Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-եզդիական բազմաթիվ կամավորական ջոկատներ արդեն Արցախում են

Հոկտեմբեր 03,2020 12:30

Թեկուզ զոհվենք հանուն մեր հայրենիքի, հանուն մեր ապրելու

Աստված օրհնի մեր պաշտպաններին, մեր երկրի, ինչու չէ՝ նաեւ տարածաշրջանի անվտանգության եւ խաղաղության երաշխավորներին՝ Հայաստանի Բանակին։ Ինչպես գիտենք՝  2020թ. սեպտեմբերի 27-ին մեր «հարեւան» Ադրբեջանը հարձակվել եւ լայնամասշտաբ պատերազմ է հայտարարել Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության սահմանին։ Հրետակոծել մի շարք քաղաքացիական բնակավայրեր, նույնիսկ Հայաստանի տարածքում։ Ադրբեջանն ու Թուրքիան, որ կանգնած է Ադրբեջանի թիկունքում, կորոնավիրուսից տուժած տարածաշրջանին հայտարարում են պատերազմ։ Որը մեզ համար բացարձակապես անընդունելի է եւ դատապարտելի։ Թուրքիայի ակտիվ դերակատարումը պետք է դատապարտվի «միջազգային հանրության» կողմից, չէ՞ որ ՆԱՏՕ-ի անդամ երկիր է։ Իսկ «միջազգային հանրությունը», չգիտես ինչու, դանդաղում է։ Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այսօր աշխարհում անարդարությունն ու անպատժելիությունն իշխող են դարձել։ Աշխարհի մեծամեծեր, կույր մի ձեւացեք, ժամն է դատապարտել Ադրբեջանի սադրանքը, ագրեսիան։ Ցավալի է, որ դուք լիարժեք չեք տեսնում, թե ձեր այդ քաղաքականությունն ուր է տանում եւ ինչով կվերջանա։ Ընտրեք հստակ դիրքորոշում եւ մեր տարածաշրջանը կարճ ժամանակում փրկեք այս չհայտարարված պատերազմից։ Պատերազմական վիճակը մնում է գերլարված, մարտերը շարունակվում են եւ թեժանում են Արցախում, բացահայտ թիրախավորել է նաեւ քաղաքացիական բնակչությանը։ Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանին եւ հերթական անգամ ուզում է իրագործել իր նոխկալի «երազանքը»։

Կոչ եմ անում «միջազգային հանրությանը», աշխարհի գերհզորներին՝ անհապաղ միջամտել եւ ոչ թե տարբեր, անիմաստ եւ անիրագործելի հայտարարություններ անել։ «Միջազգային հանրություն», հավատացեք՝ Թուրքիան Ադրբեջանին մատակարարում է զենք եւ զինամթերք, Սիրիայում հավաքագրում է ահաբեկիչների եւ ուղարկում է ԼՂՀ, փոխանակ զերծ մնա իրավիճակի էլ ավելի լարումից եւ ինչպես ժողովուրդն է ասում՝ «յուղ չլցնել» հակամարտության կրակին։ Մեծ անհանգստություն է առաջացնում Թուրքիայի աջակցությունը։ Մեր «հարեւան» Թուրքիա եւ «միջազգային հանրություն», եղեք խոհեմ եւ կողմերին վերադարձրեք քաղաքական եւ դիվանագիտական լուծման ճանապարհ։ «Լավ» հարեւանը, որպես կանոն, կյանքում այդպես է վարվում։ Հարգելի  «հարեւան» Թուրքիա, բանականությունն ասում է, որ միջադեպերի եւ վեճերի միակ լուծումը երկխոսությունն է, թե չէ՝ մենք հարյուր տարի հետո այլեւս «հանձնվել» չգիտենք։ Հավատացնում եմ ձեզ, որ մոտ ապագայում դուք կզղջաք ձեր այդ քայլերի եւ պահվածքի համար։ «Հարեւան» Թուրքիա, հավատացեք՝ մեզ բոլորիս հարկավոր է կրակի եւ ռազմական գործողությունների դադարեցում, թե չէ գոյության ընթացքում մենք շատ ավելի դաժան փորձությունների միջով ենք անցել, փառք ու պատիվ Հայոց Բանակին, մեր հաղթող զինվորին, որն այս անգամ շատ ու շատ վճռական է տրամադրված, քաջ գիտի, որ պատմությունը նոր չի լինում, այլ հնի կրկնությունն է։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումները ցույց են տալիս, որ պատերազմից ոչ մեկը չի օգտվել ու չի օգտվելու եւ չի կարելի արտաքին քաղաքականությունը վարել՝ ելնելով էթնիկ պատկանելությունից, մանավանդ՝ որի հետեւանքով մարդիկ են մահանում։

Այսօր ոչ ոք չի փորձի հերքել այն փաստը, որ Հայաստանը մեր երկրորդ հայրենիքն է, մեր ընդհանուր տունը եւ մենք չենք պատրաստվում շատ դռներ բախենք Ադրբեջանի եւ Թուրքիայի նախճիրը ներկայացնելու եւ հիմնավորելու համար։ Մենք ինքներս կօգնենք մեզ, որովհետեւ Աշխարհն օգնում է նրան, ով առաջին հերթին ինքն է իրեն օգնում։ Հայ-եզդիական բազմաթիվ կամավորական ջոկատներ արդեն Արցախում են, մեզ մնում է ասենք՝ անփորձանք վերադառնաք։ Հավատացեք՝ հեռավոր ճանապարհները սկսվում են մոտիկից։ Այսօր մեր հայաստանցիներիս ցավն ահավոր է, բայց թույլ չենք տա, որ անցյալը մեզ սպանի, որովհետեւ մենք եղել ենք, կանք ու կլինենք։ Մենք պետք է ապրենք եւ արարենք։ Մեր զինուժը հզոր է, մարտունակ եւ մենք կպարտադրենք հավասարակշռված դիրքորոշումը եւ խաղաղությունը հակառակորդին։ Հարգանք, հավերժ հիշատակ մեր զոհերին։

Ամո ՇԱՐՈՅԱՆ

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում հ/կ խորհրդի նախագահ

«Առավոտ» օրաթերթ
02.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031