«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանը վիրավորում է ստացել պատերազմական գործողությունների ընթացքում՝ Հադրութում: Նրան երեկ վիրահատել են:
Aravot.am-ի հետ զրույցում նրա ընկերը, «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության հիմնադիրներից Հովհաննես Հարությունյանը նշեց, որ այսօր նրան տեղափոխել են պալատ ու մանրամասնեց. «Շտապօգնության մեքենայով Մանուելին տեղափոխել են Երևան, երեկ վիրահատությունն արվել է, ամեն ինչ նորմալ է: Փառք Աստծո, Մանուելն իրեն լավ է զգում: Վնասվածքը եղել է բեկորային՝ ձեռքերին ոտքին: Մատները, ձեռքերը շարժվում են, ոտքը շարժվում է: Ական է պայթել, բեկորները երկու ձեռքերի, ոտքի մեջ են մտել, ոտքը, ձեռքերը վիրահատել են, լրիվ բեկորները մաքրել: Փառք Աստծո, մկանները կտրված չեն»:
Մանուել Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը և նրանց ընկեր, «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության հիմնադիրներից Արտակ Մարգարյանը միասին են մեկնել Արցախ: Ցավոք, Արտակ Մարգարյանը զոհվել է:
Հովհաննես Հարությունյանն ասաց, որ Մանուելի վիրավորման պահին ինքը Հադրութում չի եղել, Ստեփանակերտ գնալիս է եղել. «Ես Հադրութից դուրս եմ եկել, իրենց հետ եղել է այդ դեպքը՝ առաջնագծում: Ես Հադրութից գալիս էի Ստեփանակերտ, որ իրենք էլ գային մեքենայով ինձ մոտ»:
Կարդացեք նաև
Հովհաննես Հարությունյանը հայտնեց, որ մոտ օրերս Մանուել Մանուկյանին դուրս կգրեն հիվանդանոցից:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Մանուել Մանուկյանի եղբոր՝ Սամվել Մանուկյանի ֆեյսբուքյան էջից: