ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
«Համանախագահները խստորեն դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում՝ շփման գծից հեռու գտնվող թիրախների նկատմամբ շարունակվող բռնությունը, ինչպես նաև ահազանգում են ավելացող քաղաքացիական զոհերի կապակցությամբ: Քաղաքացիներին թիրախավորելը և սպառնալը որևէ պարագայում ընդունելի չէ: Համանախագահները կողմերին կոչ են անում լիարժեք կերպով հետևել քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու իրենց միջազգային պարտավորություններին:
Համանախագահները նաև ընդգծում են, որ արտաքին ուժերի մասնակցությունը ուժգնացող բռնությանը խաթարում է տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելու ջանքերը:
Հիշեցնելով համանախագահ երկրների նախագահների՝ հոկտեմբերի 1-ի հայտարարությունը՝ համանախագահները ևս մեկ անգամ կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել սուբստանտիվ բանակցություններ՝ հիմնված բարեխղճության վրա և առանց նախապայմանների:
Կարդացեք նաև
Համանախագահները նաև խստորեն կոչ են անում անհապաղ մարդասիրական զինադադար կնքել՝ ապահովելու համար զոհված զինծառայողների մարմինների փոխանակումը՝ ԵԱՀԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ գործակցությամբ»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ