«Այսօր Ստեփանակերտը առաջին անգամ շատ խոշոր հրթիռային միջոցներից հարվածներ է ստացել: Նախքան այդ էլի Ստեփանակերտը որոշակի հարվածներ ստացել է, բայց դրանք այս տրամաչափի զենքերից չեն եղել» ,-այսօր այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանը, նախնական տվյալներով, 4 հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, ինչի արդյունքում տուժել են բնակիչներ, ԱԻՆ ծառայության շենքն է լրջորեն վնասվել. «Ակնհայտ է, որ դա դիտավորյալ ու թիրախավորված հարված է եղել: Ադրբեջանը նպատակային կերպով թիրախավորել է մարդասիրական գործառույթ իրականացնող մարմին, այսինքն՝ ԱԻն ծառայությունը, ինչի հետեւանքով, նախնական տվյալներով, 7 վիրավոր կա, վիրավորներից մի քանիսի վիճակը բավականին ծանր է»:
Արտակ Բեգլարյանի խոսքով, հակառակորդը երեկոյան կրկին երեք հրթիռ է արձակել Ստեփանակերտի այլ հատվածների ուղղությամբ, տուժել են քաղաքացիներ ու քաղաքացիական օբյեկտներ: ՄԻՊ-ի ունեցած նախնական տվյալներով ՝առնվազն չորս վիրավոր կա, կա նաեւ զոհ, ինչի մասին, ըստ նրա, լրացուցիչ տեղեկություններ կհայտնեն վաղը:
Անդրադառնալով Մարտակերտում լրագրողներին տեղափոխող ավտոբուսի թիրախավորմանը՝ պարոն Բեգլարյանն ասաց, որ կատարվածը երեկվա դեպքի հաջորդականությունն է, երբ Մարտունիում կրկին լրագրողներ էին թիրախավորվել. «Լրագրողների հանդեպ այս ուղիղ նպատակային թիրախավորումը, բնականաբար, պետք է խստագույն արձագանք ստանա, քանի որ սա ոչ միայն քաղաքական ու դիվանագիտական հարց է, այլեւ՝ իրավական: Նույնիսկ կասկած ունեմ, որ Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորումը նպատակ ունի նրանց դուրս մեղել պատերազմական գործողությունների դաշտից, որ չկարողանան օբյեկտիվ կերպով ներկայացնեն իրավիճակը, Ադրբեջանի կողմից կատարվող պատերազմական հանցագործությունները քաղաքացիների հանդեպ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ