Եվրոպական խորհրդարանի անդամներն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների մասին հարց են բարձրացրել
2 Հոկտեմբեր, Բրյուսել – Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ստելիոս Կիմպուրոպուլոսի նախաձեռնությամբ խորհրդարանի 24 պատգամավոր գրավոր հարցում է հղել Եվրոպական միության խորհրդի նախագահ Շարլ Միշելին՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ:
Եվրապատգամավորները մասնավորապես հարցնում են, թե արդյոք ԵՄ-ը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել ԵՄ խորհուրդն Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջինս դադարի ռազմական գործողությունները և Արցախից դուրս բերի իր զորքերը:
Մեկնաբանելով Եվրոպատգամավորների գրավոր հարցումը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանն ասաց. «Այս գրավոր հարցումը Եվրոպական խորհրդարանի անդամների բազում նախաձեռնություններից միայն մեկն է: Եվրախորհրդարանում այլևս գիտակցում են, թե ով է այս պատերազմը սանձազերծել։ Բացի բառացիորեն երկու պատգամավորից, որոնք հայտնի են տարբեր դրդապատճառներով իրենց ադրբեջանամետ դիրքորոշմամբ, Եվրախորհրդարանում Ադրբեջանին սատարող որևէ հայտարարություն չի հնչել»:
Կարդացեք նաև
Եզրափակելով՝ Կարապետեանը նշեց․ «Եվրոպայի Հայ դատի գրասենյակը և իր հանձնախմբերը թե՛ Բրյուսելում, թե՛ տարբեր Եվրոպական երկրներում շարունակում են քաղաքական գործիչների իրազեկման ակտիվ աշխատանքները»։