլ լուծույթ՝ մինչև փսխում առաջանալը։
  • Ստամոքսի լվացումը կրկնել մի քանի անգամ
  • Տուժածին ակտիվացված ածուխ տալ։
  • Այնուհետև տաք թեյ տալ, պառկեցնել անկողնում (մինչ բուժօգնության ժամանումը)։

Ինչ չանել

  • Տուժածին անուշադրության մատնել մինչ բուժօգնության ժամանումը։

Ցրտահարություններ

Այս դեպքում անհրաժեշտ է․

  • Աննշան ցրտահարության դեպքում անմիջապես շփել ու տաքացնել ցրտահարված հատվածը՝ անոթների կծկումը կանխելու համար (նախապես բացառելով մաշկային ծածկույթների վնասվածքների հավանականությունը)։
  • Զգայունակության կորստի, մաշկային ծածկույթների սպիտակեցման դեպքում չի կարելի թույլ տալ ցրտահարված հատվածների արագ տաքացումը։ Վնասված հատվածները պատել ջերմամեկուսիչ վիրակապերով (բամբակյա, բրդյա)։
  • Ապահովել մարմնի ցրտահարված հատվածների անշարժությունը (կարող է բեկակալի անհրաժեշտություն առաջանալ)։
  • Ջերմամեկուսիչ վիրակապը թողնել այնքան, մինչև հայտնվի տաքության զգացումն ու վերականգնվի ցրտահարված հատվածի զգայունակությունը, այնուհետև տուժածին տաք, քաղցր թեյ տալ։
  • Մարմնի ընդհանուր ցրտահարման դեպքում անհրաժեշտ է տուժածին անմիջապես տեղափոխել մոտակա բուժհաստատություն՝ չհանելով սառցակալած կոշիկները՝ միայն ոտքերը փաթաթելով ծածկոցով։

Ինչ չանել

  • Պոկել կամ ծակել մաշկի վրա առաջացած բշտիկները, քանի որ դա կարող է թարախակալման պատճառ դառնալ։

Ջրահեղձություն

Մարդու ջրահեղձության դեպքում անհրաժեշտ է․

  • Գործել մտածված, հանգիստ ու զգույշ։
  • Շտապ բուժօգնություն կանչել։
  • Առաջին օգնություն ցուցաբերողը պետք է լավ լողալ ու սուզվել իմանա, նաև տիրապետի տուժածին տեղափոխելու հմտություններին։
  • Եթե տուժածը գիտակցությունը չի կորցրել, նրան պետք է հանգստացնել, մաշկը շփելով չորացնել, հագցնել, իսկ եթե գիտակցությունը բացակայում է, բայց անոթազարկն ու շնչառությունը պահպանված են, հարկավոր է շնչել տալ անուշադրի սպիրտ, կրծքավանդակն ազատել սեղմող հագուստից, շնչառությունն ակտիվացնելու համար կարելի է լեզուն ռիթմիկորեն ձգել։
  • Սրտի գործունեության և շնչառության բացակայության ժամանակ կիրառում են վերակենդանացման պարզագույն մեթոդներ։ Հարկավոր է ամենից առաջ և որքան հնարավոր է արագ շնչուղիներից հեռացնել հեղուկը։ Այդ նպատակով օգնություն ցույց տվողը տուժածին դնում է իր ծալած ծնկի վրա՝ գլուխը ներքև կախված վիճակում, որի շնորհիվ ջուրը դուրս է հոսում վերին շնչուղիներից և ստամոքսից։ Ջրի հեռացումից հետո արագ կատարում են արհեստական շնչառություն՝ նախապես բերանը մաքրելով ավազից, տիղմից և փսխման զանգվածից։
  • Շնչառության ու գիտակցության վերականգնումից հետո տուժածին ծածկել, տաք սուրճ կամ թեյ տալ։
  • Մինչ բժշկի գալն ապահովել լիակատար հանգստություն տուժածի համար։

Ինչ չանել

  • Անգամ եթե տուժածի ինքնազգացողությունը լավ է, նրան չի կարելի մենակ թողնել մինչ բուժօգնության ժամանումը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031