Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս վարվել օդային տագնապի ժամանակ. անհրաժեշտ գործողություններ

Հոկտեմբեր 02,2020 22:40

ԱԻՆ Փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը ներկայացնում է, թե ինչպիսի գործողությունների պետք է դիմել օդային տագնապի ժամանակ: Լրագրողների հետ հանդիպմանը նա մանրամասնեց. «Օդային տագնապի ժամանակ, եթե գտնվում եք տանը, անհրաժեշտ է  հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերցնել առաջին անհրաժեշտության իրեր, առարկաներ, որոշ քանակությամբ սնունդ, ջուր, փաստաթղթեր, անձամբ հագնվել, հագցնել զավակներին և ծերերին ու առանց խուճապի մատնվելու ուղևորվել դեպի մերձակա պաշտպանական կառույցներ»:

Էդան Սնգրյանը նաև նշեց, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել դրսում գտնվելու ժամանակ. «Անհապաղ գնահատեք իրավիճակը, առանց խուճապի մատնվելու որոշեք ամենամոտ տարածքը, եթե կան մերձակա պաշտպանական կառույցներ, ուղևորվեք այդ պաշտպանական կառույցներ: Եթե գտնվում եք տրանսպորտային միջոցներում, պետք է անվտանգ կանգնեցնել տրանսպորտային միջոցը, չխոչընդոտել վարորդներին և երթևեկության կանոնները և դուրս գալ հնարավոր կարճ ճանապարհով, ուղևորվել դեպի մերձակա պաշտպանական կառույցները: Եթե գտնվում եք աշխատավայրում կամ հանրային այլ տարածքներում, հետևեք տրվող հաղորդագրություններին, եթե չկան այդպիսի հաղորդագրություններ, նույնպես առանց խուճապի մատնվելու դուրս եկեք այդ տարածքներից և ուղևորվեք մերձակա պաշտպանական կառույցներ:

Եթե գտնվում եք արդյունաբերական ձեռնարկությունում, ապա առաջնորդվեք դրանցում սահմանված կանոնակարգերով: Հաջորդականությունը նույնն է՝  կենսաապահովման համակարգերի անջատում, եթե կան տեխնիկական գծեր, որոնք հնարավոր չէ անջատել, բերել անվտանգ աշխատանքային ռեժիմի, այնուհետև լքել արդյունաբերական տարածքները: Եթե գտնվում եք բնակավայրերից դուրս, օգտագործեք տեղանքի առանձնահատկությունները. դրանք կարող են լինել տարբեր ջրատարներ, խորացված այլ կառույցներ, խորշեր՝ տեղանքի առանձնահատկություններից ելնելով այլ տեղական մարմիններ, որոնք կբարձրացնեն ձեր պաշտպանական մակարդակը»:

ԱԻՆ Փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության պետը հիշեցրեց, որ պաշտպանական կառույցներն են նկուղները, կիսանկուղային հարկերը, մետրոպոլիտենը, ստորգետնյա այլ կառույցներ, ստորգետնյա ավտոկայանատեղի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031