Ասում է Գործարարների ու արդյունաբերողների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը
«Եթե նույնիսկ, այսօր պատերազմ է` չի նշանակում, որ տնտեսության որեւէ ճյուղ պետք է կանգ առնի կամ` բոլորս դեպի ռազմաճակատ գնալով չպետք է այնպես անենք, որ կանգնեցնենք տնտեսության բնականոն ընթացքը»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Գործարարների ու արդյունաբերողների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանն՝ անդրադառնալով պատերազմական դրությունով պայմանավորված մեր երկրում ստեղծված իրավիճակին:
Նրա խոսքով՝ տնտեսական այն ձեռնարկությունները, որոնք պետք է աշխատեն, պետք է շարունակեն բնականոն հունով աշխատել:
«Քաղաքական գործիչները, տնտեսագետները, ձեռներեցները սոցիալական ցանցերում կոչ են անում՝ շարունակել մեր բնականոն աշխատանքը: Ամեն մեկն իր աշխատանքը պետք է կատարի, եթե մարդն այսօր պետք է գնա ինչ-որ բան արտադրելու, ինչ-որ բան նորոգելու, վաճառելու կամ՝ սպասարկման ծառայություն մատուցելու, ապա այդ բոլորը պետք է բնականոն հունով աշխատի եւ տնտեսությունը չկանգնի: Հակառակը պետք է լծվենք աշխատանքի եւ մտածենք՝ ինչ պետք է անենք, որ ավելի շատ ծաղկուն տնտեսություն ունենանք»,-ասաց մեր զրուցակիցը՝ պատասխանելով հարցին՝ զինվորի թիկունքն ամուր պահելու, տնտեսությունը աշխուժացնելու, կայուն պահելու համար ի՞նչ է անհրաժեշտ: Պարոն Կարամանուկյանին հարցրինք նաեւ՝ ստեղծված իրավիճակում ինչպիսի՞ ներդրումներ են մեզ անհրաժեշտ:
Կարդացեք նաև
«Ներդրումները մեկվայրկյանական որոշում չեն կարող լինել, դրանք լինում են երկարաժամկետ. մարդ, եթե ինչ-որ ներդրում պետք է անի, երկար մտածում է՝ որ ճյուղում՝ ինչ ներդրում կատարի, որպեսզի հետագայում այդ ներդրումից ստանա օգուտ, շահույթ եւ իր աշխատակիցներին կարողանա ապահովել աշխատանքով: Այսինքն՝ պատերազմի հետեւանքով չպետք է մարդը որոշի ներդրում կատարել թե՝ ոչ: Հակառակը պատերազմի դեպքերում ներդրումները մեծ մասամբ ավելի կրճատվում են, որովհետեւ, մարդիկ վախենում են ներդրում անել՝ հետագա վտանգներ տեսնելով»:
Ներսես Կարամանուկյանը գտնում է, որ Հայաստանը մեծ պոտենցիալ ունի գյուղմթերքի վերամշակման, տուրիզմի, դեղագործության, ոսկերչության ու ադամանդագործության ոլորտներում, կրթության ծառայություն մատուցելու եւ որ ամենակարեւորն է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու: Ըստ նրա, այդ ոլորտներից մի մասն արտարժութային հոսքեր կապահովեն մեր երկրին. «Չնայած, որ զբոսաշրջության ոլորտը դեռեւս այս պատերազմից առաջ էր անկում ապրել: Ճիշտ է, մոտ ժամանակներս տուրիզմի հոսքեր հնարավոր է չունենանք, բայց մենք չպետք է դադարեցնենք այդ ճյուղերի զարգացումը: Պետք է աջակցենք, որ այդ ճյուղերը, որոնք այդ վիճակում հայտնվել են ոչ միայն այս պատերազմի, այլ առաջինը կորոնավիրուսի հետեւանքով, շարունակեն իրենց գոյությունը պահպանել՝ հետագա զարգացումներ ապահովելու համար: Համոզված եմ, որ կզարգանան տնտեսության այն ոլորտները որոնք ունեն մրցակցային առավելություններ»:
Նրա համոզմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու մեծ ներուժ կա մեր երկրում. «Պետք է խթանել՝ շարունակել զարգացնել, հատկապես՝ այն ընկերությունները, որոնք ունեն հայկական արդեն իսկ գրանցված արժեքներ: Տեղեկատվական տեխնոլոգիաների մեծ խումբ ընկերություններ ծառայություններ են մատուցում ավելի խոշոր՝ օտարերկրյա ներդրողներին կամ ներդրումային ընկերություններին կամ ընկերություներին, բայց արդեն ունենք հայկական ընկերություններ, որոնք հայկական ապրանքանիշով են: Տեղեկատվական տեխնոլոգիաներում մենք պետք է զարգացնենք մեր ապրանքանիշերը»:
Ներսես Կարամանուկյանի խոսքով, ներկա իրավիճակում ունենք շատ ոլորտներ, որոնք կարող են ունենալ մրցակցային առավելություններ համաշխարհային մակարդակով, որոնցից մեկը հանքարդյունաբերությունն է, որի արտադրանքը՝ մոլիբդենը, պղինձը, ոսկին, միջազգային շուկաներում վաճառվելիս, խոչընդոտների չի հանդիպի. «Հայաստանը պետք է հանքարդյունաբերությունը զարգացնի՝ լինեն մետաղական, քարի եւ այլ հանքեր: Պետք է շարունակենք որոնել գազ եւ նավթ Հայաստանի Հանրապետությունում, եւ եթե գտնենք, շատ լավ կլինի եւ կարծում եմ կգտնենք: Ես բազմիցս իմ հարցազրույցներում նշել եմ, որ «Լիդիանն» այսօր պետք է աշխատելիս լիներ: «Լիդիանի» բաժնետերերից մեկը օրերս հարցազրույց տվեց եւ ասաց, որ, եթե «Լիդիանն» այսօր աշխատելիս լիներ, ոսկու գների այսօրվա պայմաներում 150 միլիոն դոլար հարկեր վճարած կլիներ՝ չհաշված այն հարկերը, որոնք «Լիդիանի» աշխատակիցները պետք է վճարեին իրենց եկամտահարկերի տեսքով: Չհաշված այն բիզնեսները, որոնք կստեղծվեին այդ հանքի շուրջ՝ մատակարարումներ եւ ծառայություներ մատուցելով»:
Պարոն Կարամանուկյանից հետաքրքրվեցինք՝ գտնում եք, որ ներկա իրավիճակում պետությունը պե՞տք է վերանայի իր դիրքորոշումը «Լիդիանի» հարցում, որը չնայած դեռ հստակ չի էլ հայտնել, բայց փաստ է, որ հանքը չի շահագործվում, մեր զրուցակիցն ի պատասխան, ասաց՝ «Ոչ միայն այս պայմաններում, այլ խաղաղ պայմաններում էլ պետք է վերանայված լիներ այդ որոշումը եւ պետությունը պետք է ջանք գործադրեր, որ այդ հանքը շահագործվեր եւ ոչ թե անտարբեր մնար եւ թույլ տար ինչ-որ խումբ մարդկանց, որոնք, իմ կարծիքով, ունեն իրենց անձնական շահերը, խաթարեն հանքի շահագործման բնականոն գործունեությունը»:
Ներսես Կարամանուկյանը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը. «Վարչապետն իր ելույթներից մեկում ասաց, որ հանքարդյունաբերությունը տնտեսության այն ոլորտն է, որը ճգնաժամային վիճակներում ապահովում է Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ հոսքերով՝ օտարերկրյա արժույթի տեսքով: Մենք չենք կարող թույլ տալ, որ հանքարդյունաբերությունը չզարգանա Հայաստանում, որովհետեւ այսպիսի պատերազմական իրավիճակներում ամենալավ վաճառվող ապրանքը հայկական հանքարդյունաբերության արտադրանքն է»:
Մեր զրուցակիցը նաեւ կարծում է, որ պետք է շարունակենք էներգետիկ հզորությունների զարգացումը, եւ, վերջապես Արաքս գետի վրա իրագործենք հայ-իրանական ՀԷԿ-ի շինարարությունը, որի մասին տարիներ շարունակ խոսվում է: Ինչը նաեւ էներգետիկ անվտանգություն կապահովի մեր տարածաշրջանում:
Պարոն Կարամանուկյանը, չնայած այս պատերազմական իրավիճակին, պատեհ պահ է համարում Հայաստան-սփյուռք հարաբերությունները նոր մակարդակի բերելը:
Մատնանշելով Հայաստան համահայկական հիմնադրամին կատարած ֆինանսական նվիրատվությունները, որոնց հասցեատերերը հիմնականում գործարարներն են, որոնք ներկայացնում են հանքարդյունաբերության, ծխախոտագործության եւ այլ ոլորտներ, պարոն Կարամանուկյանը գտնում է, որ պետք է խրախուսենք ոչ միայն նվիրատվությունները, այլեւ նոր մակարդակի բերելով Հայաստան-սփյուռք հարաբերությունները՝ ապագայում նաեւ սփյուռքից ներդրումներ ներգրավենք մեր տնտեսության մրցունակ ճյուղերում, որպեսզի այն զարգանա. «Պետք է ներդրումային ոլորտն ավելի թափանցիկ դարձնենք, ներդրումային միջավայրը բարելավենք եւ առավել արդյունավետ ու գրավիչ դարձնենք: Գրավչությունը բաղկացած է բիզնեսի վարման եւ բիզնեսի պաշտպանության տարբեր քայլերից: Պետք է ներգրավենք օտարերկրյա ուղղակի ներդրումներ: Սա առիթ է, որ մենք կոչ անենք սփյուռքում մեր ներդրողներին նաեւ մեր հայրենակիցններին, որ ներդրումները շարունակեն: Կարծում եմ պատերազմը երկար չի տեւելու, մենք հաղթելու ենք եւ պետք է վերականգնենք մեր տնտեսությունը, ներդրումներ կատարենք, հատկապես՝ մեր ենթակառուցվածքներում: Իսկ ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելու համար պետությունը գուցե պետք է դիմի մեր արտաքին պարտքն ավելացնելուն, որպեսզի պետությունն ինքը կարողանա ենթակառուցվածքները նորից վերականգնել, հատկապես Արցախում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.10.2020