Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան որեւէ միջնորդական դեր ստանձնել չի կարող եւ չի ստանձնելու»

Հոկտեմբեր 03,2020 13:30

«Թուրքիան հենց այդ բացի վրա է այժմ շեշտը դնում: Գուցե նաեւ դրանո՞վ են պայմանավորված Թուրքիան բանակցային գործընթացում ներգրավելու հնարավորությանը նվիրված ներհայկական խոսակցությունները». «Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

– Պարոն Մելիքյան, նույնիսկ այս օրերին Երեւանում տեսակետներ կամ առաջարկներ են հնչում՝ ԵԱՀԿ Մինսկի ձեւաչափը փոխելու մասին: Ի դեպ, դա մի տարբերակ է, որին Թուրքիան ձգտում է 20 տարուց ավելի՝ հույսով, որ ձեւաչափի փոփոխության արդյունքում ինքը նույնպես կներգրավվի արցախյան կոնֆլիկտի կարգավորման գործընթացում: Նման հնարավորություն տեսնո՞ւմ եք կամ, այս օրերին Երեւանից հնչող նման տեսակետերն ինչպե՞ս բնութագրել:

– Թուրքիան Մինսկի խմբի անդամ պետություն հանդիսանալով այժմ դարձել է հակամարտության անմիջական մասնակից, ուստի որեւէ միջնորդական դեր ստանձնել չի կարող եւ չի ստանձնելու: Դատելով Անկարայի գործողություններից, վերջինս նախապատրաստում է Ադրբեջանի միավորումը Թուրքիային՝ սեփական ինքնիշխանությունից քայլ առ քայլ հրաժարվելու եւ այն աստիճանաբար Անկարային փոխանցելու միջոցով: Այս գործընթացը արդեն սկսվել է ռազմական ոլորտից՝ Թուրքիային է հանձնված համատեղ օդուժի հրամանատարությունը, իսկ զինված ուժերում ներքին անվտանգության հարցերը մտնում են թուրքական հակահետախուզության անմիջական իրավասությունների մեջ:

Ես ցավում եմ, որ ՀՀ ոչ նախկին եւ ոչ էլ գործող իշխանություններն այդպես էլ չկարողացան կամ չցանկացան ըմբռնել իմ կողմից արված նախազգուշացման կարեւորությունը մեր բանակցային մոտեցումների տարածքային բաղադրյալի բացառիկ խոցելիության վերաբերյալ: Այդ բացը վերացնելու ժամանակն ու հնարավորությունը մենք ունեինք ու ոչինչ չարեցինք: Բանակցային սեղանի շուրջ մենք այդ անգործության պտուղները կճաշակենք, եթե շարունակվի այդ պահվածքը: Թուրքիան հենց այդ բացի վրա է այժմ շեշտը դնում: Գու՞ցե նաեւ դրանով են պայմանավորված Թուրքիան բանակցային գործընթացում ներգրավելու հնարավորությանը նվիրված ներհայկական խոսակցությունները:

– Արդեն մի քանի օր է մարտական գործողությունները շարունակվում են, միջազգային տարբեր կառույցներ կրկին կրավորական կեցվածք դրսեւորեցին:

– Ես միջազգային հանրության կեցվածքը կրավորական չէի կոչի. հակամարտության շրջանակներում Ադրբեջանի նախաձեռնությամբ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա նիստն ու դրան հաջորդած ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը, որում կոչ է արվում հակամարտությանը մասնակից կողմերին առանց նախապայմանների դադարեցնել կրակն, իսկ պաշտոնական Բաքվին ու Երեւանին՝ վերսկսել բանակցությունները, ասածիս վկայությունն են: Այդուհանդերձ, պետք է ասեմ նաեւ, որ այդ հայտարարությունն, այնուամենայնիվ, ժամկետանց է եւ հաշվի չի առնում այն, որ շնորհիվ Հայաստանի դեմ ուղղված Թուրքական օդուժի հարձակումների, հակամարտության բնույթն անդառնալիորեն փոխվել է եւ, ինչպես ժամանակը ցույց կտա, մոտ ապագայում այլեւս անհնար է լինելու վերադառնալ հակամարտության կարգավորման նախկին բանաձեւերին: Մեր տարածաշրջանն այժմ արմատական փոփոխությունների շեմին է եւ դրանք իրենց հստակ արտացոլումը կստանան նաեւ համանախագահող պետությունների, ԵՄ, Իրանի եւ Թուրքիայի հետագա գործողություններում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031