«Նախորդ 24 ժամերի տվյալով՝ հակառակորդի կրած կորուստներն են՝ 540 սպանված, ավելի քան 700 վիրավոր ունի, բոլոր տեսակները միասին վերցված՝ նաև անվավոր զինված ուժերը, կորցրել են մոտ 45 միավոր զրահատեխնիկա, վեց ինքնաթիռ, որոնցից մեծ մասը օդում չեն խոցվել, 3 ուղղաթիռ և վեց ԱԹՍ»,- քիչ առաջ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա մտահոգություն հայտնեց, որ արդեն երկու-երեք օր է՝ հակառակորդն ընտրել է խաղաղ բնակչության թիրախավորման մարտավարությունը՝ մեծ տրամաչափի զենքերից: Այսօրվա տվյալները ներկայացնելով՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Այսօր հեռավար հրթիռային միջոցներով հարվածեցին երկու անգամ Հադրութին, երկու անգամ Ստեփանակերտին, որից տուժել են մեծ թվով խաղաղ բնակիչներ, շինություններ, քաղպաշտպանության ինստիտուտներ, ենթակառուցվածքներ: Թիրախավորել են այլ մեծ ու փոքր բնակավայրեր, ենթակառուցվածքները»:
Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ այս պահին իրավիճակը շարունակում է մնալ լարված. մարտերը շարունակվում են՝ հյուսիսն ու հարավն են նույն ծանրության ուղղությունները: Նա ասաց, որ մեր զինված ուժերը շարունակում են հիմնականում պաշտպանողական, որոշ տեղերում նաև այլ բնույթի մարտական գործողություններ: Հարցին՝ հայ- ադրբեջանական սահմանին ի՞նչ իրավիճակ է, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Մինչև այս պահը ամբողջ սահմանի երկայնքով համեմատաբար հանգիստ էր՝ չենք դիտարկում այսօր առավոտվա և երեկվա դեպքերը, դրանից հետո այլ մարտական գործողություններ չեն եղել: Համեմատելի չէ իրավիճակը Արցախի սահմանում և Ստեփանակերտում տեղի ունեցածի հետ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ